HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինքնասպանության վարկածը հորինված է, մեր տղային սպանել են»

Թալինում ծնված Արման Մուրադյանն, ավարտելով դպրոցը, ընդունվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, սովորել գերազանց: Այնուհետև մեկ ու կես տարի սովորելուց հետո՝ 2011թ. զորակոչվել է բանակ, 2012-ից տեղափոխվել է Մարտակերտ, ծառայել ԼՂ բանակում: Սակայն 20-ամյա Արմանն այդպես էլ չի վերադարձել տուն: Անցյալ տարի հուլիսի 30-ին նրա դին հայտնաբերվել է դիրքերում՝ հրազենային վնասվածքով: Արմանի ծնողներին հայտնել են, թե իրենց որդին ինքնասպան է եղել, բայց նրանք ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր չեն հավատում այդ վարկածին: Նրանք պնդում են, որ որդուն սպանել են: 

«3 ամիս էր մնացել Արմանի ծառայությանը, պատրաստվում էինք դիմավորել… Մեր տղան ո՛չ խեղճ էր, ո՛չ կոտրվող, գերազանց սովորող, կյանքը սիրող, հայրենիքը սիրող մարդ էր: Սերժանտ էր, շատ բարձրահասակ, ուժեղ տղա: Տեսեք, թե բանակից ուղարկած ամեն նկարի հետևում ինչ բանաստեղծություններ է գրել հայրենիքի մասին, ծառայության մասին»,- պատմում էր «Հետքի» խմբագրություն եկած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը: 

Դեպքից 5 օր հետո՝ 2013-ի օգոստոսի 5-ին, ձերբակալվել է գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը: Մայորին մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 358.1. հոդվածի 2 մասով, (զինվորական ծառայության պարտականությունների կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը), 358.1.հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որոնք կատարվել են 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 375-րդ հոդվածի 1-ին մասով ( պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):  

«Մեր տղան նպատակադրվել էր գալ, շարունակել ուսումը Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, ուզում էր լավ մասնագետ դառնար, ծառայեր ժողովրդին: Բայց չթողեցին: Ես իմ սեփական հետաքննությունն եմ արել մեկ տարի շարունակ ու պարզել եմ, որ Արմանին սպանել են: Բայց այն զինվորները, ովքեր ուզեմ են խոսեն, զորացրվել են արդեն, ծնողները վախից նրանց երկրից դուրս են տանում»,- «Հետքին» պատմեց Հովսեփ Մուրադյանը

Ըստ Հովսեփ Մուրադյանի՝ իր որդու սպանությամբ ցանկացել են փոխել զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին, ով դեպքի հաջորդ օրը վայր է դրել հրամանատարությունը, սակայն մեկ այլ տեղ է նշանակվել հրամանատար: Թեպետ Գրիգորյանը, մամուլում հարցազրույց տալով, հերքել էր, որ իր տեղափոխման հետ է կապված սերժանտ Մուրադյանի մահը, այդուհանդերձ Արմանի հայրը դեռ շարունակում է տղայի մահվան հանգամանքները կապել զորամասի արդեն նախկին հրամանատարին փոխելու  հետ: «Սմբատ Գրիգորյանն  օգոստոսի 1-ին ինձ ասաց, որ պատրաստ է ամեն ինչ անել, որ որդուս մահվան հանգամանքները բացահայտվեն, բայց հետո իմացա, որ նույն օրը իրեն փոխել են»,- ասաց Հովսեփ Մուրադյանը: 

Նշենք, որ անցյալ տարի Արման Մուրադյանի մահը նույն զորամասում առաջինը չէր, այլ՝ երրորդ դեպքը: 2013թ. մարտի 20-ին մահացել էր զինծառայող Վոլոդյա Ավագյանը, իսկ ապրիլի 19-ին՝ Րաֆֆի Մարաշյանը: 

«Բռնություն, ծեծ է եղել Էմիլ Ավետիսյանի կողմից, ինչի մասին վկայել են զինվորները: Ամսի 30-ին Էմիլը մտել է բլինդաժ, ծեծելով զինվորներին, Արմանին էլ է ծեծել, խլել է որդուս ամրակցված զենքը ու կրակել նրան: Ես չեմ նշում այն զինվորների անունները, որոնք ինձ ինֆորմացիա են տվել, վախենում եմ, որ այդ երեխաներին էլ կվնասեն»,-պատմեց մահացած սերժանտի հայրը: 

Այս պահին նախաքննությունն ավարտված է, դատավարություն է ընթանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Ստեփանակերտ: Սակայն տուժողների իրավահաջորդներին պատշաճ չեն ծանուցել, որ դատական նիստերը մայիսից սկսված են: 

«Իրենք նիստը անում են, 2 օր հետո նոր նամակ ենք ստանում, որ 2 օր առաջ Ստեփանակերտում նիստ էր: Էդպիսի բան կլինի՞: Ուզում եմ գոնե հասնեմ նրան, որ դատավարությունը տեղափոխվի Հայաստան: Դեպքը Մարտակերտում է եղել, գործը Ստեփանակերտում են լսում, էն էլ՝ Սյունիքի մարզի դատական կազմով: Ոտքից գլուխ անօրինականություն է: Որտեղ էլ բողոք ենք գրում, պատասխան չկա կամ ուղարկում են էն մարմնին, ումից մենք բողոքում ենք»,-ասաց որդեկորույս հայրը: 

Մեկնաբանություններ (5)

General Koofta
Why not Ed??? does the truth hurt too much? I am here experiencing the corruption first hand now. cars more expensive than what I see in New York City but glaring poverty all around. To me, the corruption and russo-armo mafia regime is just as great a threat to Armenian survival as the Turks. I await your threatening response!
Xunsap'ha
To Ed: Քեզ նման կոյր հայրենասէրներն են որ աւազակ վարչակազմին կողոպուտի, մարդասպանութեան և ամէն տեսակի ոճրագործական գործունէութեանց կատարման կը նպաստեն: Հայրենասիրութիւնը մէկդի, եթէ հայութիւնը իր բոլոր ուժով, բարձրաձայն արդարութիւն, հաշիւ- հաշուետուութիւն պահանջէր իր կառավարութենէն, ներկայի վարչակազմ կոչուած անբարոյականութեան մարմնացումը շատոնց մէջտեղէն պիտի անհետանար:
Robert Davidian
Here is a 10 minute video about these murders in the Army: https://vimeo.com/50026059
Mihran
The truth always hurts,sadly Ed cant take it.Armenian has become the land of fraud,corruption,injustices galore,criminality at the highest levels of this regime,net result being people are voting with their feet on a weekly basis and leaving Armenia to these crooks.In 7-10 years Armenia will not be able to function as a viable state,than what gentleman,what's plan B.
Վեհարի
Ուշադրություն դարձրեք, արդեն որերրորդ դեպքն է, սպանում են բարձրահասակներին, գերազանց սովորողներին, ուժեղներին, Հ Ա Յ Ր Ե Ն Ա Ս Ե Ր Ն Ե Ր Ի Ն: Հոդվածում ասվում է` ,,ընդունվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, սովորել գերազանց, ո՛չ խեղճ էր, ո՛չ կոտրվող, գերազանց սովորող, կյանքը սիրող, հայրենիքը սիրող մարդ էր: Սերժանտ էր, շատ բարձրահասակ, ուժեղ տղա,,: բանաստեղծություններ էր գրում,,: Համոզված եմ, ցեղասպանությունը շարունակող ուժերի պատվերով սպանություն է: Բանակի գլխավոր հրամանատար` սերժ Սարգսյանը և Պաշտպ. Նախարար ս. Օհանյանը պատասխանատու են Մարտակերտում անհաշիվ ,,ինքնասպանությունների,, սպանությունների համար և պարտավոր են անմիջապես հրաժարական տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter