HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրմուղի աշխատակիցների պահանջով ջրաչափերը հեռացրել են և դրա համար էլ տուգանվել

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները երկար էին սպասել նոր ջրագծի գործարկմանը: Ջուրը եկավ, բայց դրանից խնդիրները չլուծվեցին: Ինչպես նրանք են պնդում, «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը նոր ջրագծով իրենց նվեր ուղարկեց՝ տուգանքների տեսքով:

Գյուղում հին ջրագիծն ամբողջությամբ քայքայված էր, իսկ ջուրը՝ քիչ, հետեւաբար ոչ բոլոր սպառողներին էր այն հասանելի: Նորակերտցի Փայլակ Պետրոսյանը «Հետքին» պատմեց, որ դեռեւս հուլիսի վերջերին, «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցները գյուղում հայտարարեցին, որ մի 2 օր գյուղում ջուր չի լինելու, եւ այդ ընթացքում սպառողները պետք է հին ջրագծերից ջրաչափը տեղափոխեն նոր ջրագիծ:

Շատերի նման Փայլակ Պետրոսյանն էլ է հետեւել այդ հորդորին: Նրա պատմելով, հուլիսի 22-ին ավտոմեքենաներով անակնկալ գյուղ են ժամանել «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցները եւ սկսել են ակտեր կազմել՝ ջրաչափն ինքնակամ հեռացնելու պատճառաբանությամբ: Միայն Նորակերտում 7 մարդ է տուգանվել նույնաբովանդակ պատճառաբանությամբ:

«Մարդը պիտի ժամանակ ունենա կամ պիտի մասնագետ լինի, որ կարողանա ջրագիծ տեղադրի: Հաշվիչը հանել եմ, որ տանեմ նոր ջրագծի վրա տեղադրեմ, «Նիվա» ավտոմեքենաներով եկան լցվեցին գյուղ ու սկսեցին մարդկանց տուգանել: Իմ հաշվիչը լրիվ նորմալ է, թվերն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, թե ինչի են տուգանել, ես էլ չեմ հասկանում»,-պատմում է Փայլակ Պետրոսյանը եւ ցույց տալիս 97.237 դրամանոց ակտը: Տուգանքից հետո նրա ջրաչափը հանվել է հաշվառումից:

Փայլակ Պետրոսյանի խոսքերով՝ իր տունը գտնվում է գյուղի ամենաբարձր դիրքում եւ հազվադեպ է հին ջրագծից ջուր ստացել: Իսկ եթե ջուր է եկել եւ օգտագործել է, ամբողջի համար վճարումները ժամանակին կատարել է: «Ես ոչ մի պարտք չունեմ, ժամանակին վճարումները կատարել եմ: Իմ հաշվիչի ցուցմունքները համընկնում է մատյանում գրածի հետ, բայց համակարգչով ջրմուղի կայքում նայում եմ, 27 հազար դրամի պարտք է կուտակվել: Թող սա բացատրեն, թե ինչպես է մարդկանց հաշվի վրա չօգտագործած ջրի համար պարտքեր ավելանում: Ջուրը բերել եմ շշերով, բիտոններով: Հիմա էլ ես իմ տանը ջուր չունեմ, կենցաղային նպատակներով առվի ջուր ենք օգտագործում: Նոր ջրագծից չեմ օգտվելու մինչեւ հարցը չլուծվի»,-նշում է 65-ամյա Փայլակ Պետրոսյանը:

Նա մեզ ցույց տվեց իր տան բակում փորված երկու ջրավազանները, որտեղ առվի ջուր է հավաքում եւ այնտեղից, պոմպերի միջոցով տանում է զուգարան եւ անասնագոմ: «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցներն ակտ գրելու հարցում այնքան են շտապել, որ չեն էլ լսել սպառողի բացատրությունները եւ «ապագա ակտը» հիմնավորելու համար լուսանկարել են ինչ տեսել են: Դրանց մի մասն ընդհանրապես կապ չունի ջրաչափի եւ ակտի հետ:

Փ. Պետրոսյանն էլ իր հերթին բացատրություններ ստանալու ակնկալիքով դիմել է «Հայջրմուղկոյուղի» ընկերության «Հյուսիս-Արեւմտյան» տեղամասի տնօրենին: Վերջինս գրավոր պատասխանել է, թե իբր սպառողը հրաժարվել է ակտը ստորագրելուց եւ «լուսանկարներում երեւում է տեղահանված ջրաչափը եւ առանց ջրաչափի տեղադրման ջրագծերի առկայությունը, հետեւաբար ջրամատակարարման կանոններով սահմանված կարգով ակտի հիման վրա կատարված հաշվարկը հիմնավորված է»:

Տեղամասի տնօրենի նշած եւ լուսանկարներում առկա «առանց ջրաչափի ջրագծերով» հոսում է վերը նշված ջրավազաններում կուտակված առվի ջուրը, որտեղ չէր կարող ջրաչափ տեղադրվել: Ավելին, Փայլակ Պետրոսյանն ասում է, որ ակտն իր ներկայությամբ չի կազմվել, ինքը դրա մասին չի իմացել, մինչդեռ հարցումից հետո իրեն ուղարկված ակտում նշել են, թե իբր հրաժարվել է ստորագրել:

«Խոսելով քայլում էին, թեթեւ լսեցի, որ ասում էին՝ մեկ ա, ակտը չես ստորագրելու, բայց ես չգիտեի, որ ակտ է կազմվելու: Այդ ակտը կազմվել է իրենց աշխատասենյակներում, ոչ իմ տանը»,-նշում է Փայլակ Պետրոսյանը: Ըստ նրա՝ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է զանգահարել գլխամաս՝ Արտաշատի տեղամաս, մի քանի անգամ էլ դիմել է Երեւանի կենտրոնական գրասենյակ, սակայն անօգուտ:

«Ինձ տուգանողները հպարտացան, որ իրենք արտաշատցի են, իրենց դեմ խաղ չկա, չհարգեցին ոչ իմ տարիքը, ոչ էլ առողջական վիճակը: Երբ ասացի, որ ունեմ բասեիններ, երեւի իմացան Արտաշատի կամ Մասիսի ձկան բասեիններն են, չուզեցին ինձ լսեն: Իմ ջրաչափի պլոմբն էլ պոկեցին շպրտեցին, ասելով, որ իրենք հատուկ պլոմբ ունեն, զակազ են տվել եւ ջրմուղի աշխատողները կբերեն կպլոմբեն: Ես արձանագրություն չեմ տեսել ու թե ինչի համար են արձանագրել, երեւի իրանք էլ չեն իմանում,-ասում է Փայլակ Պետրոսյանը եւ հավելում,- եթե ջրմուղի աշխատակիցները գան, ես իրենց նկարած խողովակների ջրից բաժակով կհյուրասիրեմ իրենց, ոնց որ նախկին բնապահպանության նախարարին հյուրասիրեցին: Պիտի խնդրեմ, որ խմեն ու համը փորձեն»:

Փայլակ Պետրոսյանը չի ցանկանում վճարել անհիմն կազմված ակտի գումարը: Նա պատրաստվում է խնդիրը բարձրաձայնել բոլոր պետական օղակներում, այդ թվում՝ դատական: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Հայկազ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին հեռախոսով տեղեկացրել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ խնդրել են դրան լուծում տալ: Ուղարկվել է նաեւ գրավոր դիմում:

«Նախնական պետք է ասեմ, որ հանձնաժողովի վերաբերմունքից գոհ չեմ, որովհետեւ առանց ուսումնասիրելու հայտարարեցին, թե ինչ արել է «Հայջրմուղկոյուղը» ճիշտ է, եթե ակտավորել են, ուրեմն ճիշտ են ակտավորել»,-ասում է փաստաբանը:

Ըստ նրա՝ բնական է, որ ջրաչափը պետք է հին ջրագծից հանվեր, որ նորի վրա տեղադրվեր եւ հենց այդ ընթացքում էլ ջրմուղի աշխատողները եկել են գյուղ ու ակտեր կազմել:

«Ոնց որ պատրաստված լինեն, ժողովրդին ասել են՝ ջրաչափերը հանեք ու տեղադրեք նորի վրա եւ այդ փուլում երեք ավտոմեքենայով, ամեն մեկի մեջ երեք անձ, եկել են գյուղ ու «հարձակվել» համայնքի վրա, որպեսզի խախտումներ հայտնաբերեն: Իրենք գիտեին, որ այդ ջրաչափերը պետք է հանվեին հին ջրագծերի վրայից եւ օգտվել են առիթից»,-ասում է Հայկազ Գալստյանը:

Ըստ փաստաբանի, երբ այս ամենը ներկայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակցին, հաջորդ աշխատանքային օրը իրենց տեղեկացրել են, որ պարզաբանում են ստացել «Հայջրմուղկոյուղու» Արտաշատի տեղամասի տնօրենից: Վերջինս իբր հանձնաժողովին հայտնել է, որ ջրաչափի հեռացում ասելով նկատի են ունեցել ջրաչափի եւ դրա վրա առկա կնիքի տվյալների տարբերությունը իրենց մոտ գրանցված տվյալներից:

«Իհարկե, հանձնաժողովից սպասելիքներ չունենք, որովհետեւ իրենց կանխակալ կարծիքն արդեն հայտնել են: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե այդ մարմինն ինչու է գործում, որովհետեւ միայն խախտումներն են: Արտադատական կարգը կպահենք, եթե արդյունքը մեզ չգոհացնի կդիմենք դատարան»,-նշում է Հայկազ Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter