HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

600 հազարի փնտրտուք

Մեկ տարի առաջ, երբ Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանն իր հերթական` 4-րդ վերընտրությունից հետո որոշեց լուսավորել գյուղ մտնող փողոցը, հույսեր արթնացան, որ լավ սկիզբը շարունակություն կունենա: Ավելի քան քսաներեք տարվա ընդմիջումից հետո 1,5 կմ երկարությամբ փողոցը, թեկուզեւ ոչ լիարժեք լուսավորելն արդեն իսկ ձեռքբերում համարվեց: Գյուղի կենտրոնական թաղամասում բնակվողները կարծես վերադարձրել էին քաղաքաբնակի կենցաղով ապրելու իրենց անցյալը եւ առիթը բաց չէին թողնում ընդգծելու իրենց առավելությունը մյուս թաղամասերում բնակվողների նկատմամբ: Վերջիններս էլ անթաքույց նախանձով հետեւում էին կիսալուսավորված փողոցով անցուդարձ անողներին ու հույսեր փայփայում, որ իրենց փողոցի խավարն էլ մի օր կփարատվի:

Չնայած տարին ավարտված համարելու համար մոտ 4 ամիս կա, սակայն լուսավորության աշխատանքներ կատարելու տրամադրություններ չեն նկատվում: Պատճառը թերեւս այն է, որ համայնքի ղեկավարից, գուցեեւ իր աշխատակազմից բացի, ոչ ոք տեղյակ չէ, որ Գառնին քառամյա զարգացման ծրագիր ունի, եւ այդ ծրագրով համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը պարտավորություններ է ստանձնել: Մեր հարցին, թե չի՞ ցանկանում ընդլայնել լուսավորության ցանցը, համայնքի ղեկավարը պատասխանեց· «Ցանցավորումը դժվար չէ, բայց որտեղի՞ց 600,000 դրամ բերեմ էլեկտրականության վարձը վճարելու համար»:

Գյուղում 10 կմ գիշերային լուսավորություն անցկացնելու պարտավորությունը համայնքի ղեկավարը պլանավորեց միայն իր ղեկավարման 17-րդ տարում` համայնքի 2013-16թթ. քառամյա զարգացման ծրագրով: Սույն ծրագրով Ա· Վարդանյանը պլանավորել է հաջորդող 4 տարիներին գյուղում տարեկան 2,5 կմ փողոցային լուսավորություն անցկացնել: Համայնքի ղեկավարը աշխատանքի 50%-ը պլանավորել է իրականացնել դոնոր կազմակերպությունների միջոցով, սակայն մինչ օրս ոչ մի դոնորի նման ծրագիր չի ներկայացրել: 

Նշենք, որ գյուղի բնակելի թաղամասի միջով է անցնում Գեղարդ տանող միջպետական ճանապարհը, որը ոչ միայն լուսավորություն չունի, այլեւ մայթեր, իսկ փողոցում, հատկապես, հանգստյան օրերին, մինչ ուշ գիշեր ավտոմեքենաների երթեւեկը չի դադարում:

Գիշերային լուսավորությունն ամենաքիչ ծախս պահանջող աշխատանքներից է, այդ պատճառով փոքր համայնքներն անգամ, որոնց բյուջեն տարիներ շարունակ միայն վարչական ապարատի պահպանմանն է բավարարել, վերջին տարիներին կարողանում են գոնե փողոցները լուսավորել: Հետեւաբար, դժվար է հիմնավոր համարել համայնքի ղեկավարի՝ գումար չունենալու պատճառաբանությունը: Իհարկե, երբ օրենքով եւ տեղական իշխանության կայացրած որոշումներով սահմանված հարկատեսակները հավաքագրելու ոչ մի ցանկություն չկա, 600 հազար դրամ էլեկտրաէներգիային հատկացնելը, իրոք, խնդիր է:

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք գյուղում գործող գազալցակայանից եւ բենզալցակայաններից չգանձվող 150 հազարական դրամներին, որոնք համայնքի բյուջեն տարեկան կավելացնեն 450 հազար դրամով: Սակայն, սա տեղական տուրքի միայն մեկ տեսակի մասով, մինչդեռ բազում նման հնարավորություններ բաց են թողնվել տարիներ շարունակ: Նկատի ունենանք, որ Գառնին պարզապես գյուղ չէ, այն պատմական եւ զբոսաշրջային հայտնի բնակավայր է, որի անունն արդեն իսկ բրենդ է: Գյուղի անունը լայնորեն կիրառվում է տարբեր անվանումներում եւ շահույթներ ապահովում ալոց համար:

Այդ շահույթներից կարող է մասնաբաժին ունենալ նաեւ Գառնին· համայնքի ավագանու որոշման համաձայն` «Գառնի համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվել է 50,000 դրամ»: Սահմանվել է, սակայն մինչ օրս չի գանձվել տուրքի այս տեսակը: Պետական ռեգիստրում գրանցված է ավելի քան 20 ընկերություն, որոնց անվանման մեջ օգտագործվել է Գառնին· Գառնի ինվեստ»  վարկային կազմակերպություն, «Գառնի գրուպ» ՍՊԸ, «Գառնի-Մել» ՍՊԸ, «Անի եւ Գառնի» ՍՊԸ, «Խոյ Գառնի» բարեգործական հ/կ, «Հին Գառնի» ՍՊԸ, «Գառնի լեռ» ՍՊԸ, «Գառնի» ՍՊԸ, «Գառնի թրեյդ իմպեքս» ՍՊԸ, «Գառնի-90» ՍՊԸ եւ այլն:

Համայնքի բյուջեում ավելի քան 1 մլն դրամի մուտքեր էր հնարավոր ապահովել միայն այս հարկատեսակից, որը մինչ օրս չի նախատեսվել: «Ռոքարմ» ընկերությունն, օրինակ ՀՀ-ում բնական աղբյուրի ջուր եւ հյութեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը, ներկայացնում է «Գառնի կրիստալ լայն» եւ «Գառնի կոլա» ապրանքանիշը: «Ռոքարմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ: Այսինքն, այն ավելի քան 15 տարի պետք է հարկվեր, եթե նման պահանջ ներկայացվեր ընկերությանը: Այսպիսի օրինակներ շատ կան:

Գառնիի հեթանոսական տաճարի մուտքավճարը գանձում է մշակույթի նախարարությունը, իսկ մինչ տաճարն ընկած հատվածը, հարակից հրապարակով տնօրինում է համայնքապետարանը: Այստեղ շուրջտարին գործում է ավանդական ուտեստների շուկան, ավտոկայանատեղին, որը մինչեւ գյուղամեջ ծանրաբեռնված է ավտոմեքենաներով: Համայնքի ավագանու 21.08.2013թ. թիվ 38-Ն որոշումով մինչեւ 12 տեղանոց թեթեւ մարդատար ավտոմեքենաների մեկ ժամ կայանելու համար վճարը 100 դրամ է սահմանվել, իսկ ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների 1 ժամվա համար՝ 300 դրամ: Ոչ միայն տաճարի հրապարակը, այլեւ մինչեւ գյուղի կենտրոն ձգվող փողոցը ողջ օրը ծանրաբեռնված է մեքենաներով: Սակայն, հավաքագրված գումարների չափերի եւ մուտքերի մասին ոչ մի տեղեկություն չկա փաստաթղթերում:

Վերջին տարիներին գյուղում զարգացող զբոսաշրջությունը նպաստել է ոչ միայն փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, այլեւ մրցակցություն է ստեղծել ծառայություններ մատուցողների միջեւ: Գյուղում գործող ռեստորանները կիրառում են գովազդային վահանակներն՝ իրենց ծառայությունները զբոսաշրջիկներին ներկայացնելու եւ առավելությունները գովազդելու համար: Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տեղական տուրքը 1 քմ-ի համար ամսական սահմանվել է 500 դրամ, սակայն համայնքի բյուջեում գովազդից մուտքեր չեն նախատեսվել ոչ նախորդ տարիներին, ոչ էլ այս տարի:

Վերջապես բոլոր համայնքները շոշափելի եկամուտներ ունեն բջջային կապի ծառայություններ մատուցող ընկերություններից: Հանրապետությունում գործող 3 օպերատորներից, Ա. Վարդանյանի ասելով` համայնքապետարանից տարածք է  վարձակալել միայն Բիլայնը: Սակայն, ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ պայմանագրի արժեքը 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ է կազմում, Գառնիում, ինչպես համայնքի ղեկավարն ու հաշվապահն են հավաստիացնում, տարածքը տրամադրել են 100 դոլարին համարժեք դրամով:

Ներկայացվածն, իհարկե, հնարավոր եկամուտների ողջ ցանկը չէ, որից կայուն եկամուտներ է հնարավոր ապահովել համայնքի համար: Սակայն, կարծում ենք, նշված հարկատեսակներից գանձվող գումարներն էլ բավարար են ոչ միայն ծախսված էլեկտրաէներգիայի համար վճարելու, այլեւ լուսավորության ցանցը տարեկան 2 եւ ավելի կիլոմետր ընդլայնելու համար, նույնիսկ եթե դոնորներ ներգրավելու ունակություն չունես:

Ի տարբերություն պարտավորությունների կատարման հարցում ցուցաբերած անտարբերոթյանը՝ Ա· Վարդանյանը շատ հետեւողական է փաստաթղթերը պատշաճ վավերացնելու հարցում: Գառնի գյուղի ավագանու 2013 թ. սեպտեմբերի 17-ի թիվ 42-Ա որոշումով, համայնքի ղեկավարին կից ձեւավորվել է «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման մարմին», որի կազմը, սակայն ներկայացված չէ: Այնուամենայնիվ, ի՞նչ բացատրություն կտար այդ մարմնին համայնքի ղեկավարը քառամյա ծրագրով ստանձնած, սակայն առաջին երկու տարիների համար պլանավորված պարտավորությունները չիրականացնելու մասին, եթե նման խորհուրդ գոյություն ունենար, եւ եթե խորհրդի անդամները տեղյակ լինեին, որ տեղական հարկերի հավաքագրումը տեղական իշխանության պարտադիր լիազորությունն է եւ այն չիրականացնելը պարզապես անգործություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter