HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գանձասարի պարսպի հարցն օդից կախված է

Գանձասարի վանքի պարսպի երեսպատումը դադարեցված է 2013-ից, սակայն առ այսօր հայտնի չէ, թե կիսատ սալիկապատված պարիսպն ինչ ճակատագիր է ունենալու: Մասնավորապես, կազմվելու՞ է վերականգնման նոր նախագիծ, թե՞ մասնագետները կբավարարվեն եղածով, շարված սալիկները հեռացվելու՞ են, թե՞ ոչ: 

Հիշեցնենք, որ 2011-ի ամռանը արցախցի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ սկսվել էր Գանձասարի վանքի պարսպի սալիկապատումը, ինչին դեմ էին արտահայտվել բազմաթիվ ճարտարապետներ, պատմաբաններ, ՀՀ մշակույթի նախարարությունն ու ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը: Հայտնի էր դարձել, որ սալիկապատման մասնագիտական նախագիծ, որեւէ փաստաթուղթ չի եղել: Ճարտարապետները, մասնավորապես, շեշտում էին, որ սալիկապատումը ոչ միայն խաթարում է պարսպի պատմական տեսքը, այլեւ ծանրացնում պատը` ամրացնելու փոխարեն:

Հայրապետյանը երեսպատման անհրաժեշտությունը բացատրել էր պատի քանդվելով, ավելին՝ ըստ նրա՝ վանքի պարիսպը ոչ թե 13-րդ դարի կառույց է (վանքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ու գավիթը կառուցվել են հենց 13-րդ դարում), ինչպես նշում են մասնագետները, այլ 1980-ականների: Սակայն մասնագետները բերել էին փաստեր, որ 1910-ին արված լուսանկարում պարիսպ առկա է, ինչը խոսում է նվազագույնը այդքան հին լինելու մասին: Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանն էլ նշել էր, որ իր գլխավորությամբ դեռեւս 1989-ին կազմվել է ամբողջ համալիրի վերականգնման նախագիծ, որը կյանքի չի կոչվել պատերազմի հետեւանքով:

Շատ չանցած՝ սալիկապատումը դադարեցվել էր, սակայն 2012-ի նոյեմբերի վերջին վերսկսվել էր եւ կրկին դադարեցվել էր 2013-ի գարնանը: Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան բաց նամակով դիմել էր ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին, հետագայում երկու երկրների ղեկավարներին ու Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված բաց նամակով հանդես եկան 350 մտավորականներ:

Մտավորականների նամակին ի պատասխան՝ ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը 2013-ի հուլիսին հայտնել էր, որ «ըստ մասնագետների կողմից դեռեւս 2011 թ. կատարված ուսումնասիրությունների եւ եզրակացության, վանքի շրջապարիսպները եւ այլ շինությունները կարիք ունեն համալիր գիտավերականգնման աշխատանքների` համաձայն մշակված նախագծի: Ուստի, մինչ այժմ վանական համալիրի շրջապարիսպների վրա իրականացված երեսապատման աշխատանքները պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը, բնականաբար, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ գիտավերականգնման նախագծային լուծումների եւ ապագայում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա, որոնց ընթացքում բոլոր ի հայտ եկած թերությունները կվերացվեն: Հուշարձանի համալիր գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն դրանց ֆինանսավորմանը առնչվող հարցերը լուծելուց հետո»: Այս պատասխանը վարչությունը դեռ 2012-ի դեկտեմբերին տվել էր «Հետքին»:

ՀՀ հանրային խորհուրդը 2013-ի օգոստոսին որոշում էր կայացրել սալիկները հեռացնելու առաջարկով դիմել երկու նախագահներին ու կաթողիկոսին, բացի դրանից՝ խորհուրդը վերոնշյալ վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին քննադատել էր ձեւական պատասխան տալու մեջ:

Սալիկապատման կողմնակիցներ-հակառակորդներ հեռակա բանավեճի ընթացքում գումարի մասին խոսակցություններ էին հայտնվել:

Վերհիշելով այդ իրադարձությունները` Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը, ով 2006-ից Գանձասարի հոգեւոր հովիվն է եւ 2011-ից ի վեր դրական է արտահայտվում Լեւոն Հայրապետյանի նախաձեռնության վերաբերյալ, ասում է, որ ինչ-որ ճարտարապետներ եկել, Հայրապետյանին ասել էին, թե պատը նորոգելու համար որոշակի գումար է պետք: «Լյովան ասել էր, որ նախագիծը կազմեն, ինքը գումարը կտա: Արեցին, բանից պարզվեց, որ չորս կողմը վերանորոգելու համար կես միլիոն դոլար է պետք: Լյովայի եղբայրը գտավ մեկին, որ կես գնով սարքում էր՝ քարն էլ Լյովայից,- պատմում է Տեր Գրիգորը, ապա հավելում,- կանգնեցրին, ինձ թվում է՝ ճարտապետների դուրը չեկավ»:

«Սուտ-սուտ խոսում են՝ իբր ճարտարապետները փողի անուն են լսել, ուզում են օգտվել առիթից»,- «Հետքի» հետ զրույցում դեռ 2011-ի ամռանը ասել էր ճարտարապետ Գագիկ Սողոմոնյանը` հավելելով, որ 1989-ին իրենց արած նախագծի մի օրինակը բերել են իրենց հետ եւ փոխանցելու են ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանը: Կայքերում շրջանառվում էր, որ վերոնորոգման համար Լ. Հայրապետյանը 1,5 մլն դոլար էր նախատեսել: Մամուլի ասուլիսի ժամանակ Գ. Սողոմոնյանն էլ նշել էր, որ իրենց նախագծով կատարելու դեպքում այն կարժենա 5 անգամ քիչ, իսկ մնացածը կարելի կլինի ուղղել այլ բարեգործությունների:

Ըստ մեր տեղեկությունների` գումարային խնդիրը, սակայն, եղել է ոչ թե հայաստանցի, այլ արցախցի մասնագետների եւ համապատասխան մարմինների հետ, որոնք պատասխանատու են մշակութային կոթողի պահպանության համար: Այսինքն` անհամաձայնությունը եղել է հենց նրանց եւ Հայրապետյանի միջեւ:  

Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը կիսում է Լեւոն Հայրապետյանի տեսակետը, որ պարիսպը 20-րդ դարի կառույց է: Ըստ նրա` եկեղեցին երբ կառուցվել է, պարիսպ չի եղել: Առաջին անգամ այն կառուցվել է 17-րդ դարում, երբ Գանձասարում էր Աղվանից կաթողիկոսության նստավայրը, սակայն այն հետո քանդվել է, իսկ ներկայիս պատը 1980-ականների կառույց է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ասելով` կառուցման շրջանից (13-րդ դար) վանքն ունեցել է պարսիպներ, դրանք գուցե եւ ավելի վաղ են եղել, որովհետեւ, ըստ նրա, Գանձասարի տեղում պաշտամունքային կառույց կար ավելի վաղ:

«Որեւէ մեկը, որ եկավ էստեղ, չնայեց, որ պարսպի հիմքում ասբեստի խողովակ է դրած, որեւէ մեկը չասաց, որ շաղախով չի շարած պատը, այլ ցեմենտով: Որովհետեւ հատուկ պատվեր էր Լեւոն Հայրապետյանի դեմ,- ասում է Տեր Գրիգորը,- ես անգամ հարց տվեցի՝ էս ցեմենտը Հասան Ջալալ Դոլա իշխանը «Միկա-ցեմենտի՞ց» է գնել, թե՞ «Արարատ ցեմենտից»: Եթե ուզում ես մեկին «քցել», «կքցես»: Պարսպի հիմքում «բակինսկի կուբիկ» է դրած, ես ասում եմ՝ 17-րդ դարում էդ սպիտակ քարն ո՞վ է բերել Բաքվից: Հարավային պարսպի վրա որ նայում եք անցքերը, տեսնում եք, որ սրբատաշ քար է դրված, սալիկ: Այսինքն` դա էլ են նոր սարքել»:

Սամվել Կարապետյանը դեռ 2011-ին հայտարարել էր, որ 17-րդ դարում Գանձասարի պարիսպը հիմնանորոգվել է, իսկ 19-րդ եւ 20-րդ դարի սկզբներին մասնակի նորոգվել: «Վերջին նորից մասնակի նորոգությունները տեղի են ունեցել 1980-ականներին, բայց հավատարիմ` եղած շարվածքին: 80-ականներին Ադրբեջանի հուշարձանների պահպանության վարչության նախաձեռնությամբ կատարված այդ նորոգությունները աչքի չեն զարնում. այնքան հարազատ են կատարվել եղած հին շարվածքին»,- նշել էր հուշարձանագետը:  

ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ ինքը չի տեսել Գ. Սողոմոնյանի խմբի կողմից 1989-ին կազմված նախագիծը եւ չգիտի էլ՝ նոր նախագիծ կլինի, թե ոչ: Խոսելով կատարված սալիկապատման մասին՝ Սարգսյանը շեշտեց, որ կատարողներն իրենց աշխատանքները չեն համաձայնեցրել վարչության հետ, եւ գիտամեթոդական խորհրդի քննարկում չի եղել: Իսկ խորհուրդը վերանորոգումների դեպքում ուսումնասիրում է դրա նախագիծն ու տալիս եզրակացություն: Ինքը, լինելով խորհրդի նախագահ, վարչության պետի հանձնարարությամբ քննարկման է դնում ներկայացված նախագիծը, սակայն կոնկրետ Գանձասարի դեպքում նման բան դեռ չի եղել:  

«Ես երկար ժամանակ ձայն չէի հանում, բայց հետո ասացի՝ եկեք գավիթի արձանագրությունները նայեք, դրանց կեսը չկա: Կորցրել ենք շատ արձանագրություններ: Ջարդել են, կիսել, կողքը ուրիշ քար են դրել»,- ասում է Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը:

Նա շեշտում է, որ եթե ՅՈւՆԵՍԿՕ-ն Գանձասարը չընդգրկի իր ցանկում, ապա առաջին հերթին պատճառը ոչ թե պարիսպը կլինի, այլ գավիթի պատի մասնատված-ջարդված արձանագրությունները, որն, ըստ նրա, հայի ձեռքի գործ է. «Առաջին հերթին ես կգնդակահարեի այդ բարբարոսությունն անողներին… Ես [Սերգեյ] Շահվերդյանին ասացի՝ պատից եք խոսում, իսկ արձանագրություններին ո՞վ է տեր կանգնելու, ասաց՝ դե, գրքեր կան, որ մեջը գրված է: Ասի՝ ամեն մեկը, որ գալիս է արձանագրություններ կարդալու, գիրքը պիտի հետը վերցնի, գա՞»:

Անավարտ մնացած երեսպատման մասին խոսելով` Տեր Գրիգորը հիասթափված ասում է. «Ոնց լինելու է, թող էդպես էլ լինի, թող էդպես էլ մնա»:

Ռուսաստանում կալանավորված Լեւոն Հայրապետյանի մասին Գանձասարի հոգեւոր հովիվը նշում է. «Ամեն ինչ պիտի անենք, որ ազատենք, որովհետեւ պետությունն զգում է, որ, կներես, կթու կովը ձեռքներից գնում է: Ինձ թվում է, որ ինչ-որ օլիգարխի պատվեր է մյուսի դեմ (ի նկատի ունի «Բաշնեֆտի» գործով ռուսաստանյան բիզնես-շրջանակների հակասությունները- հեղ.): Միայն ասում եմ՝ Աստված ոչ անի, որ հայի մատը խառը լինի»:    

Հ.Գ. Հարցնում ենք վանքի հարեւանությամբ իրականացվող շինարարության մասին: Տեր Գրիգորն ասում է` Մատենադարանի մասնաճյուղն է կառուցվում ճարտարապետ Արթուր Մեսչյանի նոր նախագծով:

2004-ին այստեղ ճեմարանի շենք կառուցվեց, որտեղ, ըստ քահանայի, 20 հոգի կարող էր տեղավորվել: Սակայն հավաքվեցին միայն 8-ը, որոնք հետո տեղափոխվեցին Էջմիածին` Գեւորգյան ճեմարան: Դրանից հետո ճեմարանի շենքը դարձավ ճամբար: «Երեխեքը գալիս էին ճամբար, բայց ավելի լավ էր չգային,- պատմում է Տեր Գրիգորը,- հենց մութն ընկնում էր, դիսկոտեկա էր էստեղ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter