HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը «Հայոց պատմության» դասագիրք Ջավախքի դպրոցներին չի հատկացնում

Ջավախքի դպրոցին անհրաժեշտ են «Հայոց պատմության» դասագրքեր

«Հայոց պատմություն» առարկան Ջավախքի հայկական դպրոցներում ներառված չէ պարտադիր առարկաների դասավանդման ցանկում: Այն թույլատրվում է դասավանդել միայն ֆակուլտատիվ հիմունքներով: Ջավախքի այն դպրոցներում, որտեղ «Հայոց պատմության» մասնագետ չկա, այս առարկան հաճախ չի դասավանդվում կամ դասավանդվում է ոչ մասնագետի կողմից: Դրան գումարած՝ հազվադեպ դպրոցներ են համալրված «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերով: Քանի որ պարտադիր առարկա չէ, Վրաստանի կրթության նախարարությունը չի հոգում գրքերի տրամադրման հարցը: Ուսուցիչը ստիպված թելադրում է նյութը:

«Եկեք մենք վրացիներին չմեղադրենք, սառը դատենք: Քեզ դասաժամ է տվել, քեզ ֆակուլտատիվ է տվել, քեզ երգ է տվել, քեզ ֆիզկուլտուրա է տվել, դասատու չունես, միայն շվցնում է, մի բանի հետ կարելի է փոխել այդ դասաժամերը «Հայոց պատմության» հետ»,-ասում է Հոքամի դպրոցի տնօրեն Հովհաննես Մղդեսյանը: Նա օբյեկտիվ պատճառներից բացի նշում է սուբյեկտիվը, այն է՝ հաճախ հայկական դպրոցների տնօրենները ճիշտ չեն կազմակերպում և բաց են թողնում առարկան դասավանդելու հնարավորությունները: 

Ստեղծման օրվանից, այսինքն՝ 13-րդ տարին է՝ Հոքամի դպրոցում «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է: Անցյալ ուսումնական տարում Հոքամի դպրոցի երկու աշակերտ հաղթել է ՀՕՄ-ի կազմակերպած «Հայոց պատմություն» առարկայի օլիմիադայում:

Հովհաննես Մղդեսյանը պատմում է, որ ինքն ավարտական ատեստատի մեջ մեկ անգամ նույնիսկ մտցրել է «Հայոց պատմություն» առարկան և այդ առարկայի գնահատականներն ուղարկել Թբիլիսի. «Ասի՝ աչքերին պիտի սովորեցնենք, փորձ չարած, ինչո՞ւ եք լացում»: Ավարտականների ատեստատները եկել են՝ «Հայոց պատմություն» առարկան ներառված:

Միայն մեկ տարի անց՝ Թբիլիսիից գրություն է եկել, որ «Հայոց պատմությունը» չի կարելի որպես առարկա մտցնել ատեստատում: Այդ տարվանից էլ պատմության գնահատականը մեկ տողով է նշանակվում՝ ներառելով նաև «Հայոց պատմություն» առարկան:

13 տարի առաջ Հոքամ գյուղում բացված հայկական միջնակարգ դպրոցը «սպասարկում» է նաև հարևան գյուղերին՝ Ազմանային և Քարսեփին: Ազմանայում հայկական դպրոց չկա, իսկ Քարսեփում 9-ամյա է: Հոքամն ու Ազմանան առավելապես վրացաբնակ են:  Հոքամում 120 տնտեսությունից 20-ն է հայ, Ազմանայում 51 տնտեսությունից՝ 12-ը: Այս գյուղերում կան նաև վրացական դպրոցներ: Ընդ որում՝ վրացի աշակերտների քանակն ավելի շատ է, քան հայկական դպրոցներում` 83/52 հարաբերակցությամբ:

Տնօրեն Մղդեսյանն ասում է, որ դժվարությամբ է ոտքի կանգնեցրել դպրոցը, սակայն այժմ ամեն ինչով բավարարված է՝ բացառությամբ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերից. «Ինձ բան պետք չէ, կարո՞ղ եք՝ «Հայոց պատմության» գիրք ուղարկեք»,-ասում է նա:

Հոքամի դպրոցում «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է 7-ից բարձր դասարաններում: Տնօրենն ասում է, եթե յուրաքանչյուր դասարանին գոնե 3 գիրք հատկացվի, երեխաներին կբավարարի: Այսինքն՝ դպրոցի 6 դասարանի համար անհրաժեշտ է 20 գիրք:

Եթե դիվանագիտական խողովակներով դասագրքեր չի մտնում Ջավախք, մնացյալ խողովակները փակ են: Տակավին օրեր առաջ Հայաստան-Սփյուռք համաժողովի ջավախքցի մասնակիցներին մանրակրկիտ զննության են ենթարկել սահմանակետում՝ Ջավախք վերադառնալիս: Նրանց մոտ «հայտնաբերված» համաժողովի գրքերը կասկած են առաջացրել, և այդպես «կասկածելի» են բոլոր տիպի գրքերը՝ սկսած Աստվածաշնչից վերջացրած ՀՀ նախագահի լուսանկարով օրացույցով:

Գրավոր դիմեցինք ՀՀ ԿԳՆ՝ պարզելու, թե Ջավախքի դպրոցների համար «Հայոց պատմություն» առարկայի դասագրքեր ՀՀ ԿԳՆ-ն երբևէ տրամադրել է, թե ոչ: Եթե այո, ապա երբ և ինչ քանակությամբ:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցներին որպես հումանիտար օգնություն տրամադրվող ուսումնական գրականության ցանկը նախապես համաձայնեցվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ և Վրաստան է առաքվումվերջինիս համաձայնությունը ստանալուց հետո:

«Տարիներ շարունակ Վրաստանի ԿԳՆ-ն արտոնել է միայն «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասագրքերի և դրանց աշխատանքային տետրերի ներկրումը Վրաստան: Մնացած առարկաների դասագրքերից (այդ թվում նաև «Հայոց պատմություն»-ից) Վրաստանի ԿԳ նախարարությունը հրաժարվել է այն հիմնավորմամբ, որ երկրի կրթության ոլորտում մշակվել են միասնական պետական չափորոշիչներ, որոնք էլ հիմք են ծառայել Վրաստանի հանրակրթական դպրոցների համար դասագրքերի ստեղծմանը, և մասնավորապես, Հայաստանի պատմությունը ներառված է Վրաստանի հանրակրթական դպրոցների համար մշակված «Համաշխարհային պատմության» դասագրքերում»,- Վրաստանի կառավարության հիմնավորմանն է հղում կատարում հայ պաշտոնյան:

Ավելին, ըստ Վրաստանի ԿԳՆ-ի՝ երկրի հայկական դպրոցներն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով: Այդ դասագրքերը թարգմանվում են հայերեն, և թարգմանության հարցում ևս Վրաստանի կրթության նախարարությունը դժգոհություն չունի:

Մասնագետները բազմիցս ահազանգել են, որ Հայաստանի պատմությունն այդ դասագրքերում աղավաղված  է ներկայացվում: Սակայն այս փաստը կարծես թե ՀՀ ԿԳՆ-ին չի անհանգստացնում, և վերջիններս բավարարվում են միայն Վրաստանի իրենց գործընկերների բանավոր հավաստիացումներով: Իսկ երկու երկրների կրթության  նախարարների հանդիպումների ժամանակ այս հարցը կարծես թե չի էլ քննարկվում:

Նախարար Աշոտյանին նաև հարց էինք ուղղել, թե հաշվարկվե՞լ է, արդյոք, Ջավախքի դպրոցներում հայագիտական առարկաների («Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն») դասագրքերի պահանջարկը որքան է կազմում: Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցներին անհրաժեշտ գրականության պահանջարկը ճշտվել է երկու եղանակով. Վրաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով, Վրաստանի ուսումնական ռեսուրս-կենտրոնների միջոցով: Գրականության բաշխումն իրականացրել է Ախալքալաքի ռեսուրս-կենտրոնը: ՀՀ ԿԳՆ-ի լիազորություններն ավարտվել են գրականությունը ռեսուրս կենտրոնին հանձնելու գործով:

2009-2013թթ. ընթացքում Ջավախքի դպրոցներին հատկացվել է շուրջ  70 000 օրինակ ուսումնական գրականություն, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 60 մլն դրամ: ԿԳՆ-ն տրամադրել է Ջավախք ուղարկված ուսումնական գրականության ցանկը, որից պարզ է դառնում, որ «Հայոց պատմության» դասագիրք Ջավախքի դպրոցներին չի ուղարկվել:  

Լուսանկարները` Աղունիկ Այվազյանի

Մեկնաբանություններ (2)

Berge Jololian
In my humble opinion, I think text books are good, however, good laptop computers and a reasonable-fast WiFi Internet access are better learning tools and resources. A good laptop computer with good specification costs $200-$270, a WiFi router costs $70, a screen projector $300, a multi-function printer $250. A village school with say 100 students could use 20 laptop computers (1 computer per 5 students), a couple of screen projectors, a WiFi router and a multi-function printer/scanner/copier. Technology offers students in rural villages opportunities for learning never imagined before.
ominac
Աւելի հաւնոցի կը նմանի քան թէ դպրոցի․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter