Պետական ռեկե՞տ. ինչո՞ւ են գեղանկարները սեփականատիրոջից խլում - 2
«Հետքն» արդեն պատմել է, թե ինչպես են ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Սահակյանի անձնական հավաքածուից Խաչատուր Եսայանի հեղինակած «Առավոտը Սեւանում» եւ «Սեպտեմբեր» գեղանկարները հայտնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում:
Դրանք ներկայացվել են 2009 թ. հունիսին պատկերասրահի կազմակերպած` Եսայանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հետո, ինչպես Ստեփան Սահակյանն է պատմում, պատկերասրահի տնօրենն առաջարկել է հիշյալ երկու գեղանկարները վաճառել. «լավ գին տվող կա»,- ասել է նա:
Ստանալով մերժում` Փ. Միրզոյանն անընդհատ ձգձգել է նկարների վերադարձը: Ի վերջո, պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը հայտարարել է, թե դրանք պետական սեփականություն են, իսկ ավելի ուշ հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ գեղանկարները ճանաչվել են իրեղեն ապացույց եւ ի պահ տրվել Ազգային պատկերասրահին:
Նախաքննական մարմինը «պարզել» է, որ 1990-ականների սկզբին այդ նկարները մշակույթի նախարարությունից եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից անհայտ հանգամանքներում հափշտակվել են: Ու քանի որ հափշտակողի անձը չի պարզվել, քրեական գործի վարույթը կասեցվել է:
Սակայն այս տարվա հուլիսին օրինական ուժ է ստացել Կենտրոնի դատարանի որոշումը, համաձայն որի` վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է «վերացնել Ստեփան Սահակյանի սեփականության իրավունքի խախտումը` նրա պատասխանատու պահպանմանը հանձնելով իրեղեն ապացույց ճանաչված «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» գեղանկարները»:
Գործը քննող Ռոբերտ Նազարյանը 3 անգամ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին գրավոր խնդրել է այդ նկարները վերադարձնել Կենտրոնականի քննչական բաժին` դատարանի հիշյալ որոշումն ի կատար ածելու համար: Սակայն պատկերասրահից պարզաբանել են, թե դա անելու համար խնդրել են մշակույթի նախարարության հանձնարարականը, եւ այն այդպես էլ չեն ստացել:
Արդեն չորրորդ անգամ նախաքննական մարմինը դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` խնդրելով վերջինիս հանձնարարականը Փարավոն Միրզոյանին` «չխոչընդոտելու դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կատարմանը եւ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները անհապաղ վերադարձնել Կենտրոնականի քննչական բաժին»:
Նախարարն էլ, ի պատասխան, դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել համապատասխան փորձաքննությամբ նույնականության միջոցով պարզել` արդյոք հիշյալ գեղանկարները պետությա՞ն սեփականությունն են, թե՞ ոչ:
Այս ամբողջ ընթացքում Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը, քննիչ Ռոբերտ Նազարյանը եւ նախարար Հասմիկ Պողոսյանն ուղղակի կամ անուղղակի խոչընդոտել են օրինական ուժ ստացած դատական ակտի կատարմանը, ինչը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Դատախազությունը, իհարկե, սա շատ լավ գիտի: Բայց անօրինությունները կանխելու փոխարեն, ըստ էության, որոշել է օրինական որեւէ հիմք «գտնել»` գեղանկարները չվերադարձնելու համար:
Նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազ Արմեն Աֆանդյանը սեպտեմբերի 28-ին դիմել է Կենտրոնի դատարան` խնդրելով ճանաչել ՀՀ սեփականության իրավունքը «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» գեղանկարների նկատմամբ, դրանք վերցնել Ստեփան Սահակյանի տիրապետումից եւ հանձնել Ազգային պատկերասրահին:
Երկու օր անց դատավոր Ռուբեն Վարդազարյանը, կիրառելով հայցի ապահովման միջոց, արգելանք է դրել նշված նկարների վրա: Բայց ինչո՞ւ է դատախազությունը հայց ներկայացրել, երբ դա պետք է աներ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, մշակույթի նախարարությունը կամ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը:
««Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27 հոդ. 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել: Սույն դեպքով ողջամիտ ժամկետներում ՀՀ մշակույթի նախարարության կամ այլ մարմինների կողմից հայց չի ներկայացվել, այդ իսկ պատճառով հայց է ներկայացվել ՀՀ դատախազության կողմից»,- «Հետքին» ուղղված գրավոր պատասխանում նշել է գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
«Այդ դեպքում դատախազությունը նախ պետք է հիմնավորեր, որ նախարարությունը, պատկերասրահը եւ դպրոցն իմացել են իրենց շահերի խախտման մասին, բայց հայց չեն ներկայացրել: Ընդ որում` պետք է հիմնավորվեր նաեւ, որ վերջիններիս կողմից հայցադիմում չներկայացնելու ժամկետը համարվում է ողջամիտ: Երկրորդ` դատախազությունը պարտավոր էր նշյալ մարմիններին հայցադիմում ներկայացնելու գրավոր առաջարկություն ուղարկել, եւ եթե վերջիններս շարունակեին անգործություն դրսեւորել, նոր միայն դատախազությունն իրավունք կստանար անձամբ հայցադիմում ներկայացնել»,- ասում է Ստեփան Սահակյանի դուստրը` մասնագիտությամբ իրավաբան Սիրանուշը:
Վերջինս հավելում է, որ այս ամենը պետք է հստակ մատնանշվեր հայցադիմումում, իսկ քանի որ դա չի արվել, «դատախազությունը հայց հարուցելու իրավունք չուներ»:
Մյուս կողմից` իբրեւ հայցադիմում ներկայացնելու հիմք դատախազ Աֆանդյանը հղում է արել ՀՀ Քաղ. օր.-ի 275-րդ հոդվածին: Սա կարող էր արվել միայն այն դեպքում, երբ գեղանկարների հափշտակության փաստը հիմնավորված լիներ: Շահեն Տոնոյանն ասում է, որ քրեական գործով դա հիմնավորվել է:
Մինչդեռ «Հետքի» խնդրանքով, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, փաստաբան Լուսինե Հակոբյանը նկատում է. «Քանի որ քրեական գործը կասեցվել է այն հիմքով, որ հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ, ուրեմն անհայտ է նաեւ, թե ինչ եղանակով են նկարները տիրապետողի տիրապետումից դուրս եկել: Շատ հնարավոր է, որ դրանք չեն կորել, չեն հափշտակվել ու տիրապետողի տիրապետումից դուրս չեն եկել նրա կամքից անկախ: Հետեւաբար, ՀՀ Քաղ. օր.-ի 275-րդ հոդվածն այս դեպքում կիրառելի չէ»:
«Հետքը» ոստիկանությանը խնդրել էր պարզաբանել, թե ինչու է քննիչն օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու համար պատկերասրահի տնօրենին մի քանի անգամ խնդրել գեղանկարները վերադարձնել: Այն դեպքում, երբ նա ոչ միայն կարող էր, այլ պարտավոր էր առաջին իսկ մերժման դեպքում այդ նկարներն առգրավել: Պատասխան ոստիկանությունը, ըստ էության, չգտավ:
Իսկ Շահեն Տոնոյանը հիշեցրել է, որ նախաքննական մարմինը նկարները վերադարձնելու համար մի քանի անգամ դիմել է պատկերասրահի տնօրենին, հետո դիմել է նախարար Հասմիկ Պողոսյանին, իսկ սեպտեմբերի 30-ին գեղանկարների վրա արգելանք է դրվել, հետեւաբար քննիչն այլեւս չէր կարող դրանք առգրավել:
«Քննիչի գործողություններն օրինաչափ են եղել, եւ նրա գործողությունների վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն որեւէ դիմում-բողոք չի ստացվել»,- նշել է Շ. Տոնոյանը:
Իրականում մինչեւ գեղանկարների վրա արգելանք դրվելը քննիչ Նազարյանը 3 ամիս շարունակ դրանք առգրավելու փոխարեն «խնդրագրեր» է գրել: Թե սրա ի՞նչն է «օրինաչափ», անհասկանալի է:
Ավելին, Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ դատախազ Աֆանդյանի ներկայացրած հայցով գործը քննվում է քաղաքացիաիրավական հարթությունում, եւ եթե նույնիսկ հիմա դատարանը գեղանկարների նկատմամբ ճանաչի ՀՀ սեփականության իրավունքը, միեւնույն է` դրանք պետք է վերադարձվեն Սահակյաններին, որովհետեւ օրինական ուժ ստացած Կենտրոնի դատարանի վերոնշյալ որոշումը գերակա է քաղհայցի գործով որոշման նկատմամբ, քանի որ նկարները Սահակյաններին վերադարձնելու որոշումը կայացվել է քրեական գործի շրջանակներում:
Երկրորդ` Ստեփան Սահակյանը քննիչի գործողությունները ոչ թե չի բողոքարկել, այլ ուղղակի հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետին` խնդրելով քրեական պատասխանատվության ենթարկել քննիչ Ռոբերտ Նազարյանին, պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին, ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Իսկ ինչո՞ւ է նախարար Հասմիկ Պողոսյանը խոչընդոտել օրինական ուժ ստացած դատական ակտի կատարմանը: Այս եւ մեր մյուս հարցին մշակույթի նախարարությունն այդպես էլ չի պատասխանել: Նախարարությունից վստահեցնում են, որ «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել են, սակայն խմբագրությունը ոչ էլեկտրոնային տարբերակով, ոչ էլ փոստով նախարարության պատասխանը չի ստացել:
Այս պատմության մեջ շոշափվում է նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը: Այս առնչությամբ Շահեն Տոնոյանը «Հետքին» գրել է. «Ինչ վերաբերում է Ձեր գրության մեջ ՀՀ գլխավոր դատախազի անվան հիշատակմանը, նշեմ, որ ձեւակերպված հարցը հռետորական է, ոչ կոռեկտ ու անհիմն այն պարզ պատճառով, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազության ներկայացրած հայցի հիման վրա ընթացող դատաքննության արդյունքում ընդունվող դատական ակտով այդ գեղանկարները կամ ՀՀ սեփականության իրավունքի խախտման վերացման դեպքում հանդիսանալու են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի սեփականություն, ինչը նշանակում է, որ դրանք գնելու իրավասություն որեւէ մեկը երբեւէ չի կարող ունենալ, կամ քաղաքացու սեփականության իրավունքի խախտման վերացման դեպքում հանդիսանալու են քաղաքացու սեփականություն, ով այն կարող է տնօրինել սեփականության իրավունքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այդ գեղանկարները ոչ տեսել է, ոչ էլ երբեւէ դրանք գնելու ցանկություն է հայտնել: ՀՀ գլխավոր դատախազի անվան շահարկումը այս պատմության մեջ մտացածին է, եւ շահարկողները փորձում են ստահոդ լուրեր տարածելով «ջուր պղտորել» եւ էժանագին դիվիդենտներ շահել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել