ՈՒրբաթ, 22 սեպտեմբերի

Վանդալիզմ Սրբոց Նահատակաց եկեղեցու հանդեպ. ահաբեկչությո՞ւն, թե՞ ծրագրված ոճիր



Ստեփան Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի օրը «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) ծայրահեղական խմբավորման ահաբեկչական գործողության հերթական թիրախը դարձավ Դեյր Էզ-Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` կից հուշահամալիրով:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:30-ին, ԻՇԻՊ-ի ահաբեկիչները ականապատել են եկեղեցին եւ գործի դրել հեռակառավարվող պայթուցիկ սարքը, ինչի արդյունքում եկեղեցին հիմնահատակ ավերվել է: Լուրը հաղորդել է նաեւ արաբական Al Mayadeen հեռուստաընկերության կայքը:

Սիրիայի Հալեպ եւ նրա հարակից քաղաքներն այնտեղ ապրող հայության համար կենտրոն են դարձել այն ժամանակներից ի վեր, երբ Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներից շատերն այնտեղ ապաստանեցին: Շատ հայեր էլԴեյր էզ-Զորի անապատներում իրենց մահկանացուն կնքեցին տեղահանությանն ուղեկցած ջարդերի, սովի ու հիվանդությունների արդյունքում։

Նահատակաց եկեղեցին հենց այդ տարածքի կենտրոնում է, իսկ նրա շրջակայքի հողի ու ավազների տակ են մնացել բազում հայերի գանգեր եւ ոսկորներ: Եկեղեցուն կից հուշահամալիրում ամփոփված են այդպիսի բազմաթիվ մասունքներ, իսկ ցեղասպանության թանգարանում պահվում են Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր:

Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի են ունեցել 1991թ. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002թ. ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: Ըստ այդմ, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից եւ հարեւան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեյր էզ-Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Դեռեւս 2012 թ. նոյեմբերին հուշահամալիր-եկեղեցին զգալիորեն տուժել էր Սիրիայի հիշյալ շրջանում կառավարական ուժերի եւ իսլամական ծայրահեղական խմբավորումների միջեւ ընթացող ռազմական գործողություններից, ինչի պատճառով դադարել էր գործել: Թեպետ սիրիական Դեյր Զոր քաղաքը շուրջ 2 տարի գտնվում է իսլամականների ձեռքին, սակայն, թալանից բացի, մինչ այժմ այլ ոտնձգություններ եկեղեցու նկատմամբ չէին արձանագրվել: 

Սիրիական պատերազմի շրջանում հայկական հոգեւոր, պատմամշակութային արժեքների հանդեպ ԻՇԻՊ-ի եղեռնագործության առաջին թիրախը դարձավ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակա քաղաքի հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցին, որի գմբեթից 2013թ. սեպտեմբերին ահաբեկչական խմբավորման անդամներն իջեցրին խաչն ու այն փոխարինեցին իրենց դրոշով: Իսկ դեկտեմբերին կառույցը վերածեցին դատական գրասենյակի:

2013թ. նոյեմբերի 6-ին Հալեպում ծայրահեղականների ականանետային հարվածների թիրախ դարձավ 15-րդ դարում կառուցված հայկական «Քառասուն մանկանց» եկեղեցին, որի արդյունքում ականներ էին ընկել նաեւ Առաջնորդարանի նախկին շենքի վրա:

Թերեւս, ԻՇԻՊ-ի կողմից սիրիահայությանը թիրախի տակ վերցնելու մյուս հանրահայտ դեպքը Սիրիայի Լաթաքիա շրջանի Քեսաբ բնակավայրի վրա հարձակումն էր 2014թ. մարտի20-ին, երբ տեղի հայությունն ու ալեւիները հարկադրված եղան մինչեւ կառավարական ուժերի կողմից գյուղաքաղաքի վերանվաճումը ժամանակավորապես լքել այն:

Ընդհանրապես, Սիրիայի եւ Իրաքի այն շրջաններում, որտեղ ԻՇԻՊ-ը հռչակել է Իսլամական պետություն եւ այս կամ այն չափով իշխում է, հատկապես քրիստոնեական կամ ոչ մահմեդական սրբավայրերի հանդեպ վանդալիզմը, ինչպես նաեւ՝ անհավատների հանդեպ եղեռնագործությունը նորություն չէ, այլ «գաղափարապես արդարացված» գործելաոճ:

Դա միանգամայն տեղավորվում է ծայրահեղական խմբավորման հռչակած նպատակների մեջ. «անհավատները» պետք է մահմեդականություն ընդունեն, հակառակ դեպքում՝ դաժանաբար սպանվում են, իսկ նրանց հոգեւոր արժեքներն էլ ենթակա են ոչնչացման:  Վերջին այդպիսի եղեռնագործությունը Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան տարածքում եզդի բնակչության կոտորածն էր:

Սակայն, մի հանգամանք կա, որը ստիպում է ԻՇԻՊ-ի կողմից հայկական ծագմամբ որեւէ թիրախ նշանառության տակ վերցնելը դիտարկել մի փոքր այլ համատեքստում, ավելի ստույգ՝ դուրս գալ այն բացառապես ծայրահեղական կազմակերպության քաղաքականության ծիրում դիտարկելու շրջանակներից: Քեսաբի՝ այդպես էլ ամբողջ խորությամբ չբացահայտված ու չհետաքննված դեպքերը գոնե ստիպում են այդպես մտածել:

Հիշեցնենք, որ մարտ ամսին անհերքելի փաստեր հայտնվեցին Սիրիա-Թուրքիա սահմանային անցակետը անարգել հատելու հարցում իսլամիստ գրոհայիններին թուրքական կողմի (ըստ ամենայնի՝ ոչ ամենեւին առանց պետական որոշ շրջանակների գիտության եւ/կամ մասնակցության) ցուցաբերած աջակցության մասին:

Դրան էլ հավելած` բազում վավերագրված փաստերն այն մասին, որ Թուրքիան տեւապես ծայրահեղական խմբավորումներին էր/է տրամադրում իր տարածքը, որտեղ Ասադի կառավարական ուժերի դեմ պատերազմելու համար վերջիններս վարձկաններ էին հավաքագրում թե՛ Թուրքիայի, թե́ «զբոսաշրջության» քողի տակ այնտեղ բերված օտարերկրյա քաղաքացիներից: Նրանք նաեւ այդ պետության տարածքով էին Սիրիա անցկացնում այլ երկրներից, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասից, Ադրբեջանից հավաքագրված վարձկաններին: Վերջապես՝ Թուրքիայի տարածքում նույնպես ստեղծվել էին ճամբարներ նորագիր վարձկաններին վարժեցնելու համար:

Այս ամենին հակառակ, Քեսաբի վրա հարձակման ժամանակ եւ ի պատասխան Երեւանի թափանցիկ ակնարկների ու մեղադրանքների, Անկարան պաշտոնական մակարդակով ոչ միայն հերքեց իր առնչակցությունն այդ գրոհին, այլեւ որդեգրեց ընդգծված «մարդասիրական» դիրքորոշում՝ ապաստան տալով մազապուրծ քեսաբահայության մի հատվածին, հընթացս լայնորեն գովազդելով իր այդ քայլն ու ալիբի ստեղծելով իր համար:

Այդ նույն շրջանում Քեսաբում կատարվածը միջազգայնորեն չափազանց ցցուն արձագանքի արժանացավ, ինչը հարուցեց շատերի տարակուսանքը անգամ Հայաստանում. Ռուսաստանի, Սիրայի եւ Հայաստանի իշխանությունները եւ մերձիշխանական շրջանակներն այն որակեցին իբրեւ հայ ժողովրդի դեմ 1915թ. իրագործված ցեղասպանության շարունակություն: Միջադեպն այդպիսի շրջանակի մեջ առնելը շատերի մոտ խորացրեց կասկածներն այն մասին, թե քեսաբահայության թիրախավորումը ավելին է, քան սոսկ ԻՇԻՊ-ի գործելակերպը, եւ այն, պլանավորված թե ակամա, ծառայեցվում է աշխարհաքաղաքական այլ նպատակների:

Հետեւաբար, եզրակացվում էր, թե ի դեմս Քեսաբի օպերացիայի, նաե՛ւ այլ նպատակներ են հետապնդվել նրանց կողմից, ովքեր կա՛մ գրոհի անուղղակի կազմակերպիչն ու մտահղացողն են, կա՛մ առնվազն փորձում են տեղի ունեցածն օգտագործել իրենց նպատակներով եւ առաջին հերթին հարկադրելով Սիրայում ապրող հայությանն ու Հայաստանին ավելի հստակ դիրքավորվել ու կողմնորոշվել սիրիական պատերազմի կողմերի միջեւ:   

Սրբոց Նահատակաց եկեղեցու եւ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի հետ կատարվածում կարծեք թե կրկնվում է պատմությունը: Իսկ դա վերստին հարկադրում է քննարկել ավել կամ պակաս հավանական թվացող բոլոր վարկածներն այն մասին, թե ո՞վ է կանգնած հայության համար սրբություն համարվող հուշահամալիր-եկեղեցու հանդեպ հերթական ոճրագործության թիկունքում: 

Երեւանը ակնկալումէ Անկարայի ու միջազգային հանրության ռեակցիան

Մի կողմից հուշահամալիր-եկեղեցու խորհուրդն ու դրա պայթեցման օրվա ընտրութունը, մյուս կողմից՝ ԻՇԻՊ-ի անշրջանցելի կապերը Թուրքիայի հետ հիմք դարձան, որպեսզի վանդալիզմի ակտի հայտնի դառնալուց անմիջապես հետո Հայաստանից հնչող հայտարարություններում մեղադրանքի սլաքն ուղղվի դեպի Անկարա:

ՀՀ նախագահի աշխատակազի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ այսպես արձագանքեց վանդալիզմի ակտին. «Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել եւ պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեյր էզ Զորն անապատ է, որը դարձել է մեկուկես միլիոն հայերի համար մահվան ճանապարհ, ովքեր զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված եւ իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով: Դա եւս մեկ ապացույց է, որ Ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչեւ այն չի ճանաչվել եւ չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ,  պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:

Գրառման մեկ այլ հատվածում նա շարունակել է նույն տրամաբանությամբ. «Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ քաղաքականության: Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմեական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից: Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ»:

Որքան էլ լրատվամիջոցներն իրենց հաղորդումներում հղում են կատարել Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջի գրառումներին, դրանք արդեն բացակայում են նրա էջում: Թերեւս, դրա պատճառ լինի մեղադրանքի հստակ սլաքը առ Թուրքիա, հատկապես երբ վերջինիս ու վանդալիզմի կապի մասին ավելի շատ պատճառահետեւանքային վերլուծություններ, քան թե ուղղակի փաստեր են առկա: Ուստի, հնարավոր է թվում, որ ավելի բարձր մակարդակից Սարգսյանին հանձնարարվել է հանել գրառումները, քանի որ դրանք ուղղակիորեն կասոցացվեին ՀՀ նախագահի դիրքորոշման հետ:

Այդուհանդերձ, մեկ օր անց չուշացավ նաեւ Երեւանի պաշտոնական արձագանքը՝ ի դեմս ԱԳ նախարար Էսվարդ Նալբանդյանի հայտարարության. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:

Նկատելի է, որ պաշտոնական Երեւանն իր դիրքորոշման մեջ շրջանցել է թուրքական հետքը` ի տարբերություն ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի հստակ ակնարկի, որը վերացվեց ֆեյսբուքյան էջից, բայց ոչ` այն արտատպած լրատվամիջոցներից:

Առանց թուրքական հետքն ակնարկելու, տեղի ունեցածն անուղղակի Ցեղասպանության եւ դրա 100-ամյակի հետ է կապել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր դատապարտող հայտարարության մեջ. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի hանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարուած այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրին ետին գտնուող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակներուն յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովուրդին պայքարը խորհրդանշող Տէր Զօրը, որպէս Հայոց Ցեղասպանութեան նահատակներու սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ»:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ «Վեհափառ Հայրապետին հասած տեղեկութեանց համաձայն, ծրագրուած ոճիր մըն է Տէր Զօրի մէջ Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած եկեղեցւոյ, անոր կից գտնուող թանգարանին եւ համալիրին ականահարումը ոճրագործ ձեռքերու կողմէ»:

Արժանահիշատակ է, որ վանդալիզմից ընդամենը մեկ օր առաջ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին Արամ Առաջինը հայտարարել էր, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն առաջիկայում հայցով դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարանին` պահանջելով վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսության պատմական նստավայրը՝ Սիսը: Իսկ եթե նա Անկարայից մերժում ստանա, ապա որոշումը բողոքարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Վերջապես, պաշտոնական Երեւանի արձագանքների ամփոփումը դարձավ սեպտեմբերի 22-ին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների ու ՀՀ նախագահի հանդիպման ժամանակ տրված գնահատականը: Ըստ նախագահականի տարածած մամլո հաղորդագրության` հանդիպմանը «քննարկվել են Մերձավոր Արեւելքի՝ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակը, այդ տարածաշրջանում քրիստոնեական հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու համազգային մարտահրավերները: Զրուցակիցներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել եւ խստորեն դատապարտել են ս.թ. սեպտեմբերի 21-ին ահաբեկիչների կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու բարբարոսաբար պայթեցումը»:

Ահա, տեղի ունեցածին այսպես զգուշավոր արձագանքեց ՀՀ նախագահականը, չնայած որ ամենասկզբում աշխատակազմի ղեկավարի, ապա՝ փորձագիտական շուրթերով Երեւանը բացահայտ մեղադրեց Թուրքիային հանցագործությունն ուղղորդելու կամ դրան առնչություն ունենալու մեջ: Իսկ պաշտոնական Երեւանի զգուշավորությունը հիմնավոր է. խաղը չափազանց բարդ է, իսկ առկա մի շարք վարկածներն էլ գոյության իրավունք ունեն, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ