HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Օհանյանը արգելեց լրագրողին տեսագրել դատական նիստը

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կապանի նստավայում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սեպտեմբերի 23-ին կայացավ Սիսիանի քաղաքապետի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի՝ փաստաթղթեր կեղծելու եւ խարդախություններ կատարելու, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ Կարեն Դանիելյանի՝ պաշտոնեական անփութության հիմքով հարուցված քրեական գործի դատական նիստը:

Նախորդ նիստում մեղադրյալներ Հասմիկ Եսայանը և Աշոտ Գրիգորյանը դիմում էին ներկայացրել դատարանին՝ հանրային պաշտպան տրամադրելու համար: Դատարանը բավարարել էր Հասմիկ Եսայանի խնդրանքը և նրա շահերը պաշտպանելու համար դատական նիստին մասնակցում էր Լիանա Գրիգորյանը:

Պատասխանելով դատավոր Ն. Օհանյանի հարցին, թե ով է Աշոտ Գրիգորյանի փաստաբանը, Լիանա Գրիգորյանը խնդրեց ճշտելու համար ժամանակ տրամադրել:

Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ փաստաբան Ռուբեն Ղազարյանը, չնայած հանրային պաշտպան չէ, սակայն պաշտպանելու է Աշոտ Գրիգորյանի շահերը: Վերջինս, դիմելով դատարանին, նշեց, որ ինքը վճարունակ չէ, և չի ուզում անհարմար իրավիճակում հայտնվել: Դատավորը մեկ անգամ ևս պնդեց, որ Ռ. Ղազարյանը ամբաստանյալին կպաշտպանի անվճար:

Այնուհետև Աշոտ Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Ղազարյանը միջնորդություն ներկայացրեց գործին ծանոթանալու համար ողջամիտ ժամանակ տրամադրելու մասին: Նրան միացավ նաև Աղասի Հակոբջանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Դատավոր Ն. Օհանյանը «Խուստուփ» հեռուստաընկերության օպերատորին թույլ չտվեց տեսագրել դատական նիստը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործ է հարուցվել լրատվական գործունեություն իրականացնելու նպատակով Սիսիանի քաղաքապետարանի հիմնադրած «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատու Հասմիկ Եսայանի նկատմամբ:

Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter