HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոգայթ «Նատֆուդյան» ձևով. գործարարի խոստովանությունը

Խմբ. կողմից-Այս հոդվածը կարելի է վերնագրել «Հայկական բիզնեսի գաղտնիքները»: Այստեղ դուք կարող եք գտնել ամեն ինչ` ստվեր, հարկերից խուսափում, աշխատողների նկատմամբ ճնշումներ: Չգիտեմ` ինչպես կարձագանքեն այս հրապարակմանը հարկային, իրավապահ մարմինները, քրեական գործեր կհարուցվե՞ն, կպատժվե՞ն, արդյոք, մեղավորները, բայց սա, ցավոք, հայկական բիզնեսի իրական պատկերն է:

Ներսես Կոստանյան 

Ահաբեկում 

Ոտքս կոտրեր` «Նատֆուդ» չգնայի: Այդ օրը՝ 2012թ. հունիսի 18-ին, երբ մտա այս ընկերության վաճառքի գծով տնօրենի առանձնասենյակ, գլխիս փորձանք եկավ: Դեռ նոր էի Վահագն Նիկողոսյանի հետ ճշգրտում պարտք ու պահանջի հաշվարկները, երբ գործին խառնվեց կողքի աթոռին նստած խոժոռ դեմքով տղամարդը. «Ի՞նչ ես ձեռ ու ոտով խոսում»: Շրջվեցի ու տեսա, որ հսկայի զայրույթն ինձ է ուղղված: Խնդրեցի չմիջամտել՝ չիմանալով, թե ինչ կարևոր անձի եմ ընդդիմանում: Քիչ անց բանը գրեթե տուրուդմբոցի հասավ: Աժդահակը ոտքի կանգնեց, ոտքի կանգնեցի նաև ես: «Հիմա տալու եմ սպանեմ, վրես մարդ հաշվեն»,- այս խոսքը ևս ինձ էր «նվիրված»: Եվ եթե մեր երկուսի միջև չհայտնվեր վաճառքի տնօրենը, հավանական է` ինձ անհայտ մարդու ծանր բռունցքը իջներ ծերուկիս գլխին: Թե հետո ինչ էր լինելու, պարզ չէ, քանզի ժամանակակից հայհոյանքներով համեմվող աղմուկի վրա հայտնվեց ևս երեք մարդ, իհարկե՝ ոչ ինձ կողմնակից, և հաղթանդամ անձը դուրս եկավ սենյակից: Մինչ ես հուզմունքից կարկամած ծխում էի` անսպասելի ու վերահաս փորձանքից շանթահար, ինձ «հրավիրեցին» գլխավոր տնօրեն Հենրիկ Զախարյանցի մոտ: Այստեղ, 6-7 աշխատակիցների շրջափակման մեջ, միայնակ, միանգամայն անծանոթ միջավայրում՝ տնօրենի առանձնասենյակում, մոլորյալի նման չէի հասկանում, թե ինչ եմ պատասխանում գլխավորի հարցերին: Ականջիս էին հասնում միայն հետզհետե տաքացող Հ. Զախարյանցի անորոշ խոսքերը, որոնք վերաբերում էին ինչ-որ սենյակի, այնտեղ տանելուն ու ծեծելուն, թոռներիս ու զավակներիս վնասելուն: Բազմաբնույթ հարցապնդումներից ու իմ սոցիալ-տնտեսական վիճակին լիարժեք ծանոթանալուց հետո տնօրենը մեծահոգաբար առաջարկեց իր օգնությունը: Հետո ինչ-որ թղթեր բերեցին ու «առաջարկեցին» ստորագրել, ինչը ես արեցի՝ առանց տեքստին ծանոթանալու, ապա սիրալիր դուրս հրավիրեցին: Այդպես ավարտվեց 2012թ. հունիսի 18-ի իմ ոդիսականը: Տանը, երեկոյան, հեռուստաէկրանից հաղորդեցին «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկներին ծեծելու և նրանցից մեկի մահվան մասին: Ինձ հետ կատարվածն այդ օրվա լույսով էր. սկսվել էր մոտավորապես ժամը 13-14 ընկած հատվածում և ավարտվեց աշխատանքային ժամի ավարտին: Նախորոշված (հետո հասկացա) դեպքի զոհը կարող էի ես լինել. չէ՞ որ երկրի վրա ոչինչ չի կորչում, այլ մի վիճակից փոխակերպվում է մեկ ուրիշի: Հատկապես, որ ինձ սպառնացողն ու հայհոյողը նույն կարգի անձնավորություն է՝ անվտանգության աշխատող, ավելի ճիշտ՝ հսկան «Նատֆուդ» ընկերության այդ ծառայության պետն էր, որի մասին իմացա 2013թ. հունվարին, երբ նա երկրորդ անգամ նետվեց դեպի ինձ՝ ջարդուփշուր անելու անզուսպ ցանկությամբ:

«Նա այստեղի ամեն ինչն է»,- հսկային այսպես բնորոշեց գլխավոր հաշվապահ Երվանդ Պողոսյանը: Եվ ես անմիջապես հասկացա, թե ինչ մեծ վտանգից եմ մազապուրծ եղել, ու մարմնովս սարսուռ անցավ: Այ թե ինչ եմ արել՝ ելել եմ «ամեն ինչի» դեմ: Չարդարացված իգիթություն: Մի խոսքով՝ լավ պրծա:

Երևի, հարգելի ընթերցող, քեզ մոտ հարց կառաջանա. ո՞րն էր գերմարդու զայրույթի պատճառը, ինչո՞վ էի արժանացել նրա տագնապահարույց ուշադրությանը, ինչպե՞ս և որքանո՞վ էի վտանգել այդ ընկերության անվտանգությունը:

Պատմական անցք 

Դեռևս 2005թ. «Վալլետա» և «Կոստանդ» ՍՊԸ-ների միջև կնքվեց պայմանագիր, որով առաջինն իր արտադրանքը տրամադրում էր  երկրորդին, վերջինն էլ այն իրացնելու էր Լոռու մարզի տարածքում: Համագործակցությունը «Վալլետայի» նախաձեռնությամբ էր: Բանն այն է, որ մինչ այդ յուրաքանչյուր ամիս «Վալլետայի» առաքիչն ընդամենը մեկ-երկու անգամ այցելում էր Վանաձոր և 4-5 խանութով չէր կարողանում «շուկա» ստեղծել՝ ակտիվացնելու և մեծացնելու «Բիելլա» տեսակի երշիկեղենի վաճառքը: Անհրաժեշտ էր վստահելի, բանիմաց գործընկեր, և գտնվեց՝ «Կոստանդ» ՍՊԸ-ն: Կարճ ժամանակում գործը տեղից շարժվեց, և շուտով արտադրանքի իրացման ծավալները բազմապատկվեցին: Արտադրամասի պետ Կարենի տնօրինման օրոք ամեն ինչ գրեթե անթերի էր. և՛ արտադրանքի մատակարարումը, և՛ վճարման կարգը: Ամեն ինչ լավ էր ընթանում, երբեմն՝ նույնիսկ գերազանց: Երշիկագործների և իրացնողներիս փոխհարաբերություններում պակաս տեղ չկար՝ այն լիովին բարեկամական էր: «Գազելի» փոխարեն 2006թ. հատկացվեց «Ֆորդ» ավտոմեքենա:

Մի օր էլ` հերթական երեքշաբթի, հերթական անգամ ապրանք ստանալու համար հայտնվելով Աէրացիա 1 հասցեում` ընկա «Նատֆուդ» ՓԲԸ-ի «գիրկը»: Ոչինչ չէր փոխվել՝ ոչ տարածքը, ոչ շենքերն ու արտադրամասը, ոչ տնօրենն ու աշխատողները, ոչ պահակները, ոչ էլ անգամ՝ բակում թափառող շները: Նույն արկղերում և նույն կշեռքով նույն պահեստապետն ու բանվորներն ապահովեցին պատվիրված խմբաքանակը: Միակ թարմացումն այն էր, որ բեռնագրի վրա նշվեց «Նատֆուդ» ՓԲԸ անվանումը: Թե ուր և ինչպես անհետացավ «Վալլետան», ինձ չհետաքրքրեց: Անգամ ուշադրություն չդարձրի, որ նոր ընկերությունն ինձ հետ պայմանագիր չկնքեց` կարծելով, թե «Նատֆուդը» «Վալլետայի» իրավահաջորդն է կամ ժառանգորդը, քանի որ անցումն անաղմուկ էր, աննկատ: Մեզ համար ոչինչ չէր փոխվել՝ յուրաքանչյուր երեքշաբթի ստանում էինք ապրանքի խմբաքանակը, վճարում իրացվածի գումարը, հաշվարկվում էր զեղչը: Օրերից մի օր արտադրամասի պետի հետ մեր փոխհարաբերությունների մասին վիճելիս պարզվեց, որ ես՝ ՍՊԸ-ի տնօրենս, դարձել եմ «Նատֆուդ» ՓԲԸ-ի առաքիչը: Այդ պահից հաճախակի դարձավ իմ պահանջը՝ օրինականացնել կարգավիճակս, պայմանագիր կնքել: Ձայն բարբառո հանապատի …

Իրավիճակը բարդացավ, երբ ասպարեզում հայտնվեց «Վալլետայի» տիրոջ եղբայրը՝ Վահե Զախարյանցը: Բարեկազմ, բարձրահասակ, երիտասարդ այս մարդը, պարզվեց, լուրջ բարեփոխումների սիրահար է: Եվ նրա բոլոր «հեղափոխական» քայլերն ուղղվեցին առաքիչների և իրացնողների վարձատրման… նվազեցմանը: Սկզբում զեղչի չափն իջեցվեց, ապա «ներմուծվեց» վճարումների նենգավոր մի ձև, որը մինչ օրս զարմանք է պատճառում նույնիսկ ամենափորձառու հաշվապահներին:

Ինչպես զեղչել … զեղչը

«Կոստանդ» ՍՊԸ-ին գործընկերից վերածելով «առաքիչի»` գործադիր տնօրենը վերացրեց խանութներից վերադարձվող փչացած ու ժամկետանց մթերքի համար մինչև այդ տրվող 1,5 տոկոս զեղչը, որը  2010թ. ընդհանրապես չհաշվարկեց՝ հետագայում պատճառաբանելով, որ վերադարձ չի եղել: 2011թ., կարծես խղճի խայթ զգալով, վերադարձվող (ժամկետանց, փչացած) երշիկեղենի 3%-ը սկսեցին հետ ընդունել: Եվս մեկ նորամուծություն ծնվեց 2012թ.՝ «Դելիկատես» կոչվող տեսականու համար Վահե Զախարյանցը սահմանեց 11% զեղչ` նախորդ տարիների 13%-ի փոխարեն: Եվ դա արվում էր առանց գործընկերոջ՝ ինձ հետ համաձայնեցնելու: Ապրանքն իրենցն է, թելադրողն էլ` իրենք: Եվ ծնվեց ամենափայլունը՝ 2011թ. ապրիլի 1-ին ներդրվեց վճարումների խորհրդավոր  ձևը, մեթոդը: Պարզապես` գլուխգործոց: Այն «ներմուծվեց» նույն ընկերության «Պրեմիեր» սուրճի վաճառքի բաժնի մենեջերի նախաձեռնությամբ: Սուրճի բաժինը զեղչի զեղչման գյուտը կիրառել էր մոտ երեք տարի առաջ: Այն ժամանակ ես թակարդը չընկա՝ արագ հրաժարվեցի «Պրեմիերի» իրացումից, չնայած դրա որակն այնքան էր ընկել, որ Լոռու խանութներում արդեն զանգվածաբար հրաժարվում էին այն վաճառքի ընդունել: Վերջնահաշվում «Պրեմերն» անհետացավ ասպարեզից:

Իսկ ո՞րն է հանճարեղ մտածված ու կիրառվող «նորամուծության»՝ այսպես կոչված զեղչային նոր համակարգի իմաստը: Ամեն ինչ կարծես պարզ է ու հասարակ, անմեղ, առաջին հայացքից` նույնիսկ պարզունակ: Իրացնողը պետք է մուծեր իրացումից առաջացած ողջ գումարը և վերջում ստանար «աշխատավարձ»՝ 13%-ի չափով (ի դեպ, զեղչն այնքան էլ մեծ չէ, քանի որ դրա 3%-ը հատկացվում է խանութներին): Վերջում … Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Պարզվեց, որ այդ վերջը վերջ չունի, քանի որ իրացնողը` կոնկրետ «Կոստանդ» ՍՊԸ-ն, չունենալով «ավելորդ» գումարներ, չէր կարողանում և´ իրացման ծախսերը հոգալ (հարկեր, սոցվճարներ, ավտոմեքենայի նորոգում, բենզալցում, աշխատավարձ, էլեկտրաէներգիայի, վարձակալման վճար և այլն), և´ բավարարել «նատֆուդյան» պահանջը: Տարին ավարտում էր «պարտքով», որը գումարվում էր հաջորդ տարվա շրջանառության գումարին: Այսպես, «Նատֆուդի» հաշվապահությունը 2011թ. դեկտեմբերին «Կոստանդի» ուսերին բարձեց 4 477 167 դրամ (մեկ այլ հաշվարկով՝ 3 197 552 դր.)՝ 2012թ. շրջանառության գումարը մեծացնելով այդ «պարտքի» հաշվին, իսկ 2012թ. դեկտեմբերի 31-ին այն հասավ 5 023 186 դրամի: Հենց այդ օրը մեր փոխհարաբերությունները վերջնականապես սրվեցին: Դարձյալ շտապ «հրավիրվեցի» գլխավոր տնօրենի առանձնասենյակ: Հենրիկ Զախարյանցը մի ողջ պարկ լուտանքներ թափեց գլխիս: Սպառնալիքների շղթայում տեղ գտան կոկորդ կտրելու, իր սեռական ընդունակություններն ինձ վրա գործադրելու արտահայտությունները և խստագույն հրամանը՝ 2013թ. հունվարի 7-ին ներկայանալ իրեն՝ «պարտք» գումարով, այլապես ինձ կամ «Կոստանդ» ՍՊԸ-ի առաքիչին` որպես ստախոսի կապտակի, երբ հայտնվենք: Հեռանալիս ինձ մաղթեց «ուրախ նոր տարի»: Այդ պահին զայրույթի ցոլքերի փոխարեն նրա դեմքին նկատեցի ուրախության կայծեր, հանգստություն: Հաջորդ օրերին, երբ սթափվեցի, հասկացա «Նատֆուդի» տիրոջ հանգստության պատճառը. հոգեբանական հերթական ճնշումը լավ էր ստացվում, և հարկ չեղավ օգնության կանչել անվտանգության «ուժին»: Սրան վերջին անգամ հանդիպել եմ 2013թ. փետրվարին, երբ այդ ընկերության հաշվապահությունում պահանջում էի ինձ տրամադրել 2011 և 2012թթ. գրավոր հաշվարկները: Ինձ քաջածանոթ հսկան հարձակման հերթական փորձը կատարեց, որը տնօրեններն ակնթարթորեն կանխեցին (կարծես վաղուց փորձարկված եղանակով), իսկ գլխավոր տնօրենն ինձ ընդամենը «կոտոշավոր» անվանեց: Այդ բառը նա հնչեցրեց այնքան սահուն ու այնքան թեթևորեն, որ ես գրեթե չվիրավորվեցի՝ իմանալով նրա բառապաշարի աղքատությունը: Երևի նա կոտոշավորի փոխարեն ցանկանում էր ասել՝ համառն ես: Խնդիրն այն է, որ ես ընկալել էի «նատֆուդյան» թակարդի էությունը: Պարզ ու հասկանալի, ուղիղ և օրինավոր հաշվարկների միջոցով պարզել էի (նաև մասնագետների օգնությամբ), որ ոչ թե ես, այլ «Նատֆուդն» է ինձ պարտք: Այդ պահին ես պահանջում էի բացատրել իրենց խճողած, նախկինում ինձ տրամադրած՝ միմյանցից տարբերվող հաշվարկներում առկա թվերի նշանակությունը: Եվ հիշեցնում էի, այսպես կոչված, «իմ աշխատավարձի», ինձ վերջնահաշվարկ տրամադրելու մասին: Այս պահանջները բավականին մեղմացրել էին նախորդ «հյուրընկալությունների» կոպիտ երանգները: Իմ հարցումները «Նատֆուդ» եմ ուղարկել նաև գրավոր, երկու-երեք անգամ. քար լռություն, և մինչև օրս էլ մնացել եմ անպատասխան: «Նատֆուդականները» լռում են նաև իմ «պարտքի» մասին. ոչ ահազանգ, ոչ հոխորտանք, լռում են նաև իրենց պարտքի՝ «աշխատավարձի» մասին և դա վճարելու ցանկություն չեն հայտնում:

Ընթերցող հայրենակիցներիս թույլտվությամբ մի քանի մեկնաբանություններ կանեմ: Նշեմ, որ այս ընկերության ծառայությունների ղեկավարները՝ բացարձակապես բոլորը, ներկայումս տնօրեններ են, և այդ պատվավոր ուսադիրը նրանք կրում են նոր՝ երշիկեղենի առավել հզոր արտադրության գործարկումից հետո՝այս տարվա սկզբից: Այստեղ էլ կատարվեց դրամայի երկրորդ գործողությունը: «Թարմ» միջավայրում տնօրենների խումբը հասկացել է, որ ես վերջապես (թեև ուշացումով) ըմբռնել եմ վճարումների լավ մշակված, հղկված, կարելի է ասել` «հանճարեղ» մտածված մեթոդի՝ որոգայթի էությունը: Երկրորդ` որ հոգեբանական ճնշումները թակարդի բաղկացուցիչ մասերն են, որ խաղը տարվում է համագործակցված, բոլորի ջանքերով: Ինչպիսի~ տաղանդավոր արտիստներ է կորցրել հայկական բեմը: Ի դեպ, խուճապի նշաններ է ցուցադրել միայն հաշվարկների տնօրեն Երվանդ Պողոսյանը:

Հայկական միջավայրում զեղչային բազմաթիվ մանիպուլյացիաներ են կատարվում, սակայն «նատֆուդյանը» գերազանցում է բոլորին: Դրա «շնորհիվ» բազմաթիվ առաքիչներ են հեռացել ընկերությունից: Թե նրանցից քանի՞սն է անցել «ծեծի» սենյակով, ինձ հայտնի չէ: Գիտեմ միայն մեկին, որին «մշակելուց» հետո դուրս էին գցել՝ աչքի մոտի պատռվածքով: Դե եկ ու մի զարզանդիր:

Տեղեկանք

Ով եմ ես. «Կոստանդ» ՍՊԸ-ի տնօրենը: Եթե խղճիս վրա բեռ չվերցնեմ, չեմ ուրանա՝ ընկերությունս ստեղծել եմ «Պրեմիեր» սուրճի շնորհիվ, գործունեությունը շարունակել «Վալլետայի» աջակցությամբ, ընդհատվել է «Նատֆուդի» թակարդի բացահայտմամբ: Իմ ՍՊԸ-ն ոչ թե հարստանալու, այլ ապրուստի լրացուցիչ միջոց է եղել, քանի որ զեղչի հիմնական մասն ուղղվել է ծախսերը հոգալուն: Ավելին, շահույթը՝ տրված զեղչը, երբեք չի բավարարել «նատֆուդյան» մեթոդի պահանջը լիովին կատարելու համար: 2012թ. իմ բոլոր ջանքերը՝ աղջկաս միջոցով վարկ վերցնելը, կնոջս զարդերի և տնային արժեքավոր իրերի վաճառքը, աշխատանքային գործունեությունից վաստակածս չեն բավարարել հագուրդ տալու «Նատֆուդի» դիվային ագահությանը, քանզի վերջնագիծ չեմ հասել, որպեսզի վերադարձնեմ զեղչված զեղչը և գուցե ստանամ 2011-12թթ. կուտակված «աշխատավարձս»՝ շուրջ 13,5 միլիոն դրամի հասանելիքը:

«Նատֆուդ» ՓԲԸ-ի մասին: Մի ժամանակ մեծածախ առևտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» գերմարկետների ցանցով, ռեստորան-կաֆեներով, «Բիելլա» տեսակի երշիկեղենի արտադրությամբ, «Պրեմիեր» սուրճի փաթեթավորմամբ, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, արտասահմանյան ձիթապտղի և այլ մթերքների ներկրմամբ: Օր ու գիշեր չէր դադարում ծանրաքարշ բեռնատարների մուտքն ընկերության տարածք: Ռուս պարուհիները, որ հանգրվանել էին հենց ընկերության «ապարտամենտում» և արևահարվում էին դրա տարածքի  լողավազանի «ափերին», իրենց գիշերային ելույթներով լայն ճանաչում էին ձեռք բերել «վարիետեների» սիրահարների շրջանում:

Հետո եկավ անհաջողությունների ժամանակաշրջանը: Ընկերությունը վաճառեց «Սթարները», ապա փակվեց սուրճի արտադրությունը, դատարկվեցին սառնարանային հսկա պահեստները և, կարելի է ասել, եկամտի միակ ու հիմնական աղբյուրը մնաց երշիկեղենի արտադրությունը, որի համար վերակառուցվեց նոր տարածք Ջրվեժում: Մի խոսքով, «Նատֆուդի» սատանայական տագնապները 2-3 տարի առաջ ներխուժեցին ընկերություն, և սա մնաց երշիկեղենի և, թերևս, որոգայթների հույսին, որոնցից մեկի զոհն էլ դարձել եմ ես:

Բայց ոչ, «Նատֆուդը» Արէացիա 1-ից  ժառանգել և իր հետ Քոչինյան 13/10 հասցե է տեղափոխել գլխավորը՝ ստվերային «կապիտալը»՝ սև և սպիտակ թղթերով աշխատելու հարուստ փորձը:

Խնդրում եմ ինձ պատժել, ես հանցակից եմ

Կարդալով ստորև շարադրված տողերը` շատերն ինձ կանվանարկեն, ոմանք կզարմանան՝ ո՞վ է այսպես վարվում ու իրեն կրակը նետում, ոմանք խելագարության հետևանք կհամարեն: Բանտը գերադասում եմ  հոգեբուժարանից: Ծայրահեղ քայլին դիմելու ինձ դրդել են «նատֆուդականները»: Քաղաքավարության բոլոր կանոններով, հանդարտ ու մեղմ վարմունքով, բարեհոգաբար ու առանց չարության որևէ դրսևորման, այդ ընկերության ղեկավարներից խնդրել եմ արդարացի լինել և վճարել իմ «աշխատավարձը»: Հուսահատության հասցրած նրանց լռությունը և անտարբերությունն ինձ մղել են բանտախցի ուղեգիր ձեռք բերել և խոնջանալ ոչ ազատության մեջ, և հույս ունեմ` այնտեղ տեսնել իմ ոխերիմ «բարեկամներից» ոմանց: Ավելին, շատերն ինձ դրդում են դիմել այս քայլին՝ մշտապես հարցնելով (գլխավոր հարցը)՝ ինչու՞ ժամանակին չեմ դիմել իրավապահ մարմիններին քրեորեն պատժելի նշածս արարքների համար՝ հարձակում, հայհոյանքներ, սպառնալիքներ, ապօրինություններ, օրենսդրական խախտումներ և, վերջապես, «ստվեր»: Վախեցել եմ: Ոչ, զգուշացել եմ: Վիրավորանքները չմոռանալով հանդերձ` փորձել եմ Զախարյանցներին հասկացնել՝ ամեն ինչ խաղաղ վերջացնելու հորդորով: Չի ստացվել: Վերջիններս կարծես թե ավելի են հակված քրեական դատաքննության դաշտ տեղափոխել հատկապես 2012թ. հունիսի 18-ին կատարվածը: Է՜, թող լինի այն, ինչ լինելու է …

«Նատֆուդի» տարածքում, առանձնասենյակներում հաճախ եմ տեսել հարկային ծառայության աշխատողների: Թե ի՞նչ են հայտնաբերել նրանք ընկերությունում` ինձ հայտնի չէ: Սակայն նկատել եմ, որ նրանց հայտնվելու  հետ «անհետացել» են բազմաթիվ երշիկագործներ՝ հաշվապահության աղջիկներից և արտադրությանը օժանդակող տղաներից: Նման պահերին այստեղ հայտնված իրացնողներին անմիջապես առաջարկվել է կա´մ բարձված «Ֆորդերը» տեղից չշարժել կամ լիարժեք, այսինքն՝ ստացած ապրանքի չափով «ֆակտուրա» վերցնել: Որքան ենք հրճվել, երբ մեկ-երկու անգամ ստուգողներին ենք մեկնել բեռնագիրը, որի թվերը չեն համապատասխանել ավտոմեքենայի պարունակությանը: Մարդիկ հավատացել և չեն ստուգել` թերևս մտածելով, թե ո՞վ կհամարձակվի իրենց ներկայությամբ տանել չգրանցված ապրանք:

Նրանց չեն հետաքրքրել վաճառքի բաժնի և հաշվապահության  դատարկ աթոռները, անգործության մատնված  համակարգիչների առկայությունը: Դրանց «տերերը»  հայտնվում են հարկային ծառայողների հեռանալուց հետո, և շարունակվում է «սև» ու «սպիտակ» թվերի հանման ու գումարման գործընթացը: Եթե ծանոթանալու գայթակղությունը ստուգողներին մղեր լուսավորելու համակարգիչների էկրանը՝ ինչե՜ր կգտնվեին, ինչպիսի՜ «գաղտնիքներ» կբացահայտվեին: Անթիվ, անհամար բեռնագրեր՝ գրանցված, համարակալված «սև» հաշվապահության ֆայլերում, փաստաթղթեր՝ մշտապես թաքցվող «սև» փաթեթներում, որոնք կրում են սոսկ իրացնողների ստորագրությունը, ապրանքագրեր, որոնք երբևիցե չեն ստորագրում ու կնքում տնօրենները: Եվ «Ֆորդերը» ճանապարհ են ընկնում առանց բեռի մեծ մասի օրինականացման:

Հենց միայն մեր օրինակով կարելի է բացահայտել «ստվերային» գործարքների չափն ու ծավալները: Բավական է վերցնել վճարումների՝ ինձ տրված անդորրագրերը, և հայտնի կդառնա պետությունից թաքցրած գումարների մեծությունը: Կարող եմ բերել վերջին երկու տարվա օրինակը: Օրինականը կազմել է ստացված ապրանքի ընդհանուր քանակի 30-35 տոկոսը: Պատկերացնու՞մ եք, թե որքան ԱԱՀ, շահութահարկ և եկամտահարկ չի վճարվել:

Գուցե հարց առաջանա. եթե դու ցավող, ազնիվ մարդ ես, ինչու՞ ես բացահայտման ուշացած այս քայլին դիմել: Որովհետև նախկինում գործակցության ժամանակ այլ կերպը «Նատֆուդի» ղեկավարներին ձեռք չէր տալիս, և նրանք պատրաստ են ցանկացած ընդդիմացողի ելքի դուռը ցույց տալ, իսկ ինձ համար իրացնողի աշխատանքը խիստ կենսական անհրաժեշտություն էր: Ստվերայինից մենք չենք շահել: Այսպես, թե այնպես, օրինական, թե անօրինական, միևնույն է` իրացնողներս սոսկ 13 տոկոս զեղչի տերն ենք և երկրորդի դեպքում մենք միայն վտանգում ենք մեզ՝ դառնալով տեր-երշիկագործների ակամա համախոհները:

Մեղավորության ի՞նչ բաժին ունեն ստուգողները: Մի՞թե նրանց երբևիցե չեն հետաքրքրել երշիկեղենի արտադրության հզորությունը, օրական թողունակությունը և իրացման թվերը: Դարձյալ մեր օրինակով. պատկերացրեք՝  Վանաձոր մեկնող «Ֆորդը» յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը «Նատֆուդի» դարպասներից դուրս է եկել՝ տանելով (օրինական) 300-350 հազար դրամի երշիկ: Այս գումարի 20 տոկոսը ԱԱՀ-ն է: Հիմա մի փոքր թվաբանություն. նշված գումարի 13 տոկոս զեղչը կազմում է 39000-45500 դրամ: Մարզի խանութներն այցելելու համար ծախսվում է 50-60 լիտր սոլյարկա՝ շուրջ 24000 դրամ: Մի՞թե  մնացած գումարի հաշվին հնարավոր էր հարկեր վճարել, նորոգել արդեն հնամաշ ավտոմեքենան, աշխատավարձ տալ և այլ անհետաձգելի ծախսեր կատարել, եթե օգնության չգար «ստվերայինը», որը գրեթե մշտապես 2-3 անգամ գերազանցել է օրինականին:

Հատկապես վերջին 2-3 տարիներին «Նատֆուդում» լիովին մոռացել են օրինականության մասին: Չեն թարմացվում պայմանագրերը, կնքվում նորերը, իրացնողներին չեն ծանոթացնում և նրանց հետ չեն համաձայնեցնում կատարվող փոփոխությունները, ղեկավարները չեն ստորագրում և կնքում հաշվարկները, անգամ ընկերության անվանումը չի նշվում (հեռահար նպատակ), չեն կնքվում բեռնագրերը,  նաև` վճարման անդորրագրերը: Իմ «պահոցում» մի քանի տասնյակ այդպիսի փաստաթղթեր են պահպանվում:

Կարող եմ բազմաթիվ այլ փաստեր թվարկել, սակայն չեմ ցանկանում մանրամասնորեն հիշել վերադարձվող երշիկեղենի՝ ժամկետանց և խոտան արտադրանքի մնացորդների վերամշակման և կրկին օգտագործման մասին, ինչը մի քանի անգամ տեսնելով` արդեն բավականին երկար ժամանակ զզվանքով հրաժարվել եմ «Բիելլա» երշիկի համտեսումից: Կարիք չկա նշել երկու տասնյակից ավելի մարդկանց (գլխավոր հաշվապահներ, հաշվետարներ, մենեջերներ, ծառայողներ, բանվորներ), որոնք հեռացան` զգալով վտանգը, դժգոհ վճարումների պարբերականությունից, չհանդուրժելով ընկերությունում ծլարձակած նորահայտ բարքերը:

 Վերջաբա՞ն

Վահե Զախարյանցի հետ վերջին հանդիպման ժամանակ, ազնվագույն քայլ համարելով, հայտնեցի իմ հետագա անելիքը՝ դիմելու եմ դատարան, որտեղ անպայման կպահանջվի ներկայացնել գործարքների հիմքերը, որոշակի փաստաթղթեր, որին կհետևի քրեական գործի հարուցում: Գործադիր տնօրենն ընկճված ասաց. «Դրանից դու էլ կտուժես»: Իմ պատասխանը հստակ էր՝ «թեկուզ»:

Այժմ իմ խիղճը հանգիստ է: Ես ամեն ինչ արել եմ` «Նատֆուդի» ղեկավարներին մղելու արդարության վերականգնմանը և հեռու պահելու գալիք չարիքից: Ապարդյուն: Հավանական է, որ նրանք հակված են ինձնից «փրկվել»՝ օգտագործելով իրենց ֆինանսական կարողությունները և հովանավորչական հզորությունները, անվտանգության «բանակը»:

Իմ բացահայտումները չպետք է վրեժխնդրություն որակել, այլ պատժիչ քայլ, հատուցում, որին ես դիմում եմ՝ իմ անձի զոհաբերության գնով:

Ցանկանում եմ ոչ բառացի հիշատակել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդամենը վերջերս արտահայտած միտքը. «Ես դեմ չեմ հարստանալուն, սակայն հարստությունը պետք է ձեռք բերել ազնիվ, մաքուր ճանապարհով»:

Խոստովանանքս համարում եմ ապաշխարանք, մեղքերի թողության հայց, և առողջ գիտակցությամբ հոդվածիս նշած բացահայտումները հասցեագրում հանրապետության դատախազությանը, ոստիկանության տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչությանը՝ որպես դիմում, քանզի հանցավոր գործընթացը շարունակվում է ցայսօր:

Հ. Գ. Ինչո՞վ այս պատմությունը դետեկտիվ չէ, մանավանդ` այն չի ընդհատվել: Ճիշտ է, գործը դեռևս բռնցքամարտի չի հասել, կրակոցներ չեն հնչել, սակայն դրանց նախադրյալները կան: Մի քանի ամիս առաջ, օրինակ, տնօրենը և անվտանգության պետն ապտակներ են փոխանակել, և նրանցից մեկին, ով շաքարախտով է տառապում, բուժօգնություն է ցուցաբերվել:

Այժմ «ճակատամարտը» տեղափոխվել է իրավական դաշտ. դատարաններում բացահայտվել են լրացուցիչ փաստեր, ասպարեզ են բերվել անօրինական և ստվերային փաստաթղթեր, դատավորներից մեկը, չկողմնորոշվելով, ոչ-ոքի արդյունք է գրանցել, մյուսը վճռել է հակառակ կողմի օգտին՝ զանց առնելով բախման հետ առնչվող իրադարձությունները, ստախոսությունն ու խարդավանքը բացահայտվել է բարերար տնօրենի՝ վրիժառու «օգնության» և (շոկային վիճակում) իմ ստորագրած թղթի «գաղտնիքը»:

Դեռևս «աննկատ» են մնացել և գնահատական չեն տրվել այնպիսի երևույթների, ինչպիսիք են մարդու շահագործումը մարդու կողմից, աշխատանքային օրենսդրության խախտումները, տնտեսական հանցագորությունները՝ անօրինական գործունեություն, հարկերից խուսափում, գումարների լվացում, ավելացել են մարդու իրավունքների անտեսումները, ի հայտ են եկել կեղծված փաստաթղթեր: Իրավական դաշտում ցցուն են դարձել կողմնակալության, քրեորեն պատժելի արարքներն անտեսելու դրսևորումները և այլն:

Սրանք, սակայն, արդեն այլ՝ հին նոր թեմաների առարկա են, ոչ պակաս հետաքրքիր և լարվածությամբ լի, որոնցում ցուցադրվել են արդարություն կերտողների ջանքերն ու թվացյալ անշահախնդիր մոտեցումներն անօրինականությունների գնահատման գործում:

Արկածային դեպքերի սիրահար լրագրողներին խորհուրդ եմ տալիս հետևել այս գործընթացին: Ժամանակակից գործարարության ջատագովներից մեկի հետ առնչվելով` կարող եք բավականին հյութեղ հոդվածներ հեղինակել կամ աշխարհահռչակ խուզարկուներին արժանի հետնորդ դառնալ՝ լուծելով հաշվապահական «բարդ» խնդիրներ և խճճված փոխհարաբերությունների մի շարք գլուխկոտրուկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter