HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպե՞ս են խաբել ՊՆ-ին

ԼՂՀ պաշտպանության բանակում 2012-ին հայտնաբերված գոմեշի մսի գործը, ինչպես հայտնի է, հանգուցալուծվեց: Սեպտեմբերի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Նապոլեոն Օհանյան) մեղադրական վճիռ կայացրեց գործով հիմնական մեղադրյալ, գործարար Ալբերտ Օհանջանյանի հանդեպ:

Հիշեցնենք, որ տավարի մսի փոխարեն բանակին մատակարարված գոմեշի մսի գործով մեղադրանք էր առաջադրվել 5 հոգու. Կապանի «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի (վերջինս զորամասի կարգավիճակ ունի) պետին (փոխգնդապետ, որը, փաստորեն, զորամասի հրամանատար է), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորին, նույն զորամասի պահեստարանի պետ ենթասպային, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետին (փոխգնդապետ):

Օհանջանյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»), իսկ զինվորականներին մեղսագրվել է ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով»): Ընդ որում՝ բացի ՊԲ պարենային ծառայության պետից՝ մյուս զինվորականները ազատվել են ծառայությունից:

Դատաքննության ընթացքում ի հայտ են եկել մանրամասներ, որոնք մինչ այժմ անհայտ էին այս գործով հետաքրքրվող լայն շրջանակներին:

Այսպես՝ 2012-ի հունիսին հարուցված քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010-ի դեկտեմբերին կապանցի գործարարը, որպես ֆիզիկական անձ, պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ եւ պարտավորվել 2011-ի ընթացքում գնել, մթերել խոշոր եղջերավոր անասուններ կենդանի վիճակում, հետո իր ՍՊԸ-ի միջոցով ողջ անասնագլխաքանակը ենթարկել սպանդի, կատարել հովացում, վերամշակում, փաթեթավորում, խորը սառեցում եւ երկարատեւ պահպանում: Ավելի քան 2 մլրդ դրամ արժողությամբ եւ 1165 տոննա կշռով խոշոր եղջերավոր անասունի առաջին եւ երկրորդ կարգի ոսկրոտ միսն ու առաջին կարգի ենթամթերքը պետք է մատակարարվեր ՊՆ-ին: Բայց պարզվել է՝ նշված քանակից 82 տոննան այլ միս է եղել:

«Հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, դիմելով խաբեության, այն է` տարբեր մարզերի համայնքներից անասունների վաճառքի վերաբերյալ տեղեկանքներ է ձեռք բերել, որոնցում անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է մտցրել, ձեւակերպել բազմաթիվ կեղծ գնման ակտեր, որից հետո չարաշահելով իր՝ ՀՀ ՊՆ հանձնակատարի նկատմամբ ձեւավորված վստահությունը, վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ՊՆ, որոնցով հիմնավորել, թե իբր կատարել է նշված պայմանագրով ստանձնած պարտականությունները, սակայն ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի ոսկրոտ մսի գնման համար 1 կիլոգրամը 1548 ՀՀ դրամ հաշվարկով ստացված գումարը հափշտակել է` ՊՆ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս»,- նշվել է մեղադրանքում:  

2012-ի օգոստոսի 29-ին Օհանջանյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 1-ին նրան մեղադրանք էր առաջադրվել, ու գործարարը կալավորվել էր, չնայած 2013-ի մայիսի 7-ին խափանման միջոցը փոխվել էր, եւ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրյալը դատարանում միջնորդել էր արագացված դատաքննություն իրականացնել եւ ընդունել մեղքը: Դատարանն էլ հաշվի էր առել պատճառած վնասն ամբողջությամբ հատուցելը, զղջումը, նախկինում դատված չլինելն ու նշանակել նվազագույն պատիժ՝ 4 տարվա ազատազրկում՝ առանց գույքի բռնագրավման: Միաժամանակ դատարանը նպատակահարմար է գտել պատիժը կիրառել պայմանական ու 4 տարվա փորձաշրջան նշանակել: Գործարարն էլ հայտարարել է, որ չի բողոքարկելու վճիռը: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
,,Մեր,, դատարանը նպատակահարմար է գտել պատիժը կիրառել առանց գույքի բռնագրավմամբ ու պայմանական 4 տարով: Ուրեմն այսպիսի դատարանի համար հայ զինվորին անորակ սնունդ տալը կամ ՊՆ-ի պետական միջոցների խմբակային յուրացումը պետական դավաճանություն չէ: Այս պայմանականորեն դատարան կոչվածի համար մեծ հանցագործը Շանթ Հարությունյանի որդին` անչափահաս Շահենն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter