HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ալումյան. «Աբսուրդ է, երբ մարդը, ով քրեական գործով պիտի լիներ տուժող, հանկարծ դարձավ մեղադրյալ»

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում  սեպտեմբերի 24-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: 

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցրած, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին:

Դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը, տուժող Լորետա Բարսեղյանը (Սուրիկ Խաչատրյանի կինը), ինչպես նաեւ վկաներ Տրդատ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը եւ Կարինե Հարությունյանը:

Նիստին չէր ներկայացել այս գործով որպես վկա ներգրավված Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը,  ով   Լ. Բարսեղյանի՝  դատարանին տված բացատրության համաձայն` գտվում է ՌԴ-ում եւ չի կարող ներկայանալ դատական նիստին: Սակայն ամբաստանյալ Ա. Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերընթերցեց բացատրությունը, ըստ որի Տ. Խաչատրյանը  «ներկայումս բացակայում է եւ՛ հաշվառման, եւ՛ փաստացի բնակության վայրերից: Տեղեկության համար հայտնում եմ, որ որդիս հանդիսանում է ՌԴ քաղաքներից մեկի ուսանող» եւ ավելացրեց, որ բացատրության մեջ նշված չէ, որ Տ. Խաչատրյանը բացակայում է ՀՀ-ից, ուստի կրկին միջնորդություն ներկայացրեց բերման ենթարկել Տիգրան Խաչատրյանին: Բայց, քանի որ դատարանը նախորդ դատական նիստին արդեն  որոշում էր կայացրել Տ. Խաչատրյանին բերման ենթարկելու մասին, որոշումը մնաց անփոփոխ:

Նիստին չէր ներկայացել նաեւ տուժող Նիկոլայ Աբրահամյանը, ով, ըստ բացատրության, բուժվում է Գորիսի բժշկական կենտրոնում: Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Անհեթեթություն է, որ այս գործում կա մի տուժող, ով որեւէ բանից չի տուժել այն մեղադրանքից, որը քննվում է դատարանում»,- ասաց նա: Ռ. Սահակյանը  շարունակելով խոսքը հայտարարեց, թե արդյոք ճի՞շտ է Էմիլ Բուդաղյանին՝ Արտակ Բուդաղյանի հորն անվանել տուժողի իրավահաջորդ: «Արդյոք Է. Բուդաղյանը պետք է կոչվի մեղադրանքի կողմ, նստի մեր կողքին եւ իրավունք ունենա այնպիսի հարցեր տալու, որ կմեղադրեն իր որդուն, սա, իրոք, աբսուրդ է»,- հայտնեց փաստաբանը:

Այս հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաեւ ամբաստանյալի պաշտպան Հ. Ալումյանը, ով կարծում է, որ ստեղծված իրավիճակը` այն, որ Էմիլ Բուդաղյանը տուժողի իրավահաջորդ է, իսկ Նիկոլայ Աբրահամյանը՝ տուժող, «նախաքննության ընթացքում ստեղծված ապսուրդի հետեւանքն է»:  «Նախաքննության փուլում աբսուրդային որոշումների արդյունքում գործը գլխիվայր է շուռ եկել: էդ աբսուրդը, երբ մարդիկ կան, ովքեր քրեական գործով անցնում էին որպես մեղադրյալ, հանկարծ ազատվեցին քրեական պատասխանատվությունից, իսկ մարդը, ով քրեական գործով պիտի լիներ տուժող, հանկարծ դարձավ մեղադրյալ»,- հայտարարեց պաշտպան Հ. Ալումյանը:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարեց անցնել ապացույցների հետազոտությանը: Տեսաձայնագրությունների հետազոտության ընթացքում կողմերի կարծիքները երբեմն հակասում էին իրար, որոնց վերաբերյալ նրանք հանդես էին գալիս հայտարարություններով:

Հ. Ալումյանի կողմից միջնորդություն ներկայացվեց հետազոտելու նաեւ խոհանոցում տեղի ունեցած խոսակցության տեսաձայնասկավառակը, սակայն Ռուբեն Սահակյանը առարկեց՝ պատճառաբանելով, որ այն «ակնհայտորեն չի վերաբերում այս մեղադրանքին»: Սակայն, երբ դատավոր Ն. Օհանյանն ասաց, որ արդեն որոշում է ընդունել ամբաստանյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը բավարարելու մասին, Ռ. Սահակյանը հանդես եկավ նոր միջորդությամբ. որով բացարկ հայտնեց դատավորին՝ գործը ոչ  անաչառ եւ անկողմնակալ քննելու համար, սակայն դատավոր Ն. Օհանյանը մերժեց միջնորդությունը եւ շարունակեց դատական նիստը:

 Տուժողի ներկայացուցիչը հանդես եկավ նոր միջնորդությամբ, որով առաջարկեց խոհանոցի խոսակցությունը հետազոտել փորձագետի մասնակցությամբ, քանի որ Քրեական Օրենսգրքի 344 հոդվածի համաձայն` անհրաժեշտության դեպքում փորձագետը հրավիրվում է դատական քննության եւ մասնակցում փորձաքննության առարկային վերաբերող ապացույցների հետազոտմանը:  «Այս տեսաժապավենի որակը շատ վատն է. եկեք այն լսենք փորձագետի մասնակցությամբ»,- նշեց նա:

Դատավորը, կողմերից որեւէ առարկում չլսելով, բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստ նշանակեց հոկտեմբերի 2-ին: Հաջորդ դատական նիստին կշարունակեն հետազոտել ապացույցները եւ կլսեն տուժող Լորետա Բարսեղյանին: 

 

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Շատ ճիշտ ես ասում Կարեն ջան, բայց էդ սաֆարովները բանի տեղ չեն դնում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter