HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն նկարելուց հոգուս մի մասնիկն եմ թողնում»

«Մարաշլեան» ֆոտոատելիե»: Սա լուսանկարների մակագրություն է, որտեղ հիմնականում պատկերված են 19-րդ դարի հայկական տարազներով և ռետրո ոճային հագուստով մարդիկ՝ մեր օրերից: Հատկապես վերջին մի քանի ամիսներին այդ նոստալգիկ լուսանկարները տարածվում են սոցցանցերում: Այդ պատմական անցումների հեղինակը լուսանկարիչ Էմմա Մարաշլյանն է:

Լուսանկարչատան սրահը սպիտակ տարածություն է, որը կինոէկրանի է նման: Այդտեղ կոկիկ դասավորվել են կանացի և տղամարդկանց տարազները, զամբյուղի մեջ գուլպաները, արծաթյա զարդեղենը: Մեծ պատուհաններն առանց վարագույրերի են, որտեղ տեղադրված են տարազներով մանեկեններ: Սրանք, կարծես, երկխոսության մեջ են փողոցի անցորդների հետ: Սենյակի կենտրոնում հայկական կարպետն է, որի վրա էլ կառուցվում են նոստալգիկ կերպարները: Այս ամենը, անհավանական է, կարող ես միանգամից որսալ, հետո արդեն մասնատել այդ պատկերները:

Ես կողքից հետևում եմ սրահ եկած մի ընտանիքի, որը պատրաստվում է լուսանկարվել. կինն է՝ երկու երեխաների հետ, և ամուսնու ծնողները: Նրանք տարազներ հագան, սրահի էներգետիկան հանկարծ փոխվեց: Ինչ-որ թրթիռների փունջ է հայտնվել: Տարեց կնոջ հագին Զանգեզուրի տարազն է, ձայնի մեջ անհանգստություն կա: Տարազի մեջ քայլում է ուղիղ, հայացքի մեջ տեսանելի է հեզությունը: Ընտանիքով շարվում են իրար կողքի՝ պապիկն ու տատիկը նստել են՝ ծնկներին երկու թոռները, նրան հետևում կանգնել է հարսը: Տարազների էներգետիկան շատ ուժեղ է: Այս մասին նշում է Էմմա Մարաշլյանը: Տարազ հագնելուց հետո միանգամից տեսանելի է լինում մարդկանց կերպարանափոխումը՝ մեջքները ուղիղ են դառնում, կանանց հայացքում խոնարհություն է իջնում: Մի քանի դետալներ ուղղելուց հետո մնում է լուսանկարել: Այս մասին ասում է լուսանկարչուհին:

Էմման 20 տարուց ավելի բնակվել է Մոսկվայում: Հայաստան է վերադարձել 2010 թ.-ին՝ ընտանիքի հետ: Երկրորդ երեխան ծնվել է Հայաստանում: Երևան տեղափոխվելուց հետո էլ որոշել է լուսանկարչատուն բացել: Գեղանկարչության հանդեպ առհասարակ, ասում է, սեր ունեցել է մանկության տարիներից, նկարչական խմբակներ էր հաճախում: Հետագայում այդ հմտություններն օգնում էին բժշկական ակադեմիայում, երբ մարդու օրգաններ, բույսեր, կենդանիներ պիտի նկարեին: Էմման մասնագիտությամբ դեղագետ-տեխնոլոգ է՝ Մոսկվայի բժշկական ակադեմիան է ավարտել: Դրան զուգահեռ՝ որպես նախասիրություն, լուսանկարներ էր անում: 2006-07 թթ. լուսանկարչական դասընթացների է հաճախել:

Լուսանկարչության և բժշկության կապի մասին ենք խոսում: Ասում է՝ «քանի որ իմ առաջին մասնագիտությունը մարդկանց հետ գործն է, ես շարունակեցի այն՝ էլի շփվում եմ նրանց հետ, նրանք էլի ինձ համար իմ «պացիենտներն» են»: Ժպտում է: Նրա խոսքով՝ լուսանկարչությունն էլ բժշկության պես է, բայց այդ դեպքում գործ ունես մարդկանց հոգիների հետ: Դիմանկարային լուսանկարներում մարդիկ իրենցից անկախ դրսևորում են իրենց իրական «ես»-ը, բնավորությունը: «Միայն նկարելը չէ, եթե նույնիսկ տեխնիկապես ուժեղ նկարիչ լինես, բայց չկարողանաս հայացքի մեջ բռնես ինչ-որ ասելիք, որ դեմքը խոսող լինի քեզ հետ, դժվար է»,- ասում է լուսանկարչուհին:

Ավելի շատ նախընտրում է անել կանացի դիմանկարները, և այդ դեպքում կարևոր է կնոջը կանացի ներկայացնելը: «Ամեն նկարելուց թողնում եմ հոգուս մի մասնիկը, կարծես, հոգուս մի տաք անկյուն եմ նվիրում: Կան նկարներ, որտեղ տեսնում եմ իմ աչքերը, իմ բնավորությունը, իմ հայացքը: Անկախ իրենց ցանկությունից, իրենք բացում են իրենց, և դու գիտես, թե ով է այդ մարդը քո առջև»,- նշում է Էմման:

Ֆոտոատելիեն բացել է նախորդ տարվա հուլիսին: Նախքան դա մտածում էր հիմնել մի բան, որը կունենա ինտելեկտուալ հիմք և զարգացումներ: Հետո, նշում է, որ քանի որ իրենք ընտանիքով կապված են հայկական թեմատիկային (Էմմայի հայրական արմատները Ջուղայից են, մայրականը՝ Մուշից), ֆոտոատելիեին ևս ներարկել են այն:

Տարազներ ձեռք բերելու համար համագործակցում են «Տերյան» մշակութային կենտրոնի հետ: Լուսանկարչատանը հիմա աշխատում են 4 հոգով՝ երեք լուսանկարիչներն են, մեկը՝ մենեջերը: Երբ ֆոտոատելիեն նոր էր բացել, անհանգստություն կար, թե ինչպես մարդիկ կարձագանքեն նման մտահղացմանը: Սկզբից իր ընկերներից մի քանիսին լուսանկարեցին, հետո արդեն «տարազով» լուսանկարները սկսեցին տարածվել սոցցանցերում:

Ասում է՝ ներքին զգացումներով է կապված հայկական տարազների հետ, և երբեմն բարկանում է, երբ խեղաթյուրում են դրանք: Ըստ նրա՝ այսօր շատ քիչ խմբեր են լինում, որոնք ներկայացնում են տարազն առանց աղավաղումների:

«Գնում ես թանգարան՝ չի կարելի նկարել, չի կարելի երևի երկար նայել հագուստին, որը չկա ոչ մի պետությունում: Վրաստանը մի գիրք է հրատարակել դոկոմունտալ արխիվներից հանած տարազների մասին, որտեղ ինչ-որ տեղ մեր տարազներն են ներկայացրել՝ որպես իրենց տարազ, և [մերոնք] հանգիստ են վերաբերվում, թե Վրաստանն ինչ է ներկայացնում: Իսկ մեզ մոտ, կարծես, անհասնակալի բաներ կան»,- ասում է լուսանկարչուհին: Առաջիկայում Հայաստանի պատմամշակութային վայրերում էլ մարդիկ կարող են լուսանկարվել տեղանքին բնորոշ տարազներով: Սա, սակայն, դեռ ուրվագծային պատկեր է: 

Լուսանկարները՝ ֆոտոատելիեի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Գաբրիելյան Հասմիկ
Սկզբում մի պատահական նկար տեսա սոցցանցում.միանգամից դուր եկավ,որովհետև մանկուց սեր ունեմ տարազների հանդեպ։Եթե Երևան գամ,անպայման լուսանկարվելու եմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter