
Կամուրջ՝ Ռումինիայի Գեորգեն և Ալավերդի քաղաքների միջեւ
Այսօր Ալավերդու քաղաքապետարանում Ռումինիայի Գեորգեն քաղաքի քաղաքապետ Յանոշ Մեզեյը և Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր` ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կազմակերպված Ռումինիայի տարբեր քաղաքներ ներկայացնող պատվիրակության այցի շրջանակներում: Այցի նպատակն է խորացնել համագործակցությունը Ռումինիայի և Հայաստանի քաղաքների միջև:
«Քաղաքների ընտրությունը կատարվել է տարբեր չափանիշներով, այդ թվում հաշվի է առնվել բնակչության թիվը, աշխարհագրական դիրքը, տնտեսական զարգացման առկա վիճակը, կարևորվել է նաև հայկական համայնքի առկայությունը, որտեղ հայերը իրենց մասնակցությունն են ապահովում Ռումինիայի զարգացմանը»,- ասաց քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Պայմանագրով իրականացվելու են մշտական համագործակցություն մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում: Երկու քաղաքները մշակելու են զբոսաշրջության զարգացման ծրագրեր, բնակչութայն միջև հաստատվելու են տարաբնույթ կապեր, ապահովվելու է նաև փոխշահավետ տնտեսական համագործակցություն: Հանդիսավոր արարողությանը Ռումինայի պատվիրակության կազմում ներկա էին Տուլչայի նահանգային խորհրդի փոխնախագահ Վասիլե Ստրատը, Գեռլա, Թրգու-Օկնա քաղաքների քաղաքապետեր Մարիոս Սաբոն և Շտեֆան Սիլոկին , Բոտոշան քաղաքի փոխքաղաքապետ Կատալինա Կամելիա Լուպաշկուն , «Բոտոշանի մետրոպոլիայի շրջան» միջհամայնքային զարգացման միության նախագահ Ֆլորին Էգները և Դանուբի Դելտայի բիոսֆերայի արգելոցի կառավարիչ Լուչիան Էդվարդ Սիմիոնը: Ներկա էին նաև Ալավերդի համայնքի ավագանիներ և քաղաքապետարանի աշխատակիցները: Յանոշ Մեզեյը և Արտավազդ Վարոսյանը մինչ համագործակցության պայմանագրի ստորագրելը, ներկայացրեցին բարեկամ քաղաքների տնտեսական և մշակութային նկարագիրը: Յանոշ Մեզեյը ներկայացրեց Գեորգեն քաղաքի հայկական համայնքը, որտեղ ապրում են շուրջ 1000 հայեր: Ըստ բանախոսի Գեորգենի հայկական համայնքը հիմնադրվել է 1640թ.-ին : Ունի իր եկեղեցին: «Գործնականում Գեորգենի հայերը չեն խոսում հայերեն լեզվով, բայց նրանք կառուցել են իրենց հայկական տունը, այսինքն մշակութային կենտրոնը , որտեղ պահպանում են հայկական ավանդույթները: Ես որպես քաղաքապետ աջակցում եմ նրանց ցանկությունների իրականացմանը»,- ասաց Յանոշ Մեզեյը: Պարոն Մեզեյի խոսքերով հայ բնակիչները իրեն պատվիրել են կառուցել սիմվոլիկ կամուրջ Ռումինիայի և Հայաստանի, ինչպես նաև Գեորգեն և Ալավերդի քաղաքների միջև: Ռումինացի քաղաքապետը հիացած էր հայկական հյուրընկալությամբ, ասաց, որ շփվել է հետաքրքիր շատ հայ մարդկանց հետ և գտել է ընդհանուր եզրեր Հայաստանի և Ռումինիայի միջև: Նա նկատել է հայ ժողովրդի հատուկ վերաբերմունքը իր անցյալի, իր ավանդույթների պահպանման և այլ երկրներում ապրող հայրենակիցների նկատմամբ:
«Ձեզ դիմում եմ խնդրանքով, որպեսզի դուք մեզ հետ միասին կարողանանք կառուցել բարեկամության սիմվոլիկ կամուրջ: Դա կլինի շատ մեծ բավականություն և մեծ նվեր Ձեր հայրենակիցներին, ովքեր ապրում են մեր քաղաքում: Վստահ եղեք, որ դուք մշտապես մեզնից կստանաք աջակցություն»,- ասաց Յանոշ Մեզեյը:
«Հետքի» հետ զրույցում վերջինս հիացմուքով խոսեց իր ղեկավարած համայնքում բնակվող հայերի աշխատասիրության մասին:
«Հայերը բնակվում է մեր քաղաքի հին թաղամասերում, որոնք կառուցվել են հայկական համայնքի ջանքերով: Նրանք եղել են հրաշալի վաճառականեր և երկար տարիներ նպաստել են մեր քաղաքի զարգացմանը»,- ասաց Յ. Մեզեյը:
Մեկնաբանել