Սև դագաղի մեջ պառկած կինը (պատմվածք)
Տաիշա Աբելար
Հեքիաթ շարքից
Այդ ժամանակ յոթ տարեկան էի: Ու նրան լավ չեմ հիշում: Նկատի ունեմ` կնոջը: Միայն գիտեի, որ մեր մուտքում մի շատ վատ բան է դրված:
Չէի սխալվել:
Ձգված ոտնաթաթերով մոտեցա մուտքին, ու աչքիս ձգված ծայրը նկատեց երկար, սև գույնի վելվետե` տակը նեղ, վերևը` լայն մի առարկա, որի առկայությունից էությունս ապրեց սարսափի` մինչ այդ ինձ անհայտ նոտաներ: Վախից հետ փախա: Սարսուռը, որ մագլցել էր ողնաշարովս մեկ ու պատել սիրտս, տրամաբանական բացատրություն չուներ:
Փախա ու տուն մտա մյուս մուտքի մեր պատկից հարևանի բնակարանի պատշգամբից: Էն ժամանակ կյանքն ուրիշ էր ու պատշգամբները բաց էին երկու պատկից հարևանների համար: Էդ հետո բոլորը կատաղեցին ու դուռ-լուսամուտ դրեցին իրար վրա:
Գարուն էր: Արևը պայծառ էր, ինչպես երբեք: Հիշում եմ անգամ հագիս կոշիկը:
Մեր երրորդ հարկի հարևանը քաղցկեղից մեռել էր: Մինչև հիմա չգիտեմ, թե ինչի քաղցկեղ էր:
«Մեր հարևանն էլ էր գլխի ռակ: Տարան Ֆրանսիա` բժիշկը գլխի կափարիչը բացել, մորն` իրա ճտերով-բանով հանել ու կափարիչը տեղն էր դրել»,- կնոջ մեռնելուց երկու օր հետո` թաղման ժամանակ ասաց մեր շենքի ընկերուհիներիցս մեկը, ով ինձնից մեծ էր երկու տարով: Տեղում պատկերացրի մարդու գլխի մեջ բուն դրած խեցգետինն իր երկու աքցաններով:
Ես յոթ տարեկան էի: Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր ասել, որ մարդիկ մեռնում են ու, ընդհանրապես, չգիտեի, թե ինչ է լինում մարդու վերջը: Հիմա ոչ մի կերպ չեմ հիշում, թե ոնց իմացա այդ մասին: Կարծեմ` գրքում եմ կարդացել:
Թաղման օրը մամաս ինձ տնից դուրս հանեց: «Թաղման ժամանակ մարդ տունը չի մնա»,- ասաց:
Ես յոթ տարեկան էի: Ու նայեցի կնոջը, կնոջը` սև դագաղի մեջ:
Արևը պայծառ լացում էր երկնքում` ինչպես երբեք:
Կնոջ քթի ծակերը բամբակ էին մտցրել ու մինչև հիմա հիշում եմ տարօրինակորեն ուռած ու դեմքի վրա անբնականորեն փռված քիթը: Դեմքը սարսափելի տեսք ուներ, ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչ էր կատարվել կնոջ հետ:
Հայացքս չէի կարողանում կտրել այդ դեմքից` կնոջ դեմքից, որ պառկած էր սև դագաղի մեջ: Հիմիկվա դագաղներն այդպես սարսափելի չեն: Կահույքի մատերիալից, շագանակագույն` փայլուն կամ անփայլ, մի խոսքով վրաս չեն ազդում: Բայց էն ժամանակվա դագաղները գուժում էին անբեկանելի վերջի մասին կոնկրետ բոթը:
Իսկ արևը շարունակում էր տարօրինակորեն պայծառ շողալ, բայց էդ մասին չէի էլ մտածում. անքթիթ նայում էի դագաղի մեջ պառկած կնոջը:
Վերևը լայն, ներքևը նեղ, սևաթույր վելվետե դագաղի մեջ պառկած կնոջը յոթ անգամ պտտեցրին մեր մուտքի դիմաց ու ամեն անգամ պտտեցնելուց էնպես էր ստացվում, որ գլխի մասը բարձրացնելուց դեմքով իմ կողմն էին շրջում, ու ես շարունակում էի անթարթ նայել դագաղի մեջ պառկած կնոջը:
Դագաղի մեջ պառկած կնոջ աղջիկը տարիներ հետո երբ դարձավ իմ մոտ ընկերուհին, չէր էլ հիշելու, որ նույն էդ օրը բարձր ձայնով ուժեղ-ուժեղ լաց լինելուց երբ ուշքը գնաց` հագել էր իր ունեցած շորերից իմ ամենասիրածը. ալ կարմիրի բալագույն թավիշից` վրան սև-սև մեծ ծաղիկներով, տակն անհավասար եզրերով կտրտված շորը:
Մենք ապրում էինք առաջին հարկում, ու փոքր ժամանակ մեր շենքի կոյուղատար խողովակները հաճախ լցվում էին: Ունիտազի մեջից ջուրը ելնում ու բաղնիքի տրապից դուրս էր տալիս:
Միշտ էմոցիոնալ եմ եղել, փոքր ժամանակ` ավելի շատ: Ու կոյուղատար խողովակների խցանումը վրաս ազդել էր: Դրան ասում էի «կանալիզացիան հետ ա տալիս» ու գիշերները գեշ-գեշ երազներ էի տեսնում, թե կոյուղին հետ է տվել, մեր ամբողջ տունը քաքի մեջ` կորել ու կեղտաջուրն էլ հասել է առաստաղին:
Հերթական անգամ տան եղած քուրջ ու փալասները խցկել էինք բոլոր հնարավոր անցքերը, որտեղից ջուրը կարող էր հետ տալ ու վերևի հարևաններին զգուշացրել, որ զուգարան չգնան: Հայրս ասաց, որ սև դագաղի մեջ պառկած կինը գոռացել էր, թե ինչո՞ւ մեր պատճառով պիտի զուգարան չգնան: Ու հորս ասելով` կինն աղջկան բաղնիքի տրապի վրա դիտմամբ չիշիկացնում էր: Հիմա, իհարկե, տրամաբանորեն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու` բաղնիքի, բայց հիշողությունները տրամաբանության չեն ենթարկվում:
Ու մուտքի առաջ կանգնած` պատկերացնում էի դագաղի մեջ պառկած կնոջը` տրապի առաջ կռացած, աղջկա երկար, սև, սոթլիկ մազերը մի ձեռքով հավաքած ու մյուսով` երեխայի տոտիկներից բռնած չիշիկացնելուց:
Արևը, հետ տված կոյուղին, երկար, սև ու սոթլիկ մազերով երեխային չիշիկացնելու մասին հիշողությունները հատվել էին ժամանակի այդ պահին` կոնկրետ մեր մուտքի դիմաց, մի սև դագաղաչափ հատվածում, ու ես սարսափելի վախեցել էի:
Թաղումից հետո սկսվեցին մղձավանջները: Հետոն էական չի: Արևը էլի շարունակում է շողալ պայծառ: Մեր կոյուղիներն այլևս չեն խցանվում շատ շուտվանից, ու, ընդհանրապես, այդ տանը ես վաղուց չեմ ապրում:
***
Դեպքից առնվազն երկու տասնյակ տարի հետո, ամառային մի շատ սովորական օր` նստած եմ ժամանակի ու տարածության հատման ինչ-որ մի կետում, իսկ դեմ դիմացս տնկված մի պատկառելի տիկին տենդագին ապացուցում է իրավացիությունն ինչ-որ հարցում ու ընչապաշտ հայացքով նայում օպոնենտին: Այդ կնոջ համար մահը չորրորդ կարգի հարց է: Նա չի մեռնելու և մի օր կզբաղվի այդ հարցով: Նկատի ունեմ մահով:
Բայց նա պառկելու է դագաղի մեջ: Կարևոր չէ, թե ինչպիսի: Այն հաստատ թանկարժեք կլինի` կաղնե փայտից ու ներսը փայլուն աստառով, միգուցե նաև` հովացվող համակարգով:
Պատկերացրեցի տիկնոջը դագաղի մեջ: Հետո պատկերացրեցի ինձ`դագաղի մեջ պառկած:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել