HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգիստ թողեք թվերը. մի՛ տեղափոխեք խնդիրը մաթեմատիկայի դաշտ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

 Անազատության մեջ գտնվելուս 19-րդ տարին է: Այս ընթացքում չորս անգամ եմ դիմել բողոքի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի: Մահապատժի տարիներին հացադուլի կարիք առհասարակ չկար, քանի որ այսպես, թե այնպես ակամա հացադուլի մեջ էինք: Բառիս ուղիղ իմաստով սով էր. որդերով ճաշաջրից ո՞վ կկշտանար: Իսկ երբ հարազատներս կարողանում էին տարբեր ճանապարհներով ուտելիք մտցնել «Նուբարաշենի» կլոր գերեզմանոց, մենք կիսասոված քուն էինք մտնում: 

Բոլոր չորս անգամներն էլ հացադուլի պատճառը եղել են ոչ թե պայմանները, մաքուր օդի բացակայությունը, այլ մահապատժի անարդար, սխալ դատավճիռը: Բոլոր խնդիրներն ածանցվում են դրանից: Իսկ 2012-ին, երբ իմ քրեական գործի վերաբացման հույսը մարեց (նոր երևան եկած հանգամանքներով), չոր հացադուլ հայտարարեցի՝ հրաժարվելով նաև ջրից:

Ես փորձել եմ ամեն ինչ՝ բողոքարկել տարբեր ատյաններ, նոր հանգամանքների փնտրտուք, գործի վերաբացման 19 տարվա պայքար: Փոխարենը ստացել եմ միմիայն մերժումներ:

Ինքս դեմ լինելով առողջության հաշվին հարցեր բարձրացնելու տարբերակին` տեսնում եմ, որ այլևս ռեսուրս չկա պայքարելու: Սահմանափակ տարածություն, սահմանափակ հնարավորություններ, հաստ պատեր, հարյուրավոր կողպեքներ: Այս կլոր գերեզմանոցից մեր ձայնը դժվար է հասնում Ողջերի աշխարհ: Այդուհանդերձ, կասկած չունեմ, որ պետական մարմիններում խնդիրը հստակ պատկերացնում են, ուղղակի «շառից-փորձանքից» հեռու տարբերակն են որդեգրել:

Մի քանի օր է՝ հացադուլ ենք հայտարարել: Մեր բողոքը քրեակատարողական համակարգի դեմ կամ հետ չէ: Մեր խնդիրը մեր քրեական գործերն են: Մեր թիրախը դատաիրավական համակարգն է, որի թեթև ձեռքով, օրինակ, ես կրում եմ դատապարտվածի խարան արդեն 19-րդ տարին: Վստահ եմ՝ այստեղ էլի կան մարդիկ, ովքեր դատապարտյալի կարգավիճակում են հայտնվել դատական սխալի պատճառով:

Սակայն վերջին օրերին նայելով լուրերը՝ զգացի, որ համակարգը շեշտը դնում է հացադուլավորների քանակի վրա՝ կարծես սեփական հաղթանակ համարելով այն, որ 5 հոգի հրաժարվել է հացադուլից: Իսկ միգուցե մարդիկ չեն դիմացել, միգուցե առողջություն չունեն:

Ցավալի է, որ 23 տարվա վաղեմություն ունեցող, տարիներով կուտակված խնդիրը վեր հանելու փոխարեն համակարգը ջանք ու եռանդ չի խնայում` մեր բողոքը տեղափոխելու մաթեմատիկայի դաշտ, գումարելով ու հանելով ինչ-որ թվեր: Սա թվաբանական խաղ չէ, ոչ էլ ռեբուս: Այստեղ ճակատագրերի հարց է: Ուստի, գտեք միջոցներ` շտկելու դատական ճակատագրական սխալները, վերանայեք քրեական գործերը: Միայն այն հանգամանքը, որ պետությունը ոչնչացրել է մեր գործերով իրեղեն ապացույցները, արդեն հիմք է 90-ականների՝ փնթի ձևով կարկատած, մեկ վկայի ցուցմունքի վրա քննված գործերը վերաբացելու համար:

Ի՞նչ կաներ Ձեզանից յուրաքանչյուրը, եթե հայտնվեր իմ վիճակում (Աստված ոչ անի): Մարդ, ով դատապարտված է ուրիշի կողմից կատարված հանցագործության համար հենց նրա իսկ 4 անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով: Մարդ, ում գործով կատարվել է մեկ փորձաքննություն, չեն կատարվել համալիր փորձաքննություններ: Անգամ մատնադրոշմային փորձաքննություն չի արվել 20-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհն արդեն ԴՆԹ թեստն էր հայտնագործել ու ծաղկեցնում էր քրեական գենետիկան:

Իրեղեն ապացույցներն էլ պետությունը ոչնչացրել է ոչ միայն իմ, այլ՝ բոլոր գործերով: Բայց համակարգը չի ուզում վերաբացել այս գործերը, քանի որ գիտակցում է` նման պարագայում հաջորդներն էլ կարող են իրենց մութ գործերը քրքրել տասնյակ տարիներ անց: Այսպիսով, տղերքը իրար կաշի են փրկում: Իսկ ո՞վ պիտի զբաղվի արդարության վերականգնմամբ:

Արդարություն. բառ, որը վաղուց կորցրել է իր համն ու հոտը: Այն այսօր այլ կերպ է բուրում…

 

 

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հնչելու է` ,,Հանուն Հայաստանի, Ես հայաստանի չնշանակված այլ ընտրված Նախագահս, հաշվի առնելով, որ մինչ օրս Հայաստանը ամբողջապես հանցագործների իշխանության ներքո է գտնվել, իշխանություն որը ամենահմուտ հանցագործներով էր համալրում իր համակարգի բոլոր գործող մարմինները իսկ այդ հանցագործների փոխարեն շինծու քրեական գործերով դատապարտում էր անմեղներին, Հրամայում եմ այսօրվանից ազատ արձակել բոլոր ցմահ բանտարկյալներին: Լավ է ունենալ ազատության մեջ ամեն տասը հանցագործի դիմաց մեկ անմեղ դատապարտված քան այն ինչ ունենք: Իսկ իրականում ունենք հարյուր անմեղ դատապարտյալների մեջ միայն մեկ հանցագործ, որից տուժածները կհասկանան, այսուհետև հայաստանի ազատ հասարակության համար իմ այս որոշման կարևոևությունը: Հայտնում եմ, որ բանտերում ազատված տեղերը այսօրվանից կզբաղեցնեն` ....:
ՀԱՅՈՒՀԻ
մի պետությունից, որտեղ օրը ցերեկով մարդ սպանածին մարզպետ են նշանակում, ուրիշ ինչ կարելի է սպասել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter