HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի հավասարազոր քաղաքացիներ չկան. կան էմիգրանտներ և գերմանացիներ

Մանե Գրիգորյան

Օրը լուսանում էր: Ես ճանապարհ ունեի գնալու, որը անհայտ էր, և որը հայրենիքից դուրս՝ ուրիշ աշխարհում մենակ մնալու առաջին փորձն էր: Հայրենիք: Պարզվեց հայրենիքը ոչ մի բարդ ալգորիթմերի, վերաշարադրումների և շարադրումների կարիք չունի: Երբ հեռու կլինեմ, կհասկանամ՝ առավոտյան մի բաժակ սուրճ խմելը՝ պատշգամբից ունենալով տեսարանը հարևանի տարուբերվող լվացքի, դա է հայրենիքը, խաղաղ մի օր, երբ ոտքերդ կշոյի աշնանային քամին ու ցայտաղբյուրի մոտ կանգնած կսպասես, երբ է վերջապես կատուն իր բաժինը ջուրը խմելու, իրար կպած շենքերի դիմաց վաղ առավոտյան քնաթաթախ կանգնած ես ու նա ենք հայրենիքը... ու ագռավները, որոնց հմայքը հասկանալու համար պետք է ջրեր, քաղաքներ, տներ անցնել: Էլ ուրիշ ոչ մի տեղ, բացի արաբկիրի մեր տան բակից, ագռավը ամեն առավոտ այդքան ինքնավստահ չի շուրջկալում հոսող ջուրը: Հետագայում երկար կհիշեմ համալսարանի ճանապարհին՝ նստարանները գրաված ագռավների տխրությունն ու գեղեցկությունը. չէ, ոչ մի գեղարվեստական զեղում, ես չեմ համեմատի նրանց հայտնի ագռավների հետ, հեռու, պոի ագռավ... իմ երևանյան հեքիաթում թռչողների անունը ես կդնեմ՝ հայրենիք...

էմիգրանտի «մաքուր» նոթերմաս առաջին 

Մենակ տեսնես ինչ մեծ սար ունեմ տանը՝ Արարատս կախել եմ, ասում է հայուհին, ում ամուսինը արաբ-մուսուլման է, երեխաները՝ դեռ չեն հասկանում ով են և ինչու է իրենց բաժին ընկել խոսել մի լեզվով, որի տառերը անծանոթ են, ճաշից առաջ աղոթել մի լեզվով, որով խոսում է իր հայրը հեռախոսով: Լարից այն կողմ հնչող այդ ձայները պատկանում են մարդկանց, որոնք իր ցեղն են.անհասկանալի ցեղը, չտեսած ցեղը, պատերի վրա՝ նկարներում առկա, շրջանակի մեջ առնված ցեղը: Երեխաների մեջ մեծ բախում է տեղի ունենում. նրանք արաբ-հայ-գերմանացիներ են, որոնք ապրում են Գերմանիայում, հաճախում գերմանական դպրոց, բայց պիտի հիշեն, որ իրենց արյունը, երակներով վազվզող այդ արյան բջիջները ուրիշ են.դրա համար պետք է չձուլվեն իրենց դասարանցիների վարքին: Պետք է միշտ հիշեն, որ ուրիշ են: Էմիգրանտ հայերը քաղաքացիություն ստանալուց հետո էլ են շարունակում մնալ էմիգրանտներ, որովհետև գերամանացիների ու իրենց միջև հեռավորությունը երբեք էլ այս երկրները բաժանող քաղաքները ու սարերը ու շենքերը չեն եղել... երկու տարբեր իրականությունում ապրող մարդիկ հանկարծ հանդիպում են մի բեմում, բայց տարբեր ներկայացումներում:

Աբսուրդի ներակայացում

Բեմում՝ մինիմալիստական կահավորմամբ գերմանական մի տուն, տարածությունը շնչելու, մտածելու, ոչնչով սահմանափակված չէ, իրերի շատությունը չի կացնահարել շիկահեր տիկնոջ թթվածինը, օդը խաղում է այնքան անկաշկանդ, որքան գուցե մոծակները գիշերային լույսի շուրջ: Անկյունում մի տեղ դրված խմիչքի մի քանի շիշ, որոնք զուտ դեկորատիվ նշանակություն չունեն:
Բեմի մյուս կողմում տունն է , տասնապատիկ ավելի հայկական շեշտադրմամբ, քան Հայաստանում... հարցնում եմ՝ որտեղի՞ց եք նման կահույք գտել Գերմանիայում, ինքնագոհ ժպտում են, ուրախ են, որ կարողացել են: Ոտքս կարծես Հայաստանի վրա դրած լինեմ: Այս գորգին խաղացող երեխան չի կարող Գերմանիայի քաղաքացի լինել. գուցե հենց գորգը և շրջապատող այլ իրերն են առաջին սեպը հայ ու գերմանացի երեխայի միջև..,չէ որ այն, ինչ մարդ տեսնում է տասնապատիկ ուժեղ է տպավորվում, քան այն, ինչ միայն լսում է: Բայց տվյալ դեպքում այդ ընատնիքներում գտնվող առարակաները խոսում են տերերի ձայներով: Սա այլևս երբեք ոչ մի քաղաքացիությամբ չի ջնջվի փոքրիկ միջից: Տարածքը, որտեղ մենք ապրում ենք դա է մեր հայրենիքը. հայրենիքը՝ սահմանից այն կողմ:
Դռան շեմի մոտ իրար գլխի շարված կոշիկներից կարելի է գլխի ընկնել. սա գերմանական տուն չէ: 
Ծանոթներիցս մեկը ասում է.
-դե գիտես, նրանք էլ են էդ գործով զբաղվում
Մտածում եմ՝ տեսնես ո՞ր գործի մասին է խոսքը.
-ո՞ր գործով
-դե մեծ կուռտկաները հագնում են ու մեջը լցնում պետք եղածը:
Փաստորեն նրանք ոչ թե բացառություն են, այլ օրինաչափություն: Գերմանիայում, գերմանական պետության հաշվին ապրող ընտանիքը իրար ետևից Գերմանիայի քաղաքացիների պատվաբեր անվան տակ էմիգրանտներ է ծնում, որոնց պահում է Գերմանիան, որոնց խանութները թալանում է էմիգրանտը:
Գուցե սրան են ասում ճակատագրի հեգնանք: Չգիտեմ:
Երբ գերմանացին բարձր հարկեր է վճարում և դրա հաշվին ապրում, շնչում, սնվում են էմիգրանտները, նա քեզ սիրել չի կարող, որովհետև դու իր գրպանի մեջ նետված քար ես, և ոչ մի մոգական, կարևոր նշանակություն չունես. դու ընդամենը իր գրպանը ծանրացնող ավելորդ քար ես:
Գերմանիայում հայերը ստեղծել են իրենց փոքրիկ, հեղձուկ հայրենիքը՝ տարածքում ապրող բոլոր հայերի կենսագրությունները անգիր գիտեն, միայն թե ասա, որ էջն է հետաքրքիր: Երբ Գերմանիայում պարապ օրերիս գերմանական սայթում պատահում էր գերմաներեն չաթ էի անում, մի քանի բառ էի գրել գերմանացու փափախով ազգությամբ քուրդ մի նավաշինարարի՝ չկասկածելով ազգության մասին: Հետագայում պարզվեց՝ այս քուրդը, որ հայ ծանոթ ունի՝ փորձել էր կոտրել հայի ինքնասիրությունը ասելով՝ իսկ դուք ասում եք ձեր հայ աղջիկները չեն ծանոթանում, այս ինֆորմացիան իր հերթին հասել էր իմ հայ ծանոթին:Ու նրանք բոլորը այդ օտար երկրի քաղաքացիներն են, օտար լեզվող խոսողների հարևանները...մարդիկ՝ հայրենիքը իրար մեջ ճզմած:

Էմիգրանտի «թափթփված» նոթեր. մաս երկրորդ

Հեղ.` Նարեկ Արզումանյան

Երբ գրեցի վերջացրեցի առաջին մասը՝ գուցե մասամբ բաց թողելով այն, ինչ ապրել եմ, հասկացա, որ ապրածս, տեսածս, լսածս էմիգրանտի «մաքուր» նոթեր են, որ մարդու միտքը,սրտի հետ համազոր սկսում է թափթփվել, որ մարդը կորցնում է իր զգայարանների, օրգանների տեղը, երբ գտնվում է փախստակնների ճամբարում: Ընկերս՝ Ն.-ն, ով ինձ հարազատ մարդ դարձավ, երբ Գերմանիայում էի, ուղարկել է ինձ իր նոթերը: Մինչև այդ միասին խոսում էինք՝ մեզ սպասող Հայաստանի մասին, իբր գալիս ենք Հայաստան ու օդանավակայանի դիմաց դեղին ավտոբուսը սպասում է մեզ, ավելի ճիշտ Ն.-ն ասել էր, որ կնկարի մեզ սպասող ավտոբուսը, ես էլ որպես օտարական այս ինֆորմացիան ներսումս սրել էի. դրսում մարդու երևկայությունը միշտ էլ սրվում է, սկում ես վախենալ նրանից, ինչի լինելու հավանականությունը չնչին է: Օրինակ քայլում ես թուրքական թաղամասով, մի թուրք մոտենում է ու թմրանյութ առաջարկում, երբ ասում ես՝ ինձ հանգիստ թող, մտածում է փող չունես, ասում է՝ոչինչ, նատուռայով կվճարես, արագացնում ես քայլերդ, հետ չես նայում, թվում է հեսա կգա ու վատ կլինի, ամեն ինչ շատ վատ կլինի, սրտիդ զարկերի արագությունը հավասարազոր է քայլքիդ արագությանը, բայց ընդամնեը մի քանի քայլ և դու փողոցում ես՝ պաշտպանված օտար մարդկանցով, քեզ էլ ոչինչ չի կարող լինել:

Ն-ին գրում եմ, որ նոթերդ չեմ օգտագործի, նման ճշմարտությանը մարդիկ ցավով կդիմանան կամ չեն ուզի կարդալ. չէ որ էմիգրանտ լինելը մեր օրերում այնքան արդիական է, ոչ ոք չի ուզի այդ ամենի միջով անցնել: Բոլորը իրենց մտքում էմիգրանտներ են, միայն թե հնարավորություն լինի ու...չեմ ուզում ցավեցնել, արի դու ուրիշ բան ասա....էսքան ցավոտ չէ, չգիտեմ, մի քիչ ուրիշ:

Ն-ի նոթերից հատվածներ.

Եթովպացի Գետուին հանդիպեցի ոնց որ միշտ.

-հալլո միստըռ
-հալո Գետու
Բլա բլա բլա բլա…հասանք գրասենյակի մոտ, սկսեց պատմել, որ 10 տարի է արդեն ստեղ է, 100-քանի եվրոից կտրել են 40 եվրո են տալիս, ու սնունդն էլ չեն տալիս ու չեն տալու:
-Տենց-տենց, պասպորտս ցույց կտամ, թող ուղարկեն իմ երկիր:
Բայց մինչ այդ միշտ ասում էր, որ պասպորտ չունի, որ իր պասպորտը Աստվածն է կամ Ալլահը:

***
Նրան ասեցի, որ այդպիսի մի գործակալություն՝ «ZRB»՝ կարող է փող տալ երկիրը լքելու դեպքում: Ասաց, որ իրեն օգնեմ, խնդրեց՝ պարզաբանելով, որ դրանից մտավոր բավականություն կստանամ:

***
Բարև՝ ժամը 11:30 արթնացա, մի քանի րոպեից կիջնեմ ներքև, կստանամ այսօրվա ուտելիքը: Ամեն երեքշաբթի և հինգշաբթի տալիս են մեծ, պոլիեթիլենային կապոց՝ լի ուտելիքներով: Քիչ ուշ՝ ստանալուց հետո եկա, ու արդեն չորրորդ անգամն է, ինչ չեմ ստանում ինձ հասանելիք հացը, որը այս անգամ առավոտյան վերցրեց այս շենքի երկրորդ տնօրենը՝ քուրդ Մահմուդը:
***
Փախստակկների ճամբար....աշխարհ, որտեղ դու չափվում ես ուրիշ միավորներով,…չգիտեմ, արդյոք ինքս կանցնեի այս ամեն միջով...չէ, չէի կարողանա…

Քույրս, ում անունը ևս նպատակահարմար եմ գտնում չնշել, քանի որ գերթե բոլոր փախստականները ներկայանում են ուրիշ անուններով և կորցրած անձնագրերով, պատմում է.
-մի սենյակում մնում ենք դաղստանցի, ադրբեջանցի աջիկները ու ես...ադրբեջանցի աղջիկը գիտի Ռուաստանի հայ եմ, ընկերը մոլի նացիստ ադրբեջանցի է, գնացի գերմանացիների մոտ, ասում եմ՝ մենք տարածքային խնդիր ունենք, մենք թշնամիներ ենք…կարող ա քնած ժամանակ գա ու խփի՝ բա իմ անվտանգությունը: Գերմանացին շատ հանգիստ նայում ա, ասում, որ դա իր գործը չէ, հանդուրժող պետք է լինել. ու էսպես ասեմ, ինքը նույնիսկ ուրախ կլինի, որ մեկս մյուսին խփենք, մի ազուլից էլ կազատվեն...

Սա էմիգրանտի նոթեր են, որոնք ավարտ չունեն: Փախստական լինելը փոխում է մարդու կյանքը, դու այլևս երբեք առաջվանը չես, ոչինչ առաջվանը չէ...անունով Գերմանիայի քաղաքացիներ, որոնք մինչև մահ ապրում են ոչ լեգալ գործ անելով և պետությունից փող ստանալով, որոնց համար գերմանացիները ուրիշ մոլորակի մարդիկ են, որոնց հետ իրենք ոչ մի առնչություն չունեն..ուղղակի բեմը նույնն է,ներկայացումները՝ տարբեր:
20 տարի Գերմանիայում ապրած տղամարդը չգիտի գերմաներեն: Նա փակ, մեկուսացած հայ է, ով գուցե ճամբարային կյանքը տեսնելուց հետո չի կարող այլևս գերմանացու հետ ընկերություն անել...գուցե պատճառը դա չէ, ուղղակի կա հասկացություն՝ մենք ու նրանք...
Գերմանիայի հավասարազոր քաղաքացիներ չկան..կան էմիգրանտներ և գերմանացիներ, որքան էլ օրենքի առջև հավասար լինեն:

Լուսանկարը` www.viator.com

Մեկնաբանություններ (3)

Ռուզան
Հետաքրքիր է ընդհանրապես նման մոտեցումը, Հայաստանում արդեն իսկ կա նմնա շերտավորումը,սեփական ժողովրդի մեջ ու դիպուկ էր հոդվածում այն կետը, որ ապրում ես գերմանացու հաշվին , դեռ նրան էլ թալանում, ընդհանրապես չեմ հասկացել « ճամբարային» ընտրությունը, «ճամբար» ասվածն ինքնին արդեն փակուղի է, հավանաբար մեր ժողովրդի մի ստվար խավի մեծ դեռ մնում է «կլյուջնիկի» հեգեբանությունը, 7 տարի խորհրդային «բերդում» էինք ,քի՞չ էր, ի՞նչն է խանգարում տվյալ երկիր գնալուց հետո նախ լեզուն սովորել, ո՞նց կարելի է ապրել մի երկրում 20 տարի ու այդ լեզվով չխոսել, նշանակում է ինքդ ես քեզ դրել ցածր կարգավիճակում , էլ ի՞նչ ես պահանջում օտարից իր իսկ երկրում............
Մարինե
Հայաստանում էլ հավասարազոր քաղաքացիներ չկան.կան շարքային քաղաքացիներ և արտոնյալներ
john
Մանե Գրիգորյան.Հայրենադարձները ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ամբողջ կյանքում «ԱԽՊԱՐ»մնացին,Ադրբեջանից բռնագաղթվածները«ԼՈԽԵՐ»...ԼԱՎ ԷԼԻ՜...լավ էլ նյութ եք գտել«թխելու»...բա օտարի համար դու լինես,թուրք,արաբ,հնդիկ,չինացի,մի զիբիլ ենք իրենց համար...մենք մեզ դրել ենք եսիմ ինչի տեղ....գնացել ենք ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ,ոչ թե մեր...տազ արա ու ապրիր,չես ուզում միշտ էլ քեզ դուռը ցույց կտան...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter