HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մեգ Ռոսոֆ. «Խախտեք բոլոր կանոնները, և գուցե դա դառնա կարևոր գիրք»

Բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆի (Meg Rosoff) առաջին գիրքը՝ «Ինչպես եմ ես ապրում հիմա» (How I live now), տպագրվել է 2004 թ.-ին, երբ նա 48 տարեկան էր: Գիրքը միանգամից մեծ ճանաչում ձեռք բերեց և արժանացավ մի շարք գրական հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Guardian Children's Fiction Prize: 2013 թ.-ին ռեժիսոր Քևին Մաքդոնալդը (Kevin Macdonald) գրքի հիման վրա նկարահանել է համանուն ֆիլմ: Իր առաջին գրքի հաջողությունից հետո Մեգ Ռոսոֆը հրատարակել է ևս 8 գիրք: «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում Մեգ Ռոսոֆը այցելել է Հայաստան: Բրիտանացի գրողը հայ ընթերցողներին է ներկայացրել իր գրքերը, ինչպես նաև «Ինչպես եմ ես ապրում հիմա» ֆիլմը:

«Հետքի» հարցերին պատասխանում է Մեգ Ռոսոֆը: 

-Տարածված կարծիք կա, անգամ գրողներից շատերն են մտածում, որ գրողի հաջողության գրավականը առաջին գիրքն է. եթե այն լավ վաճառվեց, ուրեմն գրողը կարող է շարունակել իր գործը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Յուրաքանչյուրի անցած ճանապարհը տարբեր է: Շատերը գրում են մի քանի գիրք, փորձում են գրել ավելի լավ և հանկարծ գրում են մի գիրք, որը բոլորի կողմից նկատվում է: Բայց իմ բախտը բերեց, որովհետև իմ առաջին գիրքը հաջողություն ունեցավ: Այնուհետև դա նպաստեց, որ իմ մյուս գրքերն ավելի հեշտ հրատարակվեն:

-Ձեր գրքերում հաճախ եք անդրադառնում պատանիների թեմային: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ես կարծում եմ, որ դա ինձ համար հիանալի թեմա է: Դա մի ժամանակահատված է, երբ շատ ես մտածում ապագայի մասին: Իմ դեպքում այդ մտածմունքները կապված են ինքնության, սիրո և աշխատանքի հարցերի հետ: Երբ դու պատանի ես, արդիական են այս երեք կարևոր թեմաները: Բայց ինձ համար այդ թեմաները շարունակում էին մնալ ամենակարևորները մինչև 40 տարեկանը: Ես գրքեր չեմ գրել մինչև 46 տարեկանը: Ես ինքս ինձ համար չէի լուծել այդ կարևոր հարցերը, մինչև չդարձա շատ ավելի հասուն: Ես իմ աղջկան ունեցել եմ, երբ 40 էի, ամուսնուս հանդիպել եմ, երբ 42 տարեկան էի:

Իմ ընկերներից շատերը հստակ գիտեին՝ ինչ են ուզում դառնալ, երբ 22 տարկան էին, օրինակ՝ դառնալ իրավաբան, ամուսնանալ, երեխաներ ունենալ: Այժմ, երբ նրանք իմ տարիքին են, ասում են, որ այլևս չեն ցանկանում իրենց գործն անել, որովհետև արդեն ձանձրացել են: Կարծես մտովի հետ են գնում այն ժամանակահատվածը, երբ նրանք մտածում էին, թե ով եմ ես, ինչ եմ անելու, ով ինձ կսիրի, և այլն: Եվ այս հարցերն ունեն երկար պատասխաններ:

-Ձեր ընկերների նման Դուք նույնպե՞ս հաճախ եք մտովի հետ գնում պատանեկան տարիք:

-Այո, այդպես է: Ես շատ լավ հիշում եմ՝ ինչպես էր դա՝ լինել ավելի երիտասարդ, ներսումդ պայքար ունենալ՝ փորձելով հասկանալ այս աշխարհը: Հիշում եմ՝ ինչպես էի մտածում աշխարհում տիրող կանոնների մասին. ինչն է իրականը, ինչը՝ ոչ, ինչն է հնարավոր, ինչը՝ անհնար: Ես սովորեցի կանոնները, բայց այժմ երբ մեծացել եմ, հասկանում եմ՝ ով է կանոններ թելադրում: Իմ գրքերում ես հաճախ խաչաձևում եմ իրականն ու անիրականը: Երիտասարդները հաճախ աշխարհին նայում են այլ տեսանկյունից: Ես սիրում եմ այդ տեսանկյունը, կարծում եմ՝ այն ավելի ճկուն է, գուցե շատ ավելի հետաքրքիր: Ես փորձում եմ իմ մտքի մեջ հետ գնալ այդ ժամանակահատված: Եվ ինձ համար դա շատ հեշտ է, գուցե այն պատճառով, որ ես շատ չեմ մեծացել:

-Ասում եք, որ սովորել եք կանոնները, բայց Ձեզ համար այժմ գործո՞ւմ են կանոններ, թե՞ Դուք խախտում եք կանոնները:

-Ես կանոնների հետ շատ լավ չեմ: Իմ հայրը խիստ էր, իշխանություն սիրող, և ես չէի սիրում, երբ ինձ ասում էին՝ ինչ անել: Ես մինչ այժմ դա չեմ սիրում: Երբ որևէ մեկն ինձ որևէ կանոն է ասում, ես ասում եմ՝ լավ, մենք կփորձենք խախտել այդ կանոնը: Իմ շրջապատի մարդիկ ինձ հարցնում են՝ ինչպես է քեզ հաջողվում տպագրվել՝ կարծես դրա մեջ փնտրելով որևէ փոքրիկ գաղտնիք: Ես ասում եմ՝ եթե ուղղակի գիրք գրեք, ոչ մեկ այն չի տպագրի, խախտեք բոլոր կանոնները և գուցե դա դառնա կարևոր գիրք:

-Ստեղծագործելիս հաճախ եք մտովի վերադառնում անցյալ, մյուս կողմից, օրինակ՝ «Ինչպես եմ ես ապրում» գրքում ներկայացնում եք ապագայում տեղի ունեցող իրադարձություններ: Ստեղծագործական կյանքում Ձեզ համար ի՞նչ դեր ունի ժամանակի գործոնը:

-Ես շատ եմ մտածում ժամանակի մասին: Իմ մայրն ասում էր՝ կյանքի նկատմամբ շատ զգույշ եղիր, որովհետև այն շատ արագ է անցնում: Այժմ շատերն ասում են, որ ժամանակը գնում է ժամացույցի նման, բայց դա այդպես չէ: Երբեմն ժամանակն անցնում է շատ արագ, երբեմն՝ բավականին դանդաղ: Երբեմն թվում է, թե մենք խաբված ենք եղել՝ մտածելով, որ ժամանակը ճշգրիտ է, ինչպես ժամացույցը: Կյանքում երբեմն պետք է անել բաներ, որոնք պարբերաբար կստիպեն, որ ժամանակը դանդաղ անցնի: Եթե քո կյանքում մեծ փոփոխություն անես, դա կդանդաղեցնի ժամանակի ընթացքը: Եթե ամեն օր նույն բանն ես անում՝ նույն տունը, նույն աշխատանքը, ամեն ինչը նույնն է, ժամանակը շատ արագ է անցնում, և ամեն ինչ արագ ավարտվում է: Կարծում եմ՝ ժամանակը շատ տարօրինակ և սուբյեկտիվ երևույթ է, բայց այն երբեք հետ չի գնում:

-Եթե պատկերացնենք, որ ժամանակը եղել է Ձեր ուսուցիչներից մեկը, ապա ի՞նչ եք սովորել նրանից:

-Կարծում եմ՝ մայրս ճիշտ էր. կյանքը շատ արագ է անցնում: Շատերն են այդպես. ծրագրում են, թե ինչ է լինելու հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս: Որպես գրող դու անհանգստանում ես՝ ինչ է լինելու հաջորդ գրքի հետ, ինչ է լինելու, եթե գիրք չլինի: Մյուս կողմից, երբ գրում ես, այնքան ես խորանում այդ պահի մեջ, որ դա օգնում է, որ ժամանակը դանդաղ անցնի: Երբ ես հրավեր ստացա Հայաստան գալու, առաջինը միտքը, որ ծագեց՝ այո, հրաշալի է, և սկսեցի կարդալ, թե որտեղ է Հայաստանը, ինչով են զբաղվում մարդիկ այստեղ: Այսինքն, երբ մենք նոր բաներ ենք սովորում, դա նպաստում է, որպեսզի ժամանակն ընդլայնվի:

-Որպես գրող ի՞նչ եք ուզում փոխանցել Ձեր լսարանին:

Ես աշխատում եմ շատ չմտածել իմ լսարանի մասին: Իմ կարծիքով՝ դա կործանարար է: Կարծում եմ՝ շատ գրողներ այսպես կարտահայտվեն: Վատ է, երբ սկսում ես մտածել՝ այս մարդը սիրում է քո գիրքը, մյուսը՝ դա չի հավանում: Երբ ես գրում եմ, ես խոսում եմ իմ ընթերցողների հետ, բայց ես աբստրակտ եմ խոսում: Ես փորձում եմ բացատրել այն, ինչ իմ գլխում է, և հույս ունեմ, որ որևէ մեկն ինձ լսում է: Անգամ եթե ոչ մեկ չի լսում, ես շարունակում եմ բացատրել՝ ինչ է իմ գլխում: Շատերը դա ընդհանրապես չեն հասկանում: Ես դա էլ եմ հասկանում, որովհետև այն ինչ իմ գլխում է, փոքր-ինչ տարօրինակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter