HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են Եվրադատարանում հայ դատավորի թեկնածուների անունները

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները:

Նշված եռօրյա ժամկետը լրանում է 27.09.2014 թվականին, որից հետո ներկայացված փաստաթղթերը տրամադրվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովին 10-օրյա ժամկետում հանձնաժողովի նիստ հրավիրելու նպատակով: Սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակվել է Հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ներառված են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմից ստացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի լրիվությունը և համապատասխանությունը որոշելու և մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակի հաստատման հարցը, հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը որոշելու, այդ տեղեկատվությունը պաշտոնական կայքերում հրապարակելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպություններին հասցեագրված՝ հարցազրույցին մասնակցելու սահմանված ընթացակարգի և պայմանների վերաբերյալ ծանուցման տեքստի հաստատման հարցը:

Սահմանված կարգի համաձայն` Հանձնաժողովը փաստաթղթային ստուգման ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարող է կայացնել որոշում փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու կամ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ պահանջելու մասին, որի պարագայում հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ուշ, քան տասն օրով: Նման որոշում չկայացնելու դեպքում Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը, և այդ տեղեկությունները անմիջապես ուղարկում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, որն իր հերթին մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի հասցեներով ծանուցում է մասնակիցներին և ապահովում տվյալների հրապարակումը պաշտոնական կայքերում: Հարցազրույցն անցկացվում է ոչ ուշ, քան հարցազրույցի մասնակիցների ցուցակը հաստատելուց հետո տասնօրյա ժամկետում: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ համապատասխան դիմում ներկայացնեն աշխատակազմին: Դրա վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ցուցակը հաստատելուց հետո հրապարակվող պաշտոնական հայտարարության մեջ, որի տեքստը պետք է հաստատի Հանձնաժողովը: Սահմանված ժամկետում դիմած հավակնորդներն են.

 1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,

2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս

4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ

7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,

8. Դավիթ Լևոնի Հակոբյան - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու

9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

10. Վահե Միշայի Գրիգորյան - փաստաբան,

11. Արմեն Շուրայի Հարությունյան - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

 13. Նորա Արայիկի Կարապետյան - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան - Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter