HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևտրականների բողոքի պատճառ օրինագիծը, ի խախտումն նախագահի հրամանագրի, նախապես չի ուղարկվել օմբուդսմենին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ-ի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն այսօր օմբուդսմենի գրասենյակում ընդունեց մի խումբ առևտրականների: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել պաշտպանին:

Չնայած փոփոխության արդյունքում հարկի նվազեցմանը` առևտրականները բողոքում են, որ գույքի փաստաթղթավորման պահանջը իրատեսական չէ այսօրվա շուկայի պայմաններում, քանի որ կարող է հանգեցնել կամ ապրանքների գնաճի, կամ բազմաթիվ փոքր ձեռնարկատերերի սնանկացման: Միաժամանակ տարբեր ոլորտների առևտրականները հայտնում են, որ հարկի կիրառումը միատեսակ չի ազդի տարբեր ապրանքների շուկաների աշխատողների վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, օրինակ` ոսկերչություն, հագուստ, շինանյութ, կենցաղային իրեր և այլն: Ուստի, անհրաժեշտ է մշակել բոլորի համար փոխզիջումային հարկման տարբերակ:

Պաշտպանի տեղակալը հայտնել է, որ խնդիրն օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է, և ստիպված են միայն հիմա զբաղվել այս հարցով, քանի որ նախագիծը նախապես չի ներկայացվել պաշտպանին կարծիքի` ի խախտումն նախագահի 2007թ. թիվ 174-Ն հրամանագրի, համաձայն որի` «Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի»:

Տաթևիկ Խաչատրյանն առևտրականներին հայտնել է. «Այժմ պաշտպանի հանձնարարությամբ հրատապ քայլեր են ձեռնարկվում բոլոր կողմերի փոխըմբռնման միջոցով խնդրին լուծումներ գտնելու նպատակով: Այս ուղղությամբ կշարունակենք աշխատանքը ձեզ հետ, իսկ առաջիկա օրերին կներկայացնենք մեր դիրքորոշումը և առաջարկները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter