HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անծանո՞թ, թե՞ օտար Ջիմ Մորիսոնի տարօրինակ աշխարհում

Նաիրա Հայրապետյան

Նա 20-րդ դարի երաժշտության ամենահետաքրքիր և առեղծվածային կերպարներից մեկն էր, ում կյանքը նույնքան դրամատիկ էր, որքան մահը:

Իր երգերի, չհարմարվող և վայրի անհատականության, բեմական անսովոր  կերպարի շնորհիվ  անջնջելի հետք թողեց և համարվեց կուլտային առաջնորդ: Ընդամենը 27 տարվա կյանքով նա ռոք երաժշտության պատմության մեջ մնաց որպես ամենաազդեցիկ անուններից մեկը, փոփ մշակույթի ամենաըմբոստ  և միաժամանակ ամենալսվող երաժիշտը, ում համեմատեցին նույնիսկ Չէ Գևարայի հետ:

Ջիմ Մորիսոն. ամերիկացի երգիչ, պոետ, երգահան, ով հայտնի է որպես «The Doors» խմբի առաջնորդ և վոկալիստ:  Նրա ամենահայտնի երգերից մեկը՝ «People Are Strange», ծնվեց 1967թ. մի երեկոյան, երբ Մորիսոնն ու խմբի կիթառահար Ռոբի Կրիգերը զբոսնում էին հանրահայտ «Laurel Canyon»-ով (1): Նրանք բարձրանում էին` հարմար մի տեղից մայրամուտը տեսնելու: Ջիմն ընկճված, դեպրեսիվ հոգեվիճակում էր: Լեռների թիկունքում մայր մտնող արեգակի պատկերը՝ հորիզոնում ուրվագծված գույներով և դրանցով ներկված հսկա ամպերով, աննկարագրելի էին: Տեսարանն իսկապես ազդեցիկ էր և կարողացավ Ջիմի հոգին փոքր-ինչ խաղաղեցնել:

«Classic Rock» ամսագրի հարցազրույցներից մեկում Կրիգերը պատմել է, որ այդ երեկո Ջիմը խոսել է մարդկային անտարբերությունը կամ սառնությունը օտարի, իրենցից տարբեր մեկ այլ անձի հանդեպ: «People are strange» ,- շարունակ պտտվում էր նրա մտքում, որը դարձավ նոր բանաստեղծության հիմնաքարը: Մեկ ժամվա ընթացքում Ջիմը  հորինեց խոսքերը: Ապա շտապեցին տուն, որտեղ Ռոբին դրանց հիման վրա ստեղծեց երաժշտությունը: Երգը ձայնագրվեց և թողարկվեց  «Strange Days» ալբոմի կազմում, 1967թ. սեպտեմբերին: Նույն ամսում թողարկվեց սինգլ տարբերակով, որը ամերիկյան հիթ-շքերթի թեժ հարյուրյակում զբաղեցրեց 12-րդ տեղը: Չնայած երգի հեղինակները Ջիմ Մորիսոնը և Ռոբի Կրիգերն էին, սակայն հեղինակային իրավունքը, ինչպես ալբոմի բոլոր երգերի դեպքում, վերագրված է խմբին:

«The Doors»-ի երկրպագուներն ու խմբի ստեղծագործական կյանքն ուսումնասիրողների մեծ մասը տեքստի իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում. այս հարցում տարակարծությունների առիթը «Strange» բառն է՝ անծանոթ, օտար, ուրիշ, տարօրինակ, զարմանալի, անսովոր: Խմբի թմբկահար Ջոն Դենսմորը մի առիթով ասել է, որ իր կարծիքով՝ «People are strange» երգում Մորիսոնն իրականում խոսում է սեփական խոցելիության մասին: Քննադատների մի մասը գրեթե համոզված է, որ երգն անդրադառնում է թմրադեղերից կախման մեջ գտնվող մարդու հոգեվիճակին (վստահ՝ Մորիսոնին վկայակոչելով), իսկ մյուս մասը, թերևս առավել ռոմանտիկները, կարծում են, որ երգիչն այստեղ ակնարկում է 20-րդ դարի հիպիներին, որոնք այդ շրջանում օտարված էին հասարակության կողմից:

Անկեղծ ասած՝ երգի հասցեատիրոջը կամ ստեղծման պատճառը փնտրելն այնքան էլ կարևոր չէ: Անկախ ճշգրիտ հասցեից կամ կարծիքների՝ իրականությանը համապատասխանելուց, «People are strange»  երգում Մորիսոնը, անշուշտ նաև երաժշտության հեղինակը, փոխանցել են «ուրիշ լինելու» հոգեվիճակը, երբ դու մի կողմում ես, միգուցե լրիվ մենակ, իսկ մյուս կողմում մարդկանց բազմությունն է, ողջ աշխարհը՝ քեզ չընկալող, քեզ չընդունող, իսկ երբեմն՝ չնկատող սառնությամբ: Իսկ թե ինչ «ուրիշի» մասին կարող է լինել այն, թող ամեն մեկը դատի իր հոգու սահմաններում:

1.)  «Laurel Canyon»-ը հայտնի էր որպես ռոք երաժիշտների, հիպիական շարժման լոսանջելեսյան հայտնի հավաքատեղի կամ « տուն», ինչպես իրենք էին սիրում ասել,  որտեղ ձևավորվում էր երիտասարդության նոր գաղափարախոսությունը՝ իր մշակութային ենթաշերտերով, հասարակական-սոցիալական տարբեր դրսևորումներով, ըմբոստ ու հակադրվող կեցվածքով

 

Անծանո՞թ, թե՞ օտար  Ջիմ Մորիսոնի տարօրինակ աշխարհում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter