HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային շրջայց մարտական հենակետերում

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և այլք:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը:  Բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը հավաստիացրել է, որ մարտական հենակետերում աշխատանքներն ընթանում են ինժեներական կահավորման կատարելագործման պլանին համապատասխան:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում էին նաև առաջնագծում ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների ճաշացանկը, նրանց հատկացվող սննդի որակը, տեսականին, սահմանված չափաբաժինները և սննդամթերքի պահպանման պայմանները:

Մարտական հենակետեր կատարած շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը  զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter