HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող նախագծերի քննարկումներ՝ ԵԽ փորձագետների մասնակցությամբ

Եվրախորհրդի կողմից  իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը»  ծրագրի շրջանակում այսօր մեկնարկեցին  եռօրյա աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում  համապատասխան պետական մարմինների,  Եվրախորհրդի եւ տեղական փորձագետների  մասնակցությամբ կքննարկվեն  Հայաստանում ֆինանսական համահարթեցման հայեցակարգի, ֆինանսական համահարթեցման օրենքի նախագծի հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգում տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ողջունելով քննարկումների մեկնարկը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը դրանց արդյունքները կարեւոր համարեց  համապատասխան փաստաթղթերի լրամշակման համար:

Այսօր կայացած քննարկումները վերաբերում էին ֆինանսական համահարթեցման հայեցակարգին:  «Մեր քաղաքական դիրքորոշումն է՝  ունենալ  ավելի հասցեական եւ  ավելի արդյունավետ ֆինանսական համահարթեցման համակարգ: Այդ իսկ պատճառով մեր  փորձագետներին առաջարկել ենք  որոշակի  հայեցակարգային մոտեցումներ մշակել՝ վերանայելու  համար արդեն եղած   նախագիծը` այն ավելի արդյունավետ եւ ժամանակի պահանջներին համապատասխան դարձնելու առումով»,-նշեց Վ. Տերտերյանը:

Այնուհետեւ «Համայնքների ֆինանսիստների միություն» ՀԿ նախագահ, փորձագետ  Վահան Մովսիսյանը ներկայացրեց մշակված  հայեցակարգային մոտեցումները, որոնց շուրջ մասնագիտական քննարկումներ ծավալվեցին:  Քննարկումները  կշարունակվեն վաղը՝ ընդգրկելով նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: 

Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգում տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները  կքննարկվեն աշխատանքային  հանդիպումների երրորդ օրը:

Նշենք, որ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի  նպատակը Եվրոպայի խորհրդի իրավական փորձագիտական կարծիքի, քաղաքական խորհրդատվության եւ աջակցության տրամադրումն է տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ աջակցության ցուցաբերումը  տեղական իշխանությունների կարողությունների զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter