HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարվա ընդմիջումից հետո Ալավերդին զբոսայգի կունենա

Ալավերդի քաղաքի  ծայրամասային Էնգելս թաղամասում գտնվող զբոսայգին, որը վերջին 20 տարիներին անուշադրության էր մատնվել, վերականգնվում է: Զբոսայգու վերականգնման  շինարարական աշխատանքների  համար համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից  քաղաքապետարանը հատկացրել է 60 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրեն Սանասար Տիտանյանը «Հետքին» հայտնեց, որ ֆինանսավորում չլինելու պատճառով օրերս կդադարեցվեն  զբոսայգու շինարարական աշխատանքները:

«Ոչ թե գումար չունենք, դրա համար չենք կարողանում շարունակել շինարարությունը, այլ 2014թ.-ի համար հատկացված 30 մլն դրամի շինարարական աշխատանքները կատարվել են, մյուս 30 մլնը  պլանավորված է հատկացնել հաջորդ տարի՝ 2015թ.-ին»,- բացատրեց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Նրա ասելով` մեծածավալ ֆինանսական միջոցներ պահանջող ծրագրերը 2 փուլով իրականացնելը Ալավերդիում ընդունված պրակտիկա է:

Արտավազդ Վարոսյանը

«Այս տարի զբոսայգում  հիմնականում կատարվել են  հողային աշխատանքներ, այդ թվում՝ մաքրվել եւ հարթեցվել է տարածքը, տեղադրվել են ճաղաշարեր, հենապատերն ամրացվել են, եզրաքարեր են տեղադրվել, պահակակետում աշխատանքային սենյակ եւ սանհանգույց է կառուցվել»,- հայտնեց Ա. Վարոսյանը:

Քաղաքապետն ասում է, որ 2015թ.-ին զբոսայգու ամբողջ երկայնքով տեղադրվելու են նստարաններ, զբոսայգին լինելու է նաեւ մշակութային վայր: Կառուցվելու է բացօթյա բեմ, երկու դեկորատիվ ջրավազան, ամբողջ զբոսայգում լինելու է լուսավորության համակարգ, գործելու են խաղահրապարակներ, նաեւ՝ զուգարան:  «Ուղղակի այստեղ մի հանգամանք կա, որ զբոսայգին մեկ տարում զբոսայգի չի դառնում, հիմնադրում են, ծավալուն աշխատանքն են կատարում, որպեսզի տարիների ընթացքում այն կայացած զբոսայգի դառնա»,- ասում է Արտավազդ Վարոսյանը:

Այսուհանդերձ, հենապատերի ամրացման մասին քաղաքապետի   տեղեկությունը չափազանցված էր, քանզի զբոսայգին Դեբեդ գետից սահմանազատող հենապատի վրա ամրացման որեւէ աշխատանք չի կատարվել, ընդամենը բազալտի շարվածքով հենապատը բարձրացվել է: Մյուս հենապատը զբոսայգին սահմանազատում է Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհից: 

«Խարխլված պատ է, 30 տարի այդ հենապատի վրա ոչ մի աշխատանք չի կատարվել: Սովորաբար, այդ ժամանակ պատերից բույսեր են դուրս գալիս, քարերն իրարից հեռանում են: Նախագծում ընդամենը հենապատի ամրացում է նախատեսված, այդ թվում՝ հողից կանաչ մասսայի մաքրում, ցեմենտի շաղախով որոշ տեղերում քարերի ամրացում, ընկած քարերի տեղադրում»,- ասաց Ա. Վարոսյանը:

Հենապատի վիճակը հուշում է, որ վաղ թե ուշ այն սպառնալիք է դառնալու ոչ միայն զբոսայգու այցելուների, այլեւ միջպետական ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցների համար: Մեր շրջայցի ժամանակ շինարարը հենապատից ընկած քարերը մի կերպ պատի մեջ հարմարեցնում եւ ցեմենտի շաղախով սվաղում էր: «Ես որպես մասնագետ կասեմ, որ էս պատի պես իդեալական պատ չկա»,- 30 տարվա խարխլված պատի մասին ասաց  Սանասար Տիտանյանը:

Ալավերդու աշխարհագրական դիրքի պատճառով Ակներ, Սանահին գյուղական, Ս./Սարահարթ եւ Սանահին կայարանային թաղամասերի  բնակիչների համար վերականգնվող զբոսայգուց օգտվելն այնքան էլ իրատեսական չի լինելու: Նշված թաղամասերն զբոսայգուց գտնվում են 5-8 կմ հեռավորության վրա, իսկ ժամը 19:00-ից հետո Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային միջոցները, բացառությամբ տաքսիների, չեն աշխատում: Չի աշխատում նաեւ ճոպանուղին: Քաղաքապետի ասելով՝ զբոսայգու նոր տարածքի ընտրության  հարցում Ալավերդիում ալտերնատիվ տարածք չի գտնվել: «Անգամ 100 մետր տարածքն այսօր Ալավերդիում խնդրահարույց է»,- ասում  է Արտավազդ Վարոսյանը:

Նախկին եւ ներկա քաղաքապետերը քաղաքի շատ հողատարածքներ առանց ծանր ու թեթեւ անելու վաճառել են, անգամ պատմական հուշարձաններին հարող կանաչապատ պուրակները չեն խնայվել: Միջնադարյան Հայաստանի նշանակալից ինժեներական կառույցներից մեկի` Սանահինի կամուրջի աջ եւ ձախ տարածքները վաճառվելուց հետո վերածվել են սրճարանների: Արտավազդ Վարոսյանի որոշումով անցյալ տարի վաճառվել է Սանահինի կամուրջից հազիվ 50 մ հեռավորության վրա գտնվող հեղափոխության հուշարձանի պուրակը: Սրճարաններն ուղղակի ստվերում են Սանահինի կամուրջի գեղարվեստական արժեքը: Ա· Վարոսյանը տեղեկացրեց, որ վաճառված է նաեւ Ալավերդու պատկերասրահին հարող պուրակը  եւ Եղեռնի պուրակի տարածքի զգալի մասը:

Սայաթ-Նովա հրապարակին հարող պուրակը մշտապես գտնվում է հակասանիտարական վիճակում: Ալավերդու բնակչության 50%-ը բնակվում է Ս./Սարահարթ թաղամասում: Այստեղ էլ շուրջ 1 հա տարածք ընդգրկող  նախկին զբոսայգու տարածքը քաղաքապետարանի թողտվությամբ բնակիչներն օգտագործում են որպես տնամերձեր: Միայն նոր հետաքրքրություններ եւ իրենց կյանքում աշխուժություն մտցնող զբոսայգին  կարող է ալավերդցիներին ձգել դեպի իրեն:

«Ես, երբ իմ թոռնիկի հետ գնում եմ Երեւան, նրան անմիջապես տանում եմ զբոսայգի` կարուսել նստելու: Ինչո՞ւ Ալավերդիում էլ թոռիկս չօգտվի այդ հաճույքից»,- ասում է Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: «Զբոսայգում  կառուսելներ եւ ատրակցիոն խաղեր չեն նախատեսված: Չենք նախատեսել այնպիսի կառուսելներ, որոնք տեխնիկական վերահսկողության, լիցենզավորման կարիք ունեն,  համենայնդեպս, նախագծում նախատեսված է այդ տարածքներն ազատ թողնել»,- բացատրում է քաղաքապետը: Ռաֆայել  Ջավախյանը հույս ունի, որ իր թոռնիկի եւ ալավերդցի մյուս երեխաների համար պղնձաձուլական գործարանի սեփականատերը մի օր մի կարուսել կտեղադրի զբոսայգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter