Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Թոշակառու չունեցող գյուղը, որտեղ 1/3-ը երեխա է



Մեր երիտասարդ վարորդը՝ Վրեժը, բավականին հմուտ վարելով մեքենան, գրունտապատ, տեղ-տեղ նեղ, դժվարանցանելի ճանապարհով Հաթերքից իջնում է դեպի Թարթառի հովիտը: Հասնելով Գետավան՝ թեքվում ենք աջ ու մտնում բավականին լայն ճանապարհ, որը Վարդենիս-Մարտակերտ ապագա մայրուղու մի հատվածն է: Սպիտակ «Նիվան», իր հետեւից փոշու ամպ բարձրացնելով, ընթանում է դեռեւս խճով ու հողով պատված ճանապարհով:

Որոշ ժամանակ անց մեր առաջ հայտնվում է կապույտ ցուցանակը՝ «Շահումյանի շրջան»: Խորհրդային տարիներին սա Ադրբեջանի Քելբաջարի շրջանն էր՝ հայկական պատմական Քարվաճառը, որը միայն 1993-ի գարնանն ազատագրվեց: Այժմ սա Արցախի 7 շրջաններից մեկն է, որի մեջ մտնում են նախկին Քելբաջարի ու օկուպացված Շահումյանի (1992-ի հունիսի 13-ին ադրբեջանական ուժերը ռուսական զրահատեխնիկայի աջակցությամբ զրավեցին այս շրջանը, որն առ այսօր գտնվում է հակառակորդ պետության վերահսկողության տակ) շրջանները: Այսօրվա Շահումյանի շրջանի շատ գյուղեր վերաբնակեցվել են փախստական շահումյանցիներով, իսկ գյուղերն էլ կրում են նախկին բնակավայրերի անունները՝ Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքեջ…

Հենց Նոր Էրքեջ էլ գնում ենք մենք: Սա մայրուղու վրա գտնվող երկրորդ գյուղն է, որը գրեթե կպած է Չարեքտարին: «Նիվան» կանգ է առնում գյուղամեջի խանութի մոտ: Գյուղամեջն էլ այստեղ հարաբերական հասկացություն է, քանի որ համայնքի տները ցրված են, միջով էլ անցնում է մայրուղին՝ կիսելով գյուղը: Խանութի մոտ հանդիպում ենք համայնքի ղեկավարին՝ Արա Հովհաննիսյանին: Ժպտադեմ անձնավորություն է: Հրավիրում է ճանապարհի ու գետի միջեւ ընկած հատվածում պատրաստված տաղավար: Դրա կողքին էլ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան են կառուցել, որն այս տարվա հունիսի 13-ին՝ Շահումյանի անկման օրն են բացել: Ավելի հեռվում Թարթառը «կտրող» նորակառույց կամուրջն է:

Արա Հովհաննիսյանը 40 տարեկան է, 2000-ից՝ Նոր Էրքեջի հիմնադրման առաջին օրից, ղեկավարում է համայնքը: Սկզբում նշանակվել է շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից, հետո ընտրվել է բնակիչների քվեով: Ժպիտով ասում է, որ մինչեւ հիմա մրցակից չի ունեցել ընտրություններում: Հարցին, թե արդյոք գոհ է իր պաշտոնից, ծիծաղով է պատասխանում. «Մինչեւ հիմա էլ փոշմանած եմ, բայց ճարս ի՞նչ»:

Գյուղի մեկ երրորդը երեխա է

Գյուղում 30 տուն կա, 120 բնակիչ: Դրանցից 43-ը միջնակարգ դպրոցի աշակերտներն են: «Փաստորեն, մեկ երրորդը երեխա են»,- նկատում է ընկերս: Գյուղապետը նշում է, որ պաշտոնը ստանձնելիս համայնքում ընդամենը 10 տուն կար: Հիմա եղածներից էլ 8-ը Էրքեջից են (ըստ ստուգաբանության՝ Էրքեջ անվանումն առաջացել է «այր» եւ «քաջ» արմատներից), մյուսները՝ տարբեր տեղերից: 1991-ի հունիսին ադրբեջանական ՕՄՕՆ-ը խորհրդային բանակի օգնությամբ գրավեց Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը, որոնք ազատագրվեցին նույն տարվա սեպտեմբերին: Սակայն 1992-ի ամռանը լայնածավալ հարձակման արդյունքում հակառակորդը կրկին գրավեց ոչ միայն այս բնակավայրերը, այլեւ ամբողջ շրջանը, որը մինչ այդ գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:

Սկզբնական շրջանում Հովհաննիսյանների ընտանիքն ապրել է Վարդենիսում, իսկ 2000-ից բնակություն է հաստատել Արցախում: Ինքը՝ Արան, 4 երեխա ունի: Ասում է, որ գյուղի կեսը բազմազավակ է: Տուն կա, որ 9 երեխա ունի: Պետությունն աջակցություն է ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին. օրինակ՝ 4-րդ երեխան ծնվելու դեպքում 1 մլն դրամ է հատկացնում, նույնքան էլ ավանդ բացում բանկում մինչեւ չափահաս դառնալը: 4-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում հատկացվում է այդքան օգնություն, իսկ, օրինակ, 3-րդի դեպքում՝ 700.000: Իսկ 6-րդի ծնվելու դեպքում պետությունը տուն է կառուցում ընտանիքի համար: Երեխաներին նաեւ ամսական նպաստ է հատկացվում: Նույն Հովհաննիսյանները այդկերպ ստանում են 35.000 դր: Պետությունը սուբսիդավորում է նաեւ վերաբնակիչների հոսանքի ամսական ծախսը 60 կՎտժ չափով:

Նոր Էրքեջում այս տարի ջրի խնդիր չի եղել

Նոր Էրքեջի բյուջեն 2,7 մլն դրամ է, որը հիմնականում ձեւավորվում է պետական դոտացիայից: Դա էլ հիմնականում ծախսվում է աշխատավարձերի վրա: Միջին աշխատավարձը մոտ 100.000 դր է: Արա Հովհաննիսյանն ասում է, որ նոր են իր նախկին 60.000-ը դարձրել 120.000: Ըստ նրա՝ համայնքի 90 տոկոսն աշխատանք ունի. դպրոց, գյուղապետարան, բանակ: Ի տարբերություն Արցախի շատ գյուղերի՝ Նոր Էրքեջում այս տարի ջրի խնդիր չի եղել: Հովհաննիսյանի ասելով՝ «ջրի խնդիրն 90 տոկոսով լուծված է, բոլոր բակերում աղբյուր կա, ոռոգումն էլ նույն աղբյուրներից է, քանի որ ջուրը շատ է»: Բնակավայրը Թարթառի կիրճի մեջ է, ու հարթ տարածքների բացակայության պատճառով մարդիկ տնամերձերն են մշակում: «Անասնապահության երկիր է, բայց բոլորս էլ հայերին լավ գիտենք. մինչեւ էսօր էնպես չի զարգանում, որ պիտի զարգանար»,- այդ ճյուղի մասին ասում է գյուղապետը: Վերջերս Նոր Էրքեջում մեղվապահությունն է թափ հավաքել:

Գյուղն անտառներով է շրջապատված, որոնց կառավարումը անտառտնտեսությանն է: Արան անկեղծանում է, որ նաեւ այդ պատճառով մինչեւ հիմա կադաստրով ճշգրտված չեն համայնքի սահմանները: Ասում է՝ գյուղապետերով են որոշել մոտավոր սահմանները: Անտառի օգուտներից մեկն էլ այն է, որ գյուղացիներին թույլատրում են 1500 դրամով 1 խմ փայտ հատել. «Գազ չկա, եթե լինի էլ, ձեռնտու չի, անտառը մոտ է, իսկ գազը թանկ է»:

Բացառիկ գյուղապետը

Արան լավատես է գյուղի ապագայի հանդեպ, համոզված է, որ հիմնանորոգվող մայրուղին մեծ օգուտ կտա համայնքին: Ըստ նրա՝ զարգանալու լավ հնարավորություններ ունի մասնավորապես տուրիզմը. Դադիվանքը մի քանի կմ է հեռու գյուղից, Թարթառի կիրճում գեղատեսիլ ուրիշ վայրերն էլ քիչ չեն: Այդուհանդերձ, 14 տարվա գյուղապետը կարծում է, որ համայնքը պետք է մեծացնել. «Ես էն բացառիկ գյուղապետերից եմ, որ համայնքների խոշորացմանը կողմնակից եմ: Կողմ եմ, որ 3-4 գյուղերը միացնեն»: Նոր Էրքեջին կից է Չարեքտարը, իսկ արեւմտյան կողմից Դադիվանք համայնքն է: Արան շեշտում է, որ իր գյուղի ծայրամասային տներն ավելի մոտ են Չարեքտարի դպրոցին, քան իրենց:   

Բայց քանի դեռ խոշորոցման ծրագիրը սարերից այն կողմ է, 120 հոգու ղեկավարը մտածում է առկա խնդիրների մասին: Դաշնակցական գյուղապետը դրսի կուսակցական կապերի միջոցով որոշակի գումար կարողացել է բերել Նոր Էրքեջ: 2003-ին ԱՄՆ դաշնակցական «Շահեն Մեղրյան» կոմիտեն լուծել է համայնքի ջրագծերի հարցը, նույն տարում պարսկահայ համայնքը դպրոցն է կառուցել, որը, սակայն, այսօր արդեն նորոգման կարիք ունի: Գյուղը բուժկետ չունի, բուժքույրը գալիս է հարեւան գյուղից: Շահումյանի շրջանում միայն Ակնաբերդ ու Եղեգնուտ գյուղերն ունեն մանկապարտեզ, սակայն Հովհաննիսյանն ասում է, որ դրսում ապրող էրքեջցիները խոստացել են լուծել այդ հարցը: Ըստ մեր զրուցակցի՝ մանկապարտեզ կգնա շուրջ 30 երեխա, գումարած՝ Դադիվանքի ու Չարեքտարի փոքրիկները:

Արա Հովհաննիսյանը ժպիտով է հիշում, որ մի պահ կար, երբ գյուղում 15 ընտանիք կար, միջին տարիքը 16 էր, ու Նոր Էրքեջն Արցախի ամենաերիտասարդ գյուղն էր: Բայց հետաքրքիր է, որ այսօր էլ ոչ մի թոշակառու չկա համայնքում:

Դպրոցն ու գյուղը դահլիճ չունեն

Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն Արայի քույրն է: Նա էլ 2000-ից ապրում է այստեղ: Մինչեւ 2003-ն աշխատել է գյուղի տարրական դպրոցի վարիչ: Այդ ընթացքում այստեղի բարձրդասարանցիները Չարեքտարի դպրոց էին գնում: Հիմա 12-ամյա դպրոցում 8 կոմպլեկտ դասարան կա: Անցած ուստարում 5 շրջանավարտ են ունեցել: Տնօրենը հպարտությամբ է նշում, որ նրանցից 4-ը բուհ են ընդունվել. 3-ը՝ Ստեփանակերտում, 1-ը՝ Երեւանում: Ընթացիկ ուստարում էլ դպրոցը 6 առաջինդասարանցի ունի: Դպրոցը աշխատատեղով է ապահովում 18 հոգու, որոնցից 12-ն  ուսուցիչ են: Կրթօջախի շենքը չնայած տիպային չէ, ունի 11 սենյակ, որոնցից մեկը տնօրենի սենյակն է, մեկը՝ ուսուցչանոց, մեկն էլ՝ գրադարան: Արմինեն ասում է, որ լավ կլիներ, եթե դպրոցին կից սպորտդահլիճ լիներ, որտեղ եւ ֆիզկուլտուրա կանցկացնեին, եւ տարբեր միջոցառումներ գյուղում:

«Էրքեջ վերադառնալը երազանք է»

«Ի՞նչն է Ձեզ այստեղ պահում»,- հարցնում ենք Արա Հովհաննիսյանին: «Անձամբ ինձ՝ գյուղի անունը»,- կարճ է կապում նա: Հետո ավելացնում է. «Էստեղ ապրելով՝ միշտ մտածում եմ, որ Էրքեջ կգնամ»: Արմինեն էլ հաստատակամ է «նոր» բնակավայրում ապրելու հարցում. «Բա մեր հողերը որ չպահենք, ո՞վ պիտի պահի»:  

Նոր Էրքեջի բնակիչ են Ցականյանները, որոնց 17-ամյա որդուն՝ Սմբատին, այս հուլիսին ադրբեջանցի դիվերսանտները առեւանգեցին, ու հետո հայտնաբերվեց տղայի դին: «Մեր դպրոցում 6-7-րդ դասարանի աշակերտն ասում է՝ ես երբեք դուրս չեմ գա, եթե կռիվ լինի, ես էլ կռիվ կանեմ, զենք կտանեմ, ուտելիք կտանեմ զինվորներին»,- պատմում է Արմինե Հովհաննիսյանը: «Մտածու՞մ եք վերադառնալու մասին»,- հարցնում ենք: «Էրքեջ վերադառնալը երազանք է, սպասում ենք, համենայն դեպս, հուսով ենք կիրականանա»,- ժպտում է Արմինեն: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ