HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլոկադայից դուրս գալու պետերբուրգցիների փորձերը

Էդգար Վարդանյան 

Շաբաթ օրը մասնակցեցի Սանկտ Պետերբուրգի Մայակովսկու անվան գրադարանում «Բաց գրադարան» պետերբուրգյան քաղաքացիական նախախեռնության կողմից կազմակերպված «Երկխոսություն» կոչվող միջոցառմանը, որի ժամանակ հանրահայտ հասարակական գործիչներ, լրագրողներ խոսում էին Ռուսաստանի ակտուալ խնդիրների շուրջ՝ առանց գրաքննության եւ ազատ մթնոլորտում։

Նախ, ազդեցիկ էր մասնակիցների քանակը՝ մոտ հազար հոգի, որոնց մեծ մասը կանգնած էին ունկնդրում քննարկումները։ Իհարկե, միգուցե, հինգ միլիոնանոց  քաղաքի համար հենց այդպիսի պատկեր պետք է լիներ, բայց ամեն դեպքում տպավորիչ է, երբ պուտինյան վարչախմբի վերահսկողությունից դուրս գտնվող նախաձեռնության կողմից գրադարանում կազմակերպվող քննարկումը ներկայիս Ռուսաստանի քաղաքական վերնախավից դժգոհ այդքան շատ ինտելեկտուալ մարդ է հավաքում։ Ի դեպ, կազմակերպիչները մասնակիցներից ներողություն խնդրեցին նեղվածքի համար, նշելով, որ այսօր շատ քչերն են պատրաստ մեծ դահլիճ տարամադրել ազատ քննարկումների համար։ Ծանոթ իրավիճակ է հայաստանցի ակտիվիստներին, այդպես չէ՞։

Ամեն դեպքում փաստն այն է, որ Պետերբուրգի կենտրոնում տեղակայված պետական գրադարանը համաձայնել էր տրամադրել իր տարածքը նման միջոցառում իրականացնելու համար, ինչը վկայում է, որ, Ռուսաստանում տոտալիտար համակարգի հաստատման մասին պնդումները մի փոքր չափազանցված են։

Սակայն այն, ինչի վրա հատկապես ցանկանում եմ ուշադրություն դարձնել, դա քննարկումների ժամանակ հչնեցված երկու հետեւյալ գաղափարներն են։ Առաջինը՝ բանախոսների կողմից նշվեց, որ ռուսաստանցիները տեղեկացված չեն Ռուսաստանին կապված խնդիրներից եւ հատկապես այն հարցերից, որոնք պետական քարոզչության ամենօրյա թեմաներն են։ Հիմնականում դրա պատճառը այն է, որ պետությունն ուղղակի փակել է դեպի այդ թեմաներ բոլոր մուտքերը։ Օրինակ, մարդիկ, իրականում չեն կարողանում պարզել, ի՞նչ է կատարվում Ուկրաինայի արեւելքում, այնտեղից իրական տեղեկատվություն չի հասնում նրանց։ Թեեւ պետական քարոզչամեքենան քսանչորսժամյա ռեժիմով խոսում է Դոնեցկի եւ Լուգանսկի մասին, սակայն մարդիկ ծանոթ չեն այնտեղ ապրող եւ կռվող մարդկանց, ներկայացվող «հերոսներին», նրանց նիստ ու կացին, առկա իրավիճակին։

Ի դեպ, անձնական դիտարկումներս նույնպես հաստատում են այս թեզը։ Եվ այնպիսի տպավորություն է,  որ տեղեկացված չեն ոչ միայն, այսպես կոչված, «շարքային քաղաքացիները» այլեւ, օրինակ, պետական ինստիտուտներում աշխատող չինովնիկների, փորձագետների բացարձակ մեծամասնությունը։

Օրինակ, օրեր առաջ մի հետաքրքիր զրույցի մասնակից եղա, որի ընթացքում պետական ինստիտուտներում աշխատող, հասարակագիտական ոլորտին առչնվող մարդիկ փորձում էին Լուգանսկ մեկ ամսով որպես կամավոր մեկնած երիտասարդ տղայից (որը, ի դեպ, հանկարծակի կորել էր բոլորի տեսադաշտից, իսկ ծնողներին հետագայում խաբել էր, որ գործուղման է գնացել) տեղեկանալ այնտեղ տիրող իրավիճակի մասին։ Նրանց հարցերից երեւում էր, որ բացարձակապես չեն տիրապետում հարցի վերաբերյալ հստակ տեղեկատվության եւ իսկապես ցանկանում են հասկանալ ինչն ինչոց է։

Ռուսաստանում կա որոշակի ինտելեկտուալ շերտ, որը չի տրվում ռուսական հեռուստատեսության մանիպուլյացիաներին, չի սպառում իշխանությունների «արտադրանքը» սակայն նաեւ չի հավատում ուկրաինական եւ պրոուկրաինական «արեւմտյան» տեղեկատվությանը, քանի որ կարծում է, որ նրանք էլ են պատերազմող կողմ եւ սեփական շահերից ելնելով օբյեկտիվ տեղեկատվություն չեն տարածի։ Բայց այդ շերտին պատկանող մարդիկ չունեն նաեւ անձնապես տեղեկատվություն ձեռքբերելու հնարավորություն եւ հայտնվել են շատ տարօրինակ, բարդ, դիսկոմֆորտ իրավիճակում։  

Բանախոսներից մեկը, հայտնի լրագրող Կիրիլ Նաբուտովը, անդրադառնալով Ռուսաստանում ժողովրդավարության դեֆիցիտի խնդրին ասեց, որ դրա պատճառն այն է, որ ռուսները, ի դեպ, նա շեշտեց, որ ռուսներ ասելով ի նկատի չունի միայն էթնիկ ռուսներին, այլ բոլոր նրանց, որոնք ռուսական կայսրության ժողովուրդի մասն են համարվում,  ունեն խիստ միապետի, «ցարի» կարիք, որ նրանց պատկերացումներում ղեկավար պաշտոնի տեր ամեն մի մարդ ինչ-որ մի մակարդակի «ցար» է եւ, բնականաբար, հետեւություն արեց, որ ժողովրդավարություն ունենալու համար ռուս հասարակությանն անհրաժեշտ է ինքնամաքրվել, վերափոխվել։ Մինչ այդ լուռ դահլիճը սկսեց աղմկել։ Հնչեցին բացականչություններ, որ չի կարելի այդ պնդումը տարածել ողջ հասարակության վրա։

Այս դրվագը  ինձ հիշեցրեց նմանատիպ հայաստանյան քննարկումները։ Եվ հետաքրքիրն այն էր, որ պետերբուրգյան քննարկաման ժամանակ նույնպես գիտական մոտեցում չկար՝ վերնոշյալ թեզին ինչպես կողմ, այնպես էլ դեմ հանդես եկողները, հիմնականում, հիմնվում են միայն տրամաբանության վրա, որի հիման վրա հավասարապես կարող ես հիմնավորել թե «կողմը», թե «դեմը»։

Եվ ամենակարեւորը՝ այս թեզը զուտ տրամաբանությամբ հիմնավորողները եւ հերքողները չեն կարողանում հանգամանալից եւ գիտականորեն ներկայացնել «ի՞նչ անելը»։ Առաջինները միայն ասում են, որ պետք է կրթել մարդկանց, բարձրացնել նրանց գիտակցությունը, սակայն չեն կարողանում ասել, թե ո՞վ պետք է կրթի, ի՞նչ է նշանակում կրթել, ինչքան՞ ժամանակ պետք է տեւի այդ կրթելը, ի՞նչ անել, եթե մարդիկ չեն ուզում կրթվել, քանի՞ մարդկանց կրթելն է բավարար, որ ժողովրդավարություն հաստատվի եւ այլն։ Իսկ երկրորդներն էլ, չեն կարողանում բացատրել, որ եթե խնդիրը հանրության քաղաքացիական գիտակցության մակարդակը չէ, որ եթե հանրությունն ամեն ինչ «ճիշտ» է արել եւ անում, ապա ինչպե՞ս պետք է տապալել ավտորիտար վարչակարգը եւ հաստատել ժողովրդավարություն։ Չէ որ ստացվում է, որ «ճիշտ» մարդկանց «ճիշտ» քայլերը մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել։

Կարծում եմ, այս փակ շղթայից դուրս գալու ամենահիմնական ճանապարհը՝ ժողովրդավարեցման համաշխարհային փորձի խորը եւ ընդհարձակ ուսումնասիրություններ կատարելն է եւ դրանց արդյունքների հանրայնացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter