HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3,5 կամ 1 տոկոս շրջանառության հարկ. կամավորության սկզբունքի առաջարկ՝ իշխանությանը

Առևտրով զբաղվողների դժգոհության ալիքն այսօր հասել էր Ազգային ժողովի մոտ: Պատճառը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություներն են: Համաձայն դրանց՝ առեւտրական գործունեության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը 3,5-ից նվազեցվել է 1 տոկոսի, փոխարենը՝ առևտրականները պետք է փաստաթղթավորեն ապրանքաշրջանառությունը, ավելի պարզ՝ յուրաքանչյուր ապրանքի գնման կամ ձեռբքերման համար փաստաթուղթ պետք է ներկայացնեն: Հակառակ դեպքում՝ նախ զգուշացվելու են, կրկնվելու դեպքում տուգանվելու են 20.000 դրամով, իսկ երրորդ անգամ արդեն գանձվելու է շրջանառության հարկ՝ 5 տոկոսի չափով: Այս կարգը գործելու է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: 2015 թ. այլևս չի լինելու զգուշացում, իսկ 2016-ից՝ 20.000 դրամ տուգանք (գալիք տարվանից 5 տոկոսին զուգահեռ հաշվարկվելու են նաեւ տույժեր):

Առևտրականների ստվար խումբը ԱԺ դարպասների մոտից տեղափոխվեց պատգամավորների ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոց: Այդտեղ էլ ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Արամ Մանուկյանը հանդիպեցին նրանց հետ: ԲՀԿ-ական պատգամավորը ակցիայի մասնակիցներին հայտնեց  օրենքի փոփոխությունների և լրացումների նոր նախագծի մասին, որը ենթադրում է կամավորության սկզբունքը, իսկ Արամ Մանուկյանը կոչ արեց չդադարեցնել բողոքի ակցիան:

Իսկ արդեն ԱԺ շենքի ներսում մթնոլորտն այլ էր: Քառօրյա նիստերի օրակարգը հաստատելու համար մոտ 30 րոպե պահանջվեց՝ փոխադարձ դիտողություններ վարման կարգին չառնչվող թեմաների մասին և այլն: Ներսում գտնողները, սակայն, տասնյակ ցուցարարների պահանջի մասին որևէ կերպ չհիշատակեցին՝ բացի Մ. Մելքումյանի՝ ի գիտություն հնչած այն հայտարարության, որ իրենք նախապատրատվում են տվյալ օրենքում փոփոխություններ և լրացումենր կատարել:

Մինչդեռ այս օրենքի փոփոխությունների և լրացումների մասին օրենսդրական փաթեթն ընդունվել էր այս տարվա հունիսին, որին առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել նաև ԲՀԿ-ն: «Հետքի» հարցին, թե ինչն է պատճառը մոտեցումների նման տարբերության, Մելքումյանն ասաց, թե իրենք առաջին ընթերցմամբ կողմ էին քվեարկել, քանի որ թղթարարության հատվածը դեռ չէր ներառվել, և առկա էր միայն շրջանառության դրույքաչափը 3,5-ից 1 տոկոսի իջեցնելու մասին կետը: Այնուհետ նշեց, որ իրենց խմբակցությունը երկրորդ ընթերցման ժամանակ դեմ է քվեարկել: Նա նաև հիշատակեց, որ նման օրինագիծ իրենք ունեցել են:

Թե ինչ է կտա առևտրականներին այս նոր նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն ասում է, որ առևտրականներին տրվելու է ընտրության հնարավորություն, այսինքն՝ առևտրող զբաղվողը կընտրի՝ ուզո՞ւմ է 1 տոկոս շրջանառությամբ, բայց փաստաթղթերով, թե՞ 3,5 տոկոս՝ առանց թղթարարական քաշքշուկի:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշում է, որ իրենք ևս ունեն «Շրջանառության հարկի մասին» օրինագիծ, և քննարկումներ են ընթանում ԲՀԿ-ի մշակած օրինագծի հետ միավորելու ուղղությամբ: Նրանք նույնպես ընտրության հնարավորությունն են առաջ քաշում: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը նույնպես կողմ էր քվեարկել հունիսին ներկայացված  օրինագծին, ինչը, ըստ Հովհ. Մարգարյանի, պայմանավորված էր օրինագծում առկա շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմամբ: Նա առաջարկում է շրջանառության տարեկան շեմը 58 միլիոնից (առանց ԱԱՀ-ի) դարձնել 100 միլիոն (շրջանառության հարկ մուծող են համարվում նրանք, ում տարեկան հասույքը առանց ԱԱՀ-ի չի գերազանցել 58,35 մլն դրամը): «Ստացվում է մի վիճակ, երբ քաղաքացին, ասենք, արտերկրից շորեղեն է բերելու, որտեղի՞ց է փաստաթուղթ ձեռք բերելու»,- ասում է Մարգարյանը:

Ինչո՞ւ են խոշորները արտոնություն ձեռք բերում

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այս օրենքով հսկայական խավի իրավունքներ են ոտնահարվում: Ինչ վերաբերում է կառավարության այն մոտեցմանը, թե փոքր ու միջին բիզնեսի միջոցով խոշորներին հարկային օրինական դաշտ են բերելու, ասում է՝ հարկային տեսուչներ կան, ովքեր իրենց գործառույթները կատարում են՝ ապահովելով հարկահավաքություն, ինչի համար պետական բյուջեից տրվում են հսկայական գումարներ: Խոշոր ձեռնարկատերերն էլ, ըստ նրա, այսօր գտնվում են Ազգային ժողովում: «Նրանցից յուրաքանչյուրը, լինելով օլիգարխիայի ներկայացուցիչ, ունի համապատասխան լծակներ: Հենց այնպես չեն տրվում այդ արտոնությունները, որովհետև նրանք ժամանակին կեղծում են ընտրությունները, այս կամ այն անձին նշանակում են որպես վարչապետ, նախագահ կամ նախարար, հետևաբար, նրանք ունեն որոշակի լծակներ և դրանց դիմաց ստացել են նաև արտոնություններ»,- ասում է Զ. Փոստանջյանը: Իսկ առկա խնդիրը լուծելու համար պետք է շահերի տարանջատում դրվի:

«Օրենքը պարզ թվաբանություն է»

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն էլ նշում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը միտված է փոքր և միջին բզինեսը խթանելուն: «Այդ օրենքը պարզ թվաբանություն է՝ 3,5 տոկոսը դարձել է 1 տոկոս, ուղղակի, իմ կարծիքով, այնտեղ կա 58 միլիոնի շեմ, երբ փաստաթղթավորում են անում, այդ 58 միլիոնը շատերն անցնում են: Դրա համար իրենց ավելի ձեռք է տալիս 3,5 տոկոս մնա, բայց փաստաթղթավորում չլինի»,- ասում է պատգամավորը: Նա նաև կարծում է, որ փաստաթղթային քաշքշուկին կապված դժգոհությունը պայմանավորված է այն մտավախությամբ, որ վարչարարությունը կամայական է լինելու: «Բայց ֆինանսների նախարարությունից բազմիցս հայտարարեցին, որ այդ հարցը կլինի խիստ հսկողության տակ, կամայականություններ թույլ չենք տա»,- ասում է Գ. Նուշիկյանը: ԲՀԿ-ի մշակած նախագիծը, ըստ Նուշիկյանի, կքննարկեն և պետք է այնպես անեն, որ ՓՄՁ-ների համար լավ լինի: «Հիմա ստացվում է, որ դժգոհ են այդ լավ նախաձեռնությունից, պիտի հասկանանք իրենց պատճառաբանությունները, և եթե դրանք հիմք չունեն, բացատրենք իրենց, թե ինչ խնդիրներ կան իրենց անհանգստացնող: Այդ խնդիրները վերանայենք և նոր լուծումներ առաջարկենք»,- ընդգծում է ՀՀԿ-ական պատգամավորը:

Օրենքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս տարվա հունիսին, երբ քվեարկության էր դրվել օրենսդարական փաթեթը, ձեռնպահ քվեարկեց: Նա նշեց, որ նշյալ օրենքում կան դրական կողմեր, բայց նաև ռիսկեր կան: Իսկ նախագիծը, որ մշակվել է ԲՀԿ-ի կողմից, քառյակի նախաձեռնությունն է, որը նրանց 12 առանցքային կետերից մեկն է: Նախագիծը կներակայացվի ԱԺ արտահերթ նիստին, որի օրը դեռևս հստակ չէ:

Փաստաթղթարարական ռիսկերից բացի, կան կառուպցիոն ռիսկեր: «Սա դեռ առաջին փուլն է, եթե օրենքն այս վիճակում մնա, խոշոր ռիսկեր են առաջանում, որի դրսևորումը լինելու է պարզապես բազմահազար աշխատատեղերի փակումը: Դա նշանակում է, որ օր առաջ կառավարությունը պետք է ընդառաջի հասարակական պահանջին, և փոփոխի օրենքի համապատասխան հոդվածները»,- ասում է ՀՅԴ պատգամավորը:

Գալիք փոփոխությունների մեջ, ըստ Մինասյանի, պետք է ներառվեն առաջին հերթին շրջանառության ծավալի մեծացումը՝ 58,35 միլիոնից դարձնելով առնվազն 150 միլիոն, և փաստաթղթարարական նվազագույն պահանջ դնելը, թե ինչ մեծություն պետք է լինի փաստաթղթային շրջանառություն կատարելու համար: Օրենքում փոփոխություններից մեկն էլ վերաբերում է տուգանքների կիրառմանը, այսինքն՝ փաստաթղթավորման նույն տուգանքը կարող է կիրառվել, ենթադրենք, և՛ մի գրիչ ցույց չտալու, և՛ հսկայական մի շրջանառություն թաքցնելու դեպքում: 4-րդ կետը վերաբերում է ստուգումների համակարգին, որպեսզի ամեն օր ստուգումներով չանհանգստացնեն տնտեսվարող սուբյեկտին:

«Խոշորներին հարկային դաշտ բերելու համար ամենևին չպետք է օգտագործել փոքրերին: Խոշորներին հարկային դաշտ բերելու համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմանները, որպեսզի խոշորներն իրենք հայտնվեն այդ դաշտում, և եթե չհայտնվեն, ապա դա իրենց համար տնտեսապես ավելի մեծ վնասների պատճառ դառնա: Առավել ևս բոլորս հասկանում ենք, որ օլիգարխիկ տնտեսական համակարգում նման խոշորները ձևավորվում են հենց օրենքների կոպիտ խախտումների արդյունքում»,- ասում է Ա. Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter