HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Հայկաձորում համայնքային կենտրոն բացվեց

Մարիամ Խալաթյան

Սեպտեմբերի 26-ին, Շիրակի մարզի սահմանամերձ Հայկաձոր գյուղում հիմնանորոգումից հետո վերաբացվեց համայնքային կենտրոնը:

Այստեղ տեղակայվել են համայնքապետարանն ու բուժկետը: Հայկաձորի համայնքապետարանը նախկինում էլ այս շենքում է գործել, սակայն խիստ վատ պայմաններում:

Վերջին տարիներին գյուղում մի քանի ծրագրեր են իրականացվել՝ փողոցները լուսավորվել են, նախակրթարան է հիմնվել, ստեղծվել է համայնքային տեղեկատվական կենտրոն: «Համայնքային կենտրոնի նորոգումը եղել է համաֆինանսավորվող ծրագիր, որն արժեցել է 22 մլն 860 հազար դրամ: 12 մլն 190 հազարը ներդրել է «Քաունթերփարթ ինտերնեշնլ» կազմակերպությունը, 7 մլն դրամը` ՀՀ պաշտանության նախարարությունը, 3 մլն-ը՝ Շիրակի մարզպետարանը, մոտ 600 հազար դրամի պարտք է մնացել, որն էլ քիչ-քիչ փակելու է համայնքապետարանը»,- ասում է Հայկաձորի համայնքապետ Գեւորգ Սարգսյանը:

Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարեւորելով սահմանամերձ համայնքում նման ծրագրի իրականացումը նշեց. «Ես այսօր առանձնապես ուրախացել եմ նրա համար, որ սա սահմանամերձ գյուղում է կատարվել: Այս շենքը նախկինում շատ անմխիթար վիճակում է եղել, բակն՝ անբարեկարգ: Դեռեւս գործեր կան անելու այստեղ, բայց որ այսուհետ մարդը կարող է ավելի բարեկեցիկ պայմաններում իր հարցերը քննարկել` դրական է»: 

Նորացվել է նաեւ համայնքային կենտրոնի գրասենյակային գույքը, համալրվել համակարգչային տեխնիկայով: Գյուղում վաղուց պաշտոնյա չէին տեսել՝ թեկուզ մարզպետի մակարդակով, եւ հայկաձորցիները շտապեցին բարձրաձայնել գյուղի խնդիրները: Պատասխանելով նրանց հարցերին` մարզպետը հավաստիացրեց, որ տեղեկացված է համայնքում առկա բոլոր խնդիրներին՝ վստահեցրեց, որ եթե ոչ բոլորը, բայց որոշ հարցեր լուծումներ կստանան: 

«Մասնավորապես, գյուղ մտնող մոտ 3-4 կմ ճանապարհը քարուքանդ է: «Արդեն 23 տարի է անցել, էսքան էլ գյուղապետ է փոխվել, բայց պրոբլեմը մնացել է, - նշեց Հայկաձորի բնակիչ Սաշա Եղոյանը,- պատճառաբանում են, թե գյուղի բյուջեն թույլ չի տալիս այս եւ մյուս հարցերը կարգավորել»: Ճանապարհի հարցում Շիրակի մարզպետը խոստացավ օգնել՝ երկաթուղու նորոգումից ավելացած խիճը կտրամադրվի ճանապարհը հարթեցնելուն:

Հայկաձորցիները մարզպետին դիմել էին նաեւ ուղեւորափոխադրման հարցը կարգավորելու համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նախորդ տարի որոշում կայացրեց փակել Բագրավանի կիսակայարանը` գումարներ խնայելու եւ Գյումրի-Երեւան գնացքի ժամանակը կրճատելու համար: Իսկ միկորավտոբուսային երթուղին, որ ապահովում է գյուղացիների կապը մարզկենտրոն Գյումրիի հետ, մեկ մեքենայով սպասարկում է հինգ համայնք. առավոտյան 9-ին դուրս է գալիս Հայկաձորից, 14:00-ին՝ վերադառնում է: Երկաթուղու հարցով մարզպետն անձամբ է կապվել ընկերության պատասխանատուների հետ եւ փոխանցեց, որ նրանք այդ կայարանը պահելը եկամտաբեր չեն համարում:

«Իմ կարծիքով, երեւի, այս հարցը դրական լուծում չստանա»,- գյուղացիներին հայտնեց մարզպետը:

Հայկաձորում պարբերաբար շարքից դուրս է գալիս գյուղին ոռոգման ջուր մատակարարող պոմպը, արդեն 4 ամիս է` այն դարձյալ չի աշխատում: Ֆելիքս Ցոլակյանը, որպես հարցի լուծում, հայկաձորցիներին առաջարկեց միավորվել տարածքի մի քանի գյուղերին եւ ընդգրկվել համայնքների ջրարբիացման ծրագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter