HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 ընտանիք ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. ո՞ւմ շահերն է պաշտպանել քաղաքապետարանը

Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի հարակից ձորակում այգիներ ու տներ ունեցող 12 ընտանիք դատի է տվել Երևանի քաղաքապետարանին:  

Բնակիչները պնդում են, որ որպես տարածքի բարեխիղճ օգտագործողներ քաղաքապետարանն իրենց զրկել է այդ տարածքները սեփականաշնորհելու իրավունքից: Փոխարենը տարածքը ապօրինի գործարքներով տրամադրել է «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ին, որը և փորձում է վտարել արդեն քարե տներ և մշակովի հողամասեր ունեցող վաղեմի բարեխիղճ օգտագործողներին:

Հիշեցնենք՝ 1987 թվականից տարածքն օգտագործողների մի մասը սկսել է մաքրել ձորակը, ձերբազատել քարերից, հարթեցնել և մշակելի հողատարածք սարքել: «Մութ ու ցուրտ» տարիներին այդ հողամասերից մարդիկ բերք են ստացել և դիմակայել դժվարին օրերին: Հետզհետե այլ օգտոգործողներ են ավելացել, բերքատու այգիներ ստեղծել և տներ կառուցել:  7 ընտանիք տուն է կառուցել, որից 3-ը` քարե շինություններ են:

2011-ին հայտնվել է «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն և հայտարարել, որ տարածքը իրենն է, որը ձեռք է բերել 2003-ին: Սակայն միևնույն տարիներին տարածքն օգտագործող բնակիչների՝ տարածքը սեփականաշնորհելու դիմումներին ի պատասխան քաղաքապետարանը շարունակաբար հայտնել է (ընդհուպ մինչև 2009 և 2012 թվականներին), որ տարածքի վերաբերյալ որոշում չի կայացվել:  «2007 թվականից հետո ՀՀ օրենսդրության մեջ չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս խնդրո առարկա հողամասը հատկացնել Ձեզ»,- տարածքի վաղեմի օգտագործող Վարդգես Հարությունյանին պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանը:

«Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն արդեն ընդհանուր իրավասության դատարանում քննված գործով վտարման վճիռ ունի, սակայն այժմ բնակիչները վարչական դատարանում վիճարկում են «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի օգտին Երևանի քաղաքապետի կայացրած որոշումը և վարձակալության պայմանագիրը: 

«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն մինչ օրս չի վճարել ձեռք բերված հողատարածքի գինը: Նրա սեփականության վկայականում հստակ գրված է, որ հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ: Մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է, որ  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը ենթակա է վճարման: Ավելին, հոդվածը պարտավորեցնում է կատարել վճարում, այլապես «իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը»: 2012թ. «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում և տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը: Քաղաքապետարանի այս «նվերը» ընկերությունը գրավադրել է «Արդշինինվեստբանկում»` 440 հազար դոլար վարկի դիմաց. «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն իր գույքը գրավ է դրել երրորդ` «Ամասիա» ընկերության պարտավորությունների դիմաց: Տարածքի մեջ են նաև վերևում նշված անձանց տները և հողատարածքները:

Երկարատև ընդհատումից հետո, ի վերջո, երեկ վարչական դատարանում կայացած նիստին փաստաբան Արմինե Հարությունյանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ որոշումը՝ տարածքը «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ին օտարելու մասին:

«Հետքի» հետ զրույցում փաստաբանը նշեց, որ դատարանին է ներկայարվել բնակիչների դիմումները քաղաքապետարան, նրենց բաժանորդային պայմանագրերը, կատարած վճարումները, մոտ 20 քաղաքացու հայտարարություն, որ տվյալ մարդիկ 1990-ականներից օգտագործում են տարածքը, Հանրային հեռուստաընկերության 1995թ.-ի տեսանյութը, 2007-2008թթ. վավերագրական ֆիլմ, որտեղ ցույց է տրված, որ նշված մարդիկ վաղուց այդտեղ հողը մշակել են և տներ են կառուցել: Բացի դրանից, տրամադրել են նաև google-ից հանված արբանյակային լուսանկարները: Դատարանը քաղաքապետարանի ներկայացուցչից պահանջել է ներկայացնել յուրաքանչյուր հայցվորի դիմումի կապակցությամբ տեղի ունեցած քննարկման ընթացքը և արդյունքները և քաղաքացիների՝ այդ տարածքը չօգտագործելու վերաբերյալ հիմնավորումներ:  

Դատարանը փորձել է հստակեցնել նաև, թե ինչու է հենց բնակիչների զբաղեցրած մասը տրամադրվել ՍՊԸ-ին, երբ կառավարության որոշմամբ հստակ սահմանված չէր, թե նախկին «Ավտոտեխսպասարկման կայան»-ի հատկապես որ կողմից է տրվել այդ հողատարածքը ընկերությանը: «Քաղաքապետարանը ոչինչ չունի, որպեսզի հակափաստարկ ներկայացնի»,-ասում է Արմինե Հարությունյանը:

Վարդգես Հարությունյանի պահպանած նամակներին հղում տալով՝ դատավոր Ղազարյանը հարցադրում է արել Կադաստրի ներկայացուցչին. եթե որոշում կայացվի, որ քաղաքապետարանի որոշումն իրավաչափ չէ, արդյոք Կադաստրը պատրաստ է արդեն արված գրանցումը անվավեր ճանաչել և հետգրանցում կատարել: Կադաստրի ներկայացուցչի պատասխանը միանշանակ է եղել՝ ոչ մի խնդիր չկա:

Դատավոր Ղազարյանը դատաքննությունն անորոշ ժամկետով հետաձգել է և դեռևս նիստ չի նշանակել: Տրամադրված նյութերը պետք է ուսումնասիրվեն:

Լուսանկարում՝ Վարդգես Հարությունյանը, ում մոտ պահպանվել է նաև իր այգու հին նկարներից մեկը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter