HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգն ընդունվեց միաձայն

Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգը բավական հագեցած էր: Ընդգրկված էր 30 հիմնական եւ 2 լրացուցիչ հարց: Մինչ նիստը սկսելը` քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց հոկտեմբերի 5-ին նշանակված «Քաղաքի օր» տոնակատարությունը հետաձգել անորոշ ժամանակով՝ պայամանավորված անձրեւային եղանակներով: Բոլոր միջոցառումները բացօթյա են եւ օդերեւութաբանների կանխատեսումներին վստահող քաղաքապետը գյումրեցիների տոնը «չհարամելու» մտավախությամբ է նման քայլի գնում:

«Եթե ավագանին որոշի, որ նշանակված օրը մնալու է անփոփոխ, ես իհարկե կենթարկվեմ, բայց նայել ենք, եւ այդ օրը անձրեւոտ է լինելու,- նշեց քաղաքապետը,- ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների՝ հոկտեմբերի 22-ից լինելու են անձրեւային եղանակներ եւ մենք կարող ենք քաղաքի օրը նշել ամսի 25-ին կամ 26-ին»: Ավագանին որոշեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը հետաձգել անորոշ ժամանակով:

Ավագանու նիստի քննարկմանն էր ներկայացված Գյումրի համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը: Փաստաթղթի կազմմանը եւ մշակմանը մասնակցել էր ավագանիներից Լեւոն Բարսեղյանը:

«Հատուկ օրենքով նախանշվում է, որ ավագանին պետք է ընդունի իր համայնքում քաղաքացիների տեղական ինքնակառավարմանը մասնակցելու կարգ: Սա բխում է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման խարտիայից եւ նրա լրացուցիչ արձանագրությունից՝ ընդունած 2009 թ-ին, որի մեջ պարզապես ասվում է, որ պիտի քաղաքացիներին ամեն կերպ խրախուսել, որ նրանք մասնակցեն տեղական ինքնակառավարմանը,-հայտարարեց Լեւոն Բարսեղյանը,- այլ խոսքով  ՏԻՄ մասնակցությունը չպիտի սահմանափակվի միայն ընտրություններով: Բոլոր կետերին չեմ անդրադառնա, բայց կնշեմ կարեւորներից մեկը: Սրանով հնարավորություն է ընձեռվում 16 տարին լրացած քաղաքացիների համար ավագանու նիստի օրակարգին ուղիղ հարց ներկայացնել։ 10 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի դեպքում չափահաս բնակչության 1 տոկոսի ստորագրությունը բավարար կլինի, որ ցանկացած հարց ընդգրկվի ավագանու օրակարգ,- պարզաբանեց Լ. Բարսեղյանը,- Գյումրի քաղաքի պարագայում բավարար է, որ տվյալ հարցի կամ առաջարկի տակ լինի հազար հոգու ստորագրություն: Մեկ ամսվա ընթացքում բնակչությանը հուզող հարցը քաղաքապետը պիտի ներկայացնի ավագանու քննարկմանը: Ստորագրահավաքի հեղինակներից մեկն իրավունք ունի նիստի ժամանակ հարցն անձամբ ներկայացնելու»:

Սամվել Բալասանյանը եւս կարեւորեց քաղաքացիների՝ ավագանու նիստերին մասնակցության հարցը: Նիստերի անցկացման ներկա տարածքը փոքր է եւ հնարավորություն չի տալիս բոլոր ցանկացողներին՝ ներկա գտնվելու: Առաջիկայում, երբ հիմնանորոգվի նիստերի առավել ընդարձակ դահլիճը, հնարավորություն կընձեռվի ավագանու նիստերին մասնակցության հայտ ներկայացրած բնակիչներին հրավիրել քաղաքապետարան՝ իհարկե նախապես հերթագրելուց հետո:

Ավագանին քննարկեց եւ հաստատեց Հայաստանի եզդիների ազգային միությանը դրամական օգնություն տրամադրելու հարցը: Որոշվեց համայնքային բյուջեից մեկ մլն դրամ փոխանցել եզդիների միությանը: Ավագանին հաստատեց նաեւ ակադեմիկոս, սրտաբան, ծնունդով գյումրեցի Կառլեն Ադամյանին, ըմբշամարտիկ Լեւոն Արսենի Ջուլֆալակյանին, երգիչ Ալիկ Գյունաշյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկները:

2014 թ-ին Չինաստանում կայացած պատանիների օլիմպիական խաղերում բարձր արդյունքների հասած եւ մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին, նրանց մարզիչներին սպորտային պարգեւներ շնորհելու մասին հարցը եւս արժանացավ ավագանիների հավանությանը: Ավագանու անդամ Արմեն Բադեյանն առաջարկեց 1 մլն դրամ դրամական աջակցությանն ավելացնել եւս 600 հազար դրամ: Քաղաքապետը թեեւ սկզբում ընդվզեց՝ պատճառաբանելով բյուջեի սուղ հնարավորությունները, սակայն չընդդիմացավ որ հարցն այդ տեսքով դրվի ավագանու քննարկմանը:

Ավագանին որոշեց նաեւ անհատույց օգտագործման իրավունքով 13 հա տարածք տրամադրել «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարան ՀՈԱԿ-ի «Քանդակագործության ազգային պարկ-թանգարան» մասնաճյուղին: Ավագանին հաստատեց Գյումրու նախկին երկաթուղայինների մշակույթի պալատի վթարային շենքի տարածքը ռուս-հայկական մշակութային համագործակցության հասարակակն ակադեմիայի «Արաքս» կազմակերպությանը տրամադրելու հարցը:

Ավագանու որոշմամբ՝ այսուհետ Գյումրու փողոցներից մեկը, որտեղ գտնվում է մեծանուն գրող Հովհ. Շիրազի տուն-թանգարանը, կկոչվի նրա անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter