HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչի՞ վրա է հույսը դրել «եռյակը»

Էդգար Վարդանյան

«Քաղաքական աշնան» մեկնարկը կրկին ակտուալիզացրեց, ընդհանուր առմամբ, իշխանափոխության, համակարգափոխության, իսկ ավելի կոնկրետ, բողոքի գործողությունների մեթոդոլոգիայի,  քաղաքացիական պայքարի փիլիսոփայության թեման։

Ամեն անգամ, երբ ընդդիմադիր կուսակցությունները ակտիվանում են եւ զանգվածային ակցիաներ են կազմակերպում օդում ճախրում են հետեւյալ հարցերը՝ ինչի՞ վրա են հույսը դրել նրանք, ինչո՞ւ պետք է այս անգամ ստացվի։

Ինչպես ցույց է տալիս փորձը, քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները, հատկապես, երբ խոսքը, ոչ թե մեկ, այլ բողոքի գործողությունների որոշակի շղթայի մասին է, առավել մարդաշատ են լինում, երբ կազմակերպողը ոչ թե մեկ կուսակցություն է լինում, այլ քաղաքական ուժերի ինչ-որ նոր դաշինք։

Հիմնվելով այս անհերքելի փաստի վրա քաղաքական ուժերը ձգտում են դաշինքներ ստեղծել եւ դրանց գոյությունը համարում են հաջողության հասնելու գրավականներից մեկը։ Բայց, որպես կանոն, հետագա գործողությունների ռազմավարությունը եւ մարտավարությունը, հասարակությանը անհայտ է մնում, հաճախ, վերջիններիս բացակայության պատճառով։  Մինչդեռ առանց դրանց առկայության, պայքարը մատնվում է բախտի քմահաճույքին։ Ռազմավարություն եւ մարտավարություն ունենալն ու դրանց հանրայնացումը  անհրաժեշտ է նաեւ նրա համար, որ հանրությունը գիտակցված մասնակցի պայքարին, որ կարողանա վերահսկել կազմակերպիչներին եւ ազդել որոշումների կայացման վրա։

Ռազմավարության եւ մարտավարության առկայությունը եւ դրանց մատչելիությունը նաեւ նպաստում են հանրության եւ ակցիաների կազմակերպիչների միջեւ առավել վստահելի հարաբերությունների ստեղծմանը, բողոքի անհաջող ավարտի դեպքում նվազեցնում են նրա մասնակիցների շրջանում հիասթափության  առաջացման հավանականությունը, կարող են կանխարգելել անհարկի տեղը կազմակերպիչներին ծախվածության, թուլամորթության մեջ մեղադրելը։  Նաեւ այս պարագայում, ակտիվիստները, հիմնվելով նախկին փորձի վրա, հետագայում կարող են ավելի որակյալ ռազմավարություն եւ մարտավարություն մշակել։

Հիմա ինչի՞ վրա են հույսը դրել իրենց ոչ իշխանական համարող խորհրդարանական կուսակցությունները։ Քանի որ չկա հրապարակված ռազմավարություն եւ մարտավարություն, կարող ենք միայն առանձին ելույթների, կատարված քայլերի վրա որոշակի ենթադրություններ անել։

Միգուցե, «եռյակի» հույսը հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ֆինանսական եւ ադմինիստրատիվ ռեսուրսներն են։ Ենթադրենք՝ դա այդպես է, ենթադրենք՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին եւ վա-բանկ է գնում, իսկ մյուս կուսակցությունները, հաշվի առնելով այն, որ իրենք անհամեմատ ավելի նվազ ռեսուրսներ ունեն, օգտագործում են առիթը իշխանություններին հարվածելու համար։

Բայց, եթե «եռյակի» նպատակը իշխանափոխությունն է, ապա ինչպե՞ս է այդ քաղաքական ֆորմատը ստիպելու ներկայիս վարչախմբին հեռանալ։ Ակնհայտ է, որ նույնիսկ մեծ ռեսուրսներ ունենալը ավտոմատ կերպով չի հանգեցնում իշխանափոխությանը։ Այդ դեպքում, ի՞նչ է պատրաստվում այդ ռեսուրսների միջոցով անել «եռյակը»՝ շուրջօրյա հանրահավա՞քներ, փողոցների, հրապարակների պարալիզացու՞մ, միգուցե, համազգային գործադու՞լ։ Եթե այո, ապա արդյո՞ք կուսակցությունները նախապատրաստվել են դրան, արդյո՞ք մշակվել են խոստացված «սառը ցնցուղը» հաղթահարելու ուղիները։ Հաշվի առնելով այն, որ իշխանություններին ընդդիմացող հանրության շրջանում քիչ չեն «եռյակին»  անվստահություն հայտնողները, ինչպե՞ս է վերջինս այս պայմաններում պատրաստվում լայն զանգվածներ ներգրավվել։ Այս հարցերի պատասխանները դեռեւս չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter