HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքապետերը հողի եւ գույքահարկի եկամուտներն ամբողջությամբ չեն հաշվարկել բյուջեում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 17.12.2013թ.-ի թիվ 159-Ա հրամանով հաստատված աշխատանքային ծրագրով Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբը մարզի 113 համայնքերից 2014թ.-ին հսկողություն պետք է իրականացնի 37-ում: ՀՀ նախագահի 2013թ.-ի օգոստոսի 5-ի ՆԳ-189-Ն հրամանագիրը սահմանում է, որ վարչական հսկողության իրականացման արդյունքում կազմված արձանագրությունները, խախտումները վերացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ հսկողության վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած առարկությունները հրապարակվում են մարզպետարանի  պաշտոնական ինտերնետային կայքում` համապատասխան արձանագրությունները կազմելուց, առաջարկությունները ներկայացնելուց, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի առարկություններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

Աշխատանքային խումբը մինչ օրս վարչական հսկողություն է իրականացրել մարզի 28 համայնքերում, որոնցից մարզպետարանի պաշտոնական կայքում այս պահին  տեղադրված չեն 14 համայնքների հսկողության արձանագրությունները (Եղեգնուտ,  Փամբակ, Թեղուտ, Ալավերդի, Քարաձոր, Վահագնաձոր, Կողես,  Ահնիձոր, Այգեհատ, Արեւածագ, Ձորամուտ, Ապավեն եւ Ծաղկաբերդ): Հսկողության արդյունքում, Պուշկինո, Մեդովկա, Մարգահովիտ եւ Լերմոնտովո համայնքների ՏԻՄ-երի պարտադիր լիազորությունների նկատմամբ վարչական հսկողության հարցաշարերով բացահայտվել են, որ Պուշկինո եւ Մեդովկա գյուղերի քառամյա զարգացման ծրագրով նախատեսված որեւէ ծրագիր չի իրականացվել` բյուջեի սղության պատճառով:

Պուշկինոյի տարեկան բյուջեն կազմում է 7 մլն դրամ, համայնքապետ Սուրեն Ավետիսյանը, ով 1997թ.-ից ղեկավարում է գյուղը, չի ապահովում սեփական հարկային եկամուտների հավաքագրումը: Պուշկինո համայնքի 2011-2013թթ.-ի  բյուջեի փաստացի ծախսերը կազմել է 21 մլն 178 հազար դրամ, որից 73,9%-ը  Սուրեն Ավետիսյանը նպատակաուղղել է աշխատավարձի վճարմանը: Մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջարկել է համայնքապետ Սուրեն Ավետիսյանին այսուհետ  բյուջեի եկամուտները նպատակուղղել համայնքի կարիքները հոգալուն:

Մեդովկա համայնքի բյուջեի տարեկան փաստացի մուտքերը կազմում են 6 մլն դրամ, հսկողությամբ պարզվել է, որ Մեդովկայում 2011-2013թթ.-ին բյուջեի 17,9 մլն դրամ եկամուտներից 76,5%-ը համայնքապետը  ծախսել է աշխատավարձի  վճարման, իսկ 12,6%-ը` համայնքապետարանի մարդատար ավտոմեքենայի շահագործման նպատակով: Հսկողությամբ  բացահայտվել է նաեւ, որ  Մեդովկա գյուղի հողի հարկի հաշվարկված եկամուտները կազմում են 4 մլն 690 հազար դրամ, սակայն համայնքապետ Սամվել  Ավետիսյանը 2012թ.-ի բյուջեում  հողի հարկի եկամուտները նախատեսել է 2 մլն 785 հազար դրամ: Նա 1,9 մլն դրամով պակաս է նախատեսել բյուջեի եկամուտները:

Համայնքի ղեկավարը Մեդովկայի 2013թ.-ի բյուջեով հողի հարկը նախատեսել է 2,5 մլն դրամ՝ հողի հարկի հաշվարկված տարեկան 4,6 մլն դրամի դիմաց, այսինքն՝ հողի հարկի եկամուտները պակաս է  հաշվարկել 2,1 մլն դրամ: Լոռու մարզպետ Ա· Նալբանդյանն առաջարկել է համայնքի ղեկավարին հողի հարկի եկամուտները նախատեսել բյուջեի տարեկան հաշվարկներին համապատասխան:   

Մարգահովիտ գյուղի 2012թ.-ի հողի հարկի մեկ տարվա հաշվարկը կազմում է 8,2 մլն դրամ, սակայն համայնքապետ Սամվել Անանյանը բյուջեով հողի հարկի եկամուտներ նախտեսել է 7,4 մլն դրամ: Հսկողությամբ պարզվել է նաեւ, որ  Մարգահովիտում 2012թ.-ի գույքահարկի տարեկան հաշվարկը կազմել է 4 մլն 586,6 հազար դրամ, սակայն Սամվել Անանյանը բյուջեով գույքահարկի եկամուտներ է նախատեսել` 4 մլն 177,9 հազար դրամ, շուրջ 420 հազար դրամով պակաս: Մարզպետն առաջարկել է Սամվել Անանյանին հետագայում նման հաշվարկները բացառել:

Լերմոնտովոյի համայնքապետ Էդիկ Չախալյանն էլ համայնքի բյուջեում որպես եկամուտ չի նախատեսել իրավաբանական անձանց 45,8 հազար դրամ հողի հարկի հաշվարկը: Մարզպետն առաջարկել է բյուջեում փոփոխություն կատարել եւ այն  ներգրավել համայնքի բյուջեի տարեկան հաշվարկում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter