HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չի բացառվում, որ հենց նույն մեծամասնությունը եզրահանգում անի, որ պետք է Լիսկայից ազատվել»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության մի նախագիծ, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին»:

Նախագծով դատապարտվում է Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակումը: Փաստաթղթում, մասնավորապես ասվում է. «Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։ Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեա-իրավական գնահատականի, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ քաղաքական գնահատականի՝ Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից: Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը»։

Նախագծի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

-Տիկին Փոստանջյան, Ձեր հեղինակած նախագիծը ե՞րբ է քննարկվելու հանձնաժողովի նիստին:

-Կարծում եմ՝ շուտով դա տեղի կունենա, հավանաբար, երկու շաբաթ անց:

-Առաջին հայացքից տպավորություն է, որ մերժվող նախագիծ է: Ի՞նչ արձագանք կլինի՝ ըստ Ձեզ:

-Այն մեծամասնությունը, որ այսօր գոյություն ունի Ազգային ժողովում, կցանկանա գնահատական տալ հենց Սերժ Սարգսյանի գործունեությանը, որովհետև սա գնահատական է ոչ միայն այդ արատավոր երևույթին, որը այդ նշանակումով էր պայմանավորված, այլև ընդհանուր համակարգային բնույթ կրող երևույթի գնահատական է, որի անմիջական հեղինակը, վերահսկողը, ղեկավարը հանդիսանում է Սերժ Սարգսյանը:

-Այսինքն՝ ի սկզբանե գիտե՞ք, որ մերժվելու է նախագիծը:

-Ես չգիտեմ, թե ի սկզբանե ինչ կարող է լինել, բայց որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ քաղաքական մարմնում, պետք է քննարկման առարկա դառնա այս նախագիծը, ես պնդում եմ և կարծում եմ՝ այո, ճիշտ է, պետք է դրվի շրջանառության մեջ: Սա այն տեղն է, որտեղ նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց մասնակցությամբ պետք է կարծիք հայտնեն՝ գնահատական տալով այս նախագծի դրույթներին: Այստեղ ներկայացված են այս պահին 6 քաղաքական ուժեր, որոնք թող իրենց դիրքորոշումը հայտնեն՝ համաձա՞յն են այս վիճակի հետ, թե՞ ոչ: Իսկ դա տեղի է ունենալու քվեարկությամբ: Նույնիսկ եթե իրենք խուսափեն քվեարկությունից, չքվեարկեն, դա էլ է ձև, որով, փաստորեն, իրենք հայտնում են, որ համամիտ են այս ապօրինի իշխանությունների և նրանց կողմից վարած քաղաքականությանը: Բացի դրանից` սա նաև որպես արտահերթ հարց կարող են լիագումար նիստի օրակարգ մտցնել, որը նաև հանրությանը կտեղեկացնի, թե ինչպիսի մարդիկ են այսօր հավաքվել այս խորհրդարանում:

-Ձեզ համար սպասելի՞ էր Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը:

-Ճիշտն ասած, չէի ուզում հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ, և ինքս իմ մտահոգությունները հայտնել եմ, որ սա ուղղակի անթույլատրելի է: Միևնույն ժամանակ, ինչպես նշված է նախագծում, սա գաղտնի պայմանավորվածությունների հետևանք է: Չի բացառվում, որ հենց նույն մեծամասնությունը եզրահանգում անի, որ պետք է Լիսկայից ազատվել, ինչպես այսօր էր, երբ Հանրապետականի ներկայացուցիչն ասաց՝ ՙչե՞ք տեսնում ժողովուրդն ինչ է պահանջում ձեզանից (խոսքը այսօրվա նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանի կարծիքի մասին է- հեղ.): Հիմա իրենց մեջ էլ են կարծիքներ հնչում, որ պետք է փոխվի: Նույնիսկ այս պարագայում չեմ կարծում, որ բոլորն են համամիտ եղել, որ նման քրեական անցյալ ունեցող անձը կրկին վերանշանակվի մարզպետի պաշտոնում: Սա խորթ, շատ կոպիտ, բիրտ երևույթ է նույնիսկ իրենց համար:

-Ի՞նչն է խանգարում դիսկուրսի պլատֆորմ ստեղծելուն:

-Հայտարարության նախագիծը հենց դրա համար է արվել: Քաղաքական մարմինը պետք է տա քաղաքական գնահատական, որը մինչ օրս չի արվել: Չեմ ասում էլ քրեաիրավական գնահատականը, որովհետև այս անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար: Ցանկացած պահի նա կարող է բռնություն գործադրել, և հասարակության իրավունքներն ու շահերը կարող են ոտնահարվել: Դա միանաշանակ է: Ամեն տեսակի բռնության այս մարդը պատրաստ է՝ և՛ բռնության, և՛ խուլիգանության, գույքը հափշտակելուն, այսինքն՝ նրան, ինչի համար նա տարիներ շարունակ դատապարտվել է: Անկախության տարիներին այս դատաիրավական համակարգի անգործության հետևանքով անպատիժ է մնացել, բայց ավելի է կատարելագործվել:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես սկսում եմ մտածել,որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Լիսկային օգտագործում են որպես հանրության դժգոհությունների «գոլորշի արձակելու» միջոց: Այսինքն՝ Լիսկային նորից դրեցին մարզպետ. հանրությունը կես տարի/ 1 տարի կպայքարի,«գոլորշին կհանի», հետո Լիսկային էլի կհանեն: Կրկնակի օգուտ կստանան՝ ա) Լիսկան իր ազատությունը ԿԳՆԻ (ու ոմանք միլիոնատեր կդառնան), բ) հասարակությունը էլ (այդքան) էներգիա չի ունենա՝ երկրի ԻՍԿԱԿԱՆ խնդիրների դեմ պայքարելու համար (իշխանափոխության անհրաժեշտություն,արտագաղթ, կոռուպցիա, քաղաքականացված իրավա-դատական համակարգ, ԵՏՄ/մաքսակետային վտա՛նգ Արցախին,սահմանադրական «բարեփոխումներ» և նման այլ հարցեր): Հիշու՞մ եք 100 դրամ ուղեվարձային շարժումները. իշխանությունների նույն ձեռագիրը չե՞ք տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter