HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեք Պողոսյան. «Հասկանում եմ, որ այս դատավարությունը լրիվ ֆարս է»

Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատավարությունը սկսվելուն պես հետաձգվեց մինչև հոկտեմբերի 3-ը: 5 երեխաների հայր, շուրջ 11 ամիս կալանքի տակ գտնվող, ազատամարտիկ Ալեք Պողոսյանը միջնորդեց դատարանին Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան տրամադրել իրեն` պատճառաբանելով, որ ֆինանսապես ունակ չէ փաստաբան վարձել: Նա նշեց, որ լավ հասկանում է, որ դատավարությունը լրիվ ֆարս է: Այդ պահին Ալեք Պողոսյանը ցանկանում էր նախապես գրված թղթից օգտվել ու կարդալ իր հիմնավորումները, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը չթույլատրեց:

Միևնույն ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց քաղաքացիներ, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ շարունակում էին դատական նիստից առաջ մեկնարկած ակցիան:

«Հետքի» հարցին, թե օրեր առաջ նախագահ Սարգսյանի` Կոլումբիայի համալսարանում արտասանած խոսքերը Շանթ Հարությունյանի մասին արդյո՞ք իրավական կարգով վիճարկելու հիմքեր կան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց. «Ի՞նչ պահանջենք դատարանից, որ իր խոսքերը հետ վերցնի Սերժ Սարգսյանը: Նա արդեն խախտել է անմեղության կանխավարկածը` չսպասելով դատավճռին: Նա երկրի նախագահն է, որևէ մեկը չի կարող պարտավորեցնել, որ ինքը հերքի իր խոսքերը: Պարզապես մենք, որպես հանրություն, պիտի կոչ անենք դատարանին վեր կանգնել այդ հայտարարությունից ու կայացնել օրինական դատավճիռ»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, կա մեխանիզմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վիճարկելու. «Սերժ Սարգսյանն ինքն է իր հայտարարությամբ դրել իր իմփիչմենթի հարցը: ԱԺ-ում պատգամավորները կարող են սահմանադրական նորմի խախտման համար իմփիչմենթի գործընթաց սկսել: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ ոչնչացրել է դատական իշխանության հեղինակությունը: Պատգամավորները կանեն, թե ոչ, դա այլ հարց է: Նրանք այսօր  չեն էլ դնում նախագահի հրաժարականի հարցը: Բացի դրանից` նախագահն առաջին անգամ չէ, որ հրապարակային խոսք է ասում հանպատրաստի: Եվ միշտ էլ ասում է այն, ինչ մտածում է` օրինակ, ինչքան ուզենք կխփենք, խիարը թարս է աճում, և այլն: Դա ոչ թե լեզվի սայթաքում է, այլ արտահայտում է իր իրական տեսակետները»:

Իսկ փաստաբան Արա Զաքարյանի կարծիքով` նախ պիտի դատական իշխանություն լինի, որ հեղինակությունը սասանվի կամ չսասանվի. «Այսօր մենք ունենք մի մարմին, որի անունը դատարան է, բայց որը իշխանության ցանկությունը նոտարական վավերացման է ենթարկում կնիքով դատավճիռների տեսքով: Բացի դրանից` չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մի դատավոր, ով կհանդգնի հաստատել, որ նախագահը թույլ է տվել անմեղության կանխավարկածի խախտում, էլ չեմ ասում հետևանքների մասին»:

«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը, «Հետքի» հետ զրույցում խոսելով Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին, ասաց. «Այսօրվա ԱԺ-ից իմփիչմենթ սպասել, ահնար բան է: Շատ պատահականորեն նախագահը ասել է այն, ինչ սովորաբար բարձրաձայն չեն ասում: Մի՞թե իր կարգադրությամբ չէ, որ այս մարդկանց դատում են, դատը ձգում են: Ուղղակի նա բարձրաձայն հրահանգավորեց դատական իշխանությանը: Իսկ դրսում էլ երբ մարդն ասաց` ռեժիմի վերջը եկել է, նախագահը իջավ իր մակարդակից ու ասաց` ձեր վերջն էլ է եկել»:

Հանրային խորհրդի անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Հայկ Հարությունյանի մայրը` Լաուրա Պետրոսյանը, կարծում է, որ այս դատավարությունը ոչ իրավունքի հետ կապ ունի, ոչ Սահմանադրության. «Ինչ վերևից ասեն, նա էլ անելու են կամակատարները: Այս ամենի պատճառն այն է, որ դատարանը անկախ չէ գործադիրից: Ոչ մի մարմին առհասարակ անկախ չէ: Ոստիկանությունը որոշեց հանրության գումարներով համազգեստ փոխի, ասա ներքին բովանդակությունը փոխվի»:

5 երեխաների հայր, Արցախյան պատերազմի մասնակից Լիպարիտ Պետրոսյանի կինը` Ռուզաննա Թեմուրյանը, չի կարծում, որ այս դատավարությունը իրավական դաշտում է. «Եթե իրավական, օրենքի դաշտից դուրս է այս ողջ դատավարությունը, ապա պարզ է որ դատավճիռներն էլ պիտի լինեն պարզապես քաղաքական որոշումներ: Այսինքն` ունենանք փաստաբան, չունենաք, եթե որոշել են դատել տղաներին, կդատեն: Մենք էլ պիտի պայքարենք, կդիմենք ԵԴ: Հավատում եմ, որ ԵԴ-ում կընդունեն, որ մարդիկ դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար ու կպարտավորեցնեն Հայաստանին բեկանել ծիծաղելի դատավճիռները»:

15-ամյա Շահեն Հարությունյանի մայրը` Ռուզաննա Բադալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, 14 տղաների դատավճիռները կայացված են վերևում. «Երկրի նախագահն էլ Կոլումբիայի համալսարանում չխորշեց հանցագործություն որակել նոյեմբերի 5-ի դեպքերը` առանց դատական ակտի: Նորություն չի ոչ մեկի համար, որ դատական համակարգը անկախ չի: Նույնիսկ դպրոցում ուսուցիչն անկախ չի, բժիշկն անկախ չի: Հենց հասարակության տարբեր շերտերի ազատության համար էին նաև տղաները դուրս եկել»: 

Մեկնաբանություններ (1)

hasmik
սերժ սագսյանի բանավոր խոսքի հերթական փայլատակումը, միանգամից ոչնչացրեց առանց այն էլ ոչնչացած դատարաններին, ՀՀ-ի ամենամծ դժբախտությունը` արդարադատության բացակայության պատճառը հենց սերժ սարգսյանն է, հենց նա էլ որոշում է ով է հանցագործ, ով արդար, արդյունքը հազարավոր անմեղներ բանտերում են, իսկ հանցագործները ազատության մեջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter