HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցիները բոյկոտում են «Շրջանառության հարկի մասին» օրենքը

Գյումրու ավտոկայանից Վարդանանց հրապարակ ձգվող Շահումյան փողոցի երթեւեկն այսօր կրկին կաթվածահար էր եղել: «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ բողոքող առեւտրականները նախորդ օրվա նման հավաքվել էին փողոցում՝ պահանջելով հանդիպում Գյումրիից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորներ Արման Սահակյանի եւ Սուքիաս Ավետիսյանի հետ:

Նախորդ օրը ցուցարարների հետ նախ հանդիպել էին մարզային ու քաղաքային ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ փորձելով համոզել նրանց բացել փողոցը եւ վերադառնալ կրպակներ: Ավելի ուշ առեւտրականների հետ հանդիպման էին եկել Գյումրու հարկային տեսչության պետի տեղակալ Աշոտ Ավագյանը, փոխքաղաքապետ Մխիթարյանն ու փոխմարզպետ Արշակյանը:

Այսօր ցուցարարների բողոքը լսելու նպատակով Շահումյան փողոց էր հասել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Վերջինս հայտարարեց, որ փողոց փակելով հարց չի լուծվելու: «Ըբը ի՞նչխ գուզեք, օր արտասահմանի նման սաղ ջարդուփշուր էնե՞նք, սրբելով էրթանք, անկարգություններ էղնի, օր ուշադրություն դարձնե՞ն մեր պահանջի վրա»,- հարցրեց հավաքվածներից մի երիտասարդ տղա:

«Պետք չի, իհարկե, նման քայլի դիմել,- արձագանքնեց Մարտուն Գրիգորյանը,- մենք խորհրդարանական չորս ուժերով կփորձենք հարցը լուծել օրենքի սահմաններում: Եթե չստացվի, գալու ենք կանգնենք ձեր կողքին: Բոլորն էլ արդեն տեղյակ են, որ գյումրեցիները բոյկոտում են օրենքը, փակել են խանութներն ու հրաժարվում են աշխատել: Մենք փորձեցինք երեկ արտահերթ նիստ հրավիրել, սակայն քվորում չեղավ, նույն փորձն այսօր է արվելու: Կարծում եմ այսօր 18:30-ից հետո պարզ կլինի, թե ինչ ենք անելու եւ ինչ քայլեր ենք ձեռնարկելու»:

«Ես ամիսը 150 հազար դրամ կմուծեմ բյուջե:

Հըմի ես օր չաշխատիմ ու էդ փողն էլ չմուծեմ, ու ընձի նման հազարավորներ էդ փողը չտան, հըմի ըդիկ լա՞վ է, թե՞ վատ մեր բյուջեի համար, օր մեզի դրել են տուպիկ իրանց իբր թե բարեփոխումով»,- հարցրեց ցուցարար կանանցից մեկը:

«Առաջվա ռուսական ռեկետի կուլտուրական հայկական տարբերակն է»,- կնոջ խոսքը հավելեց հավաքված տղամարդկանցից մեկը:

Առեւտրականները վրդովմունք հայտնեցին, որ երկրորդ օրն է` հանդիպում են պահանջում իրենց քվեները ստացած ՀՀԿ-ական պատգամավորների հետ, սակայն ոչ մի արձագանք դեռ չեն ստացել նրանցից:

«Իրանք էսօրվա օրը փաստորեն կարհամարհեն մեզի, կոճակ կսղմեն մեր դեմ, մեր տները կքանդեն»,- հայտարարեց առեւտրական տղամարդկանցից մեկը:

«Ինքը լավ կապրի, ինքը մեր մասին չի մտածե, ինքը կուշտ է, ընչի բդի գա հանրապետականը հանդիպման, ինքը կնայե, թե ժողովրդին ինչխ սպանե»,- վրդովված նետեց կին առեւտրականներից մեկը:

Անահիտ անունով մի կին առաջարկեց հեքիաթի շահ Աբասի օրինակով մեր երկրի իշխանավորներն էլ շորերը փոխել ու շրջել հասարակ մարդկանց մեջ՝ լսել, թե նրանք ինչ են մտածում կամ ինչ են խոսում հենց իրենց մասին:

«Ես ապրանքը վերասիա կբերեմ, աղջիկ ջան, վերասիա կծախեմ, փողն էլ օր ժամանակին չեմ կրնանա հավաքել, ստիպված բանկի դուռ կերթամ, օր տոկոսով փող վերցնեմ, տանիմ ապրանքի փողը տամ, մինչեւ ծախածիս փողն հավաքեմ,- պատմեց տիկին Անահիտը,- հըմի ըսօնք կըսեն, չէ՛, դու բդի նաղդով առնիս, թուղթ ստորագրես, հաշվապահություն սորվիս, առածիդ գույնն ու քանակը գրես, թե չէ քեզի կտուգանենք, որովհետեւ մենք բարի ենք, քու 3,5 տոկոսդ դարձրել ենք 1 տոկոս»:

«Աղջիկ ջան, ես ինչքան էլ արդար աշխատիմ, առեւտուրն իրանով խարդախություն է,- զրույցին միջամտում է առեւտրականներից Սեդա անունով ներկայացած մեծահասակ կինը,- հնարավոր չէ արդար աշխատել: Հըմի ի՞նչ, ամեն անգամ նստիմ դողցնեմ, թե հարկայինը կրնա գա ու ընձի տուգանե, մենակ էն բանի համար օր մոտս 50 կտոր ապրանքի տեղը 49 կամ 51  կտոր է՞: Հետո մեզի կըսեն, թե ով օր ձեզի շչոտ-ֆակտուրա չի տա, դուք էդ մասին մեզի գրեք, մենք էրթանք իրանց տուգանենք: Ստալինիզմն ու 37 թիվը գուզեն առաջ բերե՞ն, չենք հասկընա: Այ մարդ, թողեք մենք մեր 3,5 տոկոսով աշխատինք»:

«Ես կանգնել եմ ձմեռը, ամառը, քամուն, ցրտին, շոգին, մե օրմ պետությունն հեչ ըսե՞լ է, թե Անահիտ ջան, առողջությունդ կորցրեցիր, 58 տարեկան կնիկ ես, արի մի բանովմ քեզի օգնեմ: Հըմի դեմ է էրել պատին, ի՞նչ գուզե, ընչի՞ չի թողնի ապրինք»,- կրկին վրդովվեց տիկին Անահիտը: «Թող մեզի հաշվապահություն սորվցնեն, այ ցավդ տանիմ, ես 75 տարեկան կնիկ եմ, էս հալիս նոր ես բդի թուղթ ֆռցնեմ, թիվ-թվաբանություն էնեմ, հնարավո՞ր է»,- նկատեց ցուցարարներից տիկին Սվետան:

«Իբր թե բարեփոխում են էրել, իբր թե հարկային բեռն են թեթեւացրել, բայց եթե չեղավ էդ շչոտ-ֆակտուրաները, հոկտեմբերի 1-ից հետո գալու են ստուգեն, առաջի օրը կզգուշացնեն, երկրորդ օրը գուկան կստուգեն, չեղավ՝ կտուգանեն 20 հազար դրամ, երրորդ ստուգման դեպքում արդեն, իրանց շրջանառու հարկը կեղնի արդեն 5 տոկոս ու կստացվի, օր էս մարդը բդի աշխատի՝ տա իրանց, տունը կոպեկ չպիտի տանի»,- նկատեց ներկաներից Գեւորգ Ալիխանյանը:

Վերջինս առաջարկեց Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանին 10 հարկանի շենք կառուցել եւ հաշվապահական դասընթացներ սկսել առեւտրականների համար: «Թող Բուռնաշը սորվցնե մարդկանց, սաղ ըստեղի ժողովուրդը ստադիոնից, իրա մոտից ապրանք կառնի, ինքը երեկ Սերժ Սարգսյանին ծառայելու խոսքեր կըսեր, դե թող բարի էղնի մե քիչմ էլ ժողովրդին ծառայե, էդ բոլոր շչոտ-ֆակտուրաները գրե տա»,- խորհուրդ տվեց Գեւորգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter