HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան, Ալ-Քաիդան եւ իսլամական ռադիկալիզմը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Սեպտեմբերի 21-ին Դեյր Էզ-Զորի Սրբոց նախահատակաց եկեղեցու հանդեպ Իրաքի եւ Շամի/Լեվանտի Իսլամական պետության (ԻՇԻՊ) իրականացրած վանդալիզմի, մինչեւ այդ էլ՝ մարտի 20-ին ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբի գրավման բոլոր վարկածների լուրջ քննությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար:

Այդ իրադարձություններն ավելի համակողմանի են պատկերանում ընթացիկ տարվա անցուդարձի խորապատկերին, ինչն օգնում է ավելի լայն համատեքստում տեսնել նշվածներին նշանառության տակ վերցնելու իրական շարժառիթները, դրանում շահագրգիռ բոլոր դերակատարներին, եւ ընդհանրապես՝ հայկական հարցն այդ մեծ խճանկարում ու մերձավորարեւելյան զարգացումներում:

Հաշվի առնելով քրիստոնիական եւ ոչ մահմեդական համայնքների ու նրանց հոգեւոր, պատմամշակութային արժեքների հանդեպ ԻՇԻՊ-ի եւ համանման ծայրահեղական խմբավորումների վերաբերմունքի կրոնական-գաղափարական  «հիմնավորումներն» ու վանդալիզմի պարբերական ակտերը,արձանագրված դեպքերը դժվար թե վերջինը լինեն, քանի դեռ ահաբեկչական-ծարահեղական կազմակերպություններն իսպառ ապամոնտաժված  չեն այդ տարածքներից, իսկ տարածաշրջանային դինամիկան էլ երբեմն նպաստավոր պայմաններ ու շահագրգռություններ է ստեղծելու դրանց վրա գրոհելու համար:

Ուղղորդելի, սակայն լիովին չվերահսկվողիսլամական ռադիկալիզմ

Սիրիական պատերազմի ժամանակ ձեւավորված կամ Սիրայում ու Իրաքում հիմնավորված ծայրահեղական խմբավորումները՝ Ջաբհատ ալ-Նուսրան, Ահրար ալ-Շամը, Խորասանը, Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ Անսարը, ԻՇԻՊ-ն ու այլ կազմակերպություններ, որոնց առիթ ենք ունեցել ադրադառնալու մեր վերլուծություններում, չափազանց  բարդկառույցներ են: Նրանց բնորոշ է թե՛ հիրարխիկությունը, թե՛ ցանցավորումը, մերթ համագործակցությունը միմյանց հետ, մերթէլ՝ արյունոտ պայքարը միմյանց դեմ:

Միջազգային լրահոսում եւ վերլուծականներում մերթընդմերթ հայտնվող այն մեղադրանքները, թե դրանք ստեղծվել կամ նրա գործողությունները բացառապես ուղորդվում են Արեւմուտքի կողմից, միգուցե ճշմարտանման թվա, բայց ճշմարտություն չէ: Թերեւս այդ խմբավորումներն առավելապես կապված են Սիրիային հարեւան պետությունների, քան թե արեւմտյան երկրների հետ:

Անշուշտ, Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարող ժողովրդավարամետ ընդդիմության կողքին իսլամական խմբավորումների հայտնությունը սկզբնական շրջանում ինչ-որ չափով անտեսվեց Արեւմուտքի կողմից, թերեւս մտածելով, որ նրանց աջակցությամբ տարված հաղթանակի դեպքում Սիրայում իշխանությունը կվերցնեն քաղաքական-քաղաքացիական ընդդիմությունն ու չափավոր մահմեդականները:

Ըստ այդմ, Ասադի վարչակազմը տապալելու համար սիրիական ընդդիմադիր ճակատին Արեւմուտքի ցուցաբերած ռազմական, ֆինանսական ու քաղաքական աջակցությունը փաստացի եւ անուղղակի տարածվում էր նաեւ նրանց վրա: Իսկ քանի որ ապստամբների հետ տարածաշրջանային կապավորները Արեւմուտքի/ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերներն են (Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Քաթար, Իսրայել), բնականաբար, այս առումով մեղադրանքների հասցեագրումը Վաշինգտոնին կամ Բրյուսելին հասկանալի, բայց ոչ հիմնավոր են:

Իրականում Արեւմուտքի մտահոգությունները գագաթնակետին հասան կարճ ժամանակ անց, երբ ծայրահեղական խմբավորումները անբնական արագ համալրվեցին դրսեկներով ու առաջնորդող դերակատարում ստանձնեցին հակաասադյան ճակատում՝ հայտարարելով, թե Սիրային հայտարարված ջիհադի հաղթանակից հետո ոչ միայն Շամում ու Իրաքում, այլեւ արաբական ու իսլամական մյուս երկրներում հաստատելու են իսլամական խալիֆայությունշարիաթի օրենքներով:

Ռազմավարական ու հայեցակարգային առումով դա կատարելապես հակառակ էր այն նպատակին, ինչին ձգտում էին հասնել սիրիական ժողովրդվարամետ ընդդիմությունն ու նրան աջակցող Արեւմուտքը, այն է՝ ժողովրդավարացման ճանապարհ թեւակոխողՍիրիա: Ավելին՝ բարձրաձայնվող այդպիսի նպատակի դեպքում ծայրահեղական խմբավորումների ուղղակի հակառակորդ ու թշնամի էին դառնում նաեւ սիրիական վարչախմբի դեմ պայքարող աշխարհիկ, այլադավան կամ չափավոր մահմեդական խմբերը:

Արդյունքում, ծայրահեղականները ժողովրդավարության ու ազատությունների համար ընդդիմության ներքին պայքարը արագորեն փոխակերպեցին սունի, շիա մահմեդականների եւ ոչ մահմեդականների միջեւ հակամարտության: Իսկ իսլամիստ գրոհայինների կողմից  «անհավատներին» մահապատժի ենթարկելու հաճախակիացած եղեռնագործությունները, որոնց վերաբերյալ տեսանյութերը հենց նրանց կողմից տարածվում էին համացանցում, էապես վարկաբեկեցին Ասադի վարչակազմի դեմ ժողովրդարամետ ուժերի պայքարը:

Վերջապես, Արեւմուտքին չէր կարող չանհանգստացնել, որ հակաասադյան միացյալ ճակատում են հայտնվել նաեւ Ալ-Քաիդային ասոցացված խմբավորումներ, ինչպիսիք են Ալ-Նուսրա ճակատը եւ Իրաքի եւ Շամի/Լեվանտի իսլամական պետությունը (ԻՇԻՊ):

Դրանից բացի, սիրական իշխանությունների դեմ կռվողները գերազանցապես դրսեկ վարձկաններն էին, ինչի համար էլ Արեմուտքում տրամաբանական հարցադրոււմներ էին բարձրացվում. ինչպե՞ս դա կոչել ներքին կամ քաղաքացիական պատերազմ, երբ «ընդդիմությունը» օտարածին եւ դրսեկ է: Կամ՝ ինչո՞ւ են արեւմտյան կառավարությունները աջակցում ապստամբներին, եթե նշված խմբավորումներում կռվող իրենց քաղաքացիները վերադարձի դեպքում վտանգ են հենց սեփական երկրների համար:

Այդպիսով, ի սկզբանե Արեւմուտքի շահերը խորունկ անհաշտ եւ հակառակ են եղել ծայրահեղական խմբավորումների հետապնդած շահերին: Լավագույն դեպքում կարելի է համաձայնել այն պնդման հետ, որ սիրիական ճգանաժամի բարդ խճանկարում ընդհանուր հակառակորդի(Ասադի վարչակազմ) հանգամանքով պայմանավորված Արեւմուտքի ու կռվող խմբավորումների շահերը ժամանակ առ ժամանակ համընկել են:

Միաժամանակ, մեծ վտահությամբ կարելի է պնդել, որ այդ խմբավորումներում ներդրված են նաեւ տարբեր երկրների հատուկ ծառայությունների գործակալներ(այլ կերպ լինել չէր էլ կարող), որոնք թե՛ տեղեկատվություն են փոխանցում իրենց երկրներին, թե՛ կարող են սահմանափակ ազդեցություն ունենալ նրանց մարտավարական գործողությունների ուղղորդման, բայց ոչ երբեք հռչակած ռազմավարական նպատակը (իսլամական խալիֆայության ստեղծումը) փոխելու առումով:

Միայն այն փաստը, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունների ու հետազոտական կենտրոնների(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Ռուսաստան եւ այլն) կողմից պարբերաբար հրապարակվում են հնարավորինս ճշգրիտ տվյալներ ծայրահեղական խմբավորումների շարքերում կռվող վարձկանների կազմի ու թվաքանակի մասին, ինքնին խոսում է այն մասին, որ նրանք «ներսում» աղբյուրներ ունեն:

Նախկին հրապարակումներում մենք ներկայացրել ենք այդ զեկույցներից որոշները եւ այն պետություններին, որոնց քաղաքացիները տարբեր մեխանիզմներով հավաքագրվում են Սիրիա տեղափոխվելու համար: Այդ գործընթացում չափազանց տեսանելի դերակատարում ունի Թուրքիան, ով Սաուդյան Արաբիայի ու Կատարի հետ մինչեւ տակավին վերջերս առաջնորդում էր Ասադի դեմ կոալիցիան:

Թերեւս ադ փաստի արտացոլումն է այն, որ անցած երկու տարիների ընթացքում վարձկանների շարքերում ամենապատկառելի թվաքանակ ապահովել են Սաուդյան Արաբիան, Չեչնիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանն ու Թուրքիան:  Տոկոսային առումով տպավորիչ են եղել ու մնում նաեւ Ադրբեջանի քաղաքացիների թիվը (հունվարին մենք անդրադարձել են մինչեւ 2013թ. հունիս-հուլիս ամսիների ցուցանիշներին, իսկ հաջորդած ամիսներին կանդրադառնանք առանձին):

Թուրքիան ծայրահեղական խմբավորումների առանցքային աջակից եւ մատակարար

Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամում «պաշտոնականացվեց»  2011թ. մարտից՝ ընդդիմության ապստամբելուց ու իշխանությունների կողմից այն բիրտ մեթոդներով ճնշելուց հետո:

2011թ. հունվար-փետրվարից թուրքական կառավարությունը փորձում էր միջնորդական դերակատարում ունենալ ընդդիմության եւ իշխանության միջեւ՝ վերջիններիս դրդելով ընդառաջել ընդդիմության պահանջներն ու գնալ լայն բարեփոխումների: Հունիսի սկզբներին Թուրքիան իր սահմանները բացեց Սիրայից փախստականների առաջին ալիքի առջեւ՝ նրանց ապաստան տալով իր տարածքում:

Ութ ամիսների ընթացքում Թուրքիայի իշխանությունների հեռտորաբանությունը ատիճանաբար վերափոխվեց Սիրայի իշխանությունների կոշտ քննադատության, իսկ նոյեմբերի 22-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հեռուստաուղերձում Ասադին համեմատեց պատմության մեջ հայտնի/տապալված բռնակալների հետ եւառաջին անգամ հրապարակայնորեն կոչ արեց տապալել նրա իշխանությունը:

Սիրական ճգնաժամի ամբողջ ընթացքում Անկարայի որդեգրած «բաց դռների քաղաքականությունը»  Սիրիայի հետ նրա 910 կիլոմետրանոց ընդհանուր սահմանը այդուհետ բացեց ոչ միայն  փախստականների, այլեւ նրանց հետ միասին գրոհայինների առջեւ՝ «կյանքի ճանապարհ» ապահովելով դեպի ապստամբների կողմից վերահսկվող սիրական տարածքներ, նաեւ՝ թույլ տալով Ազատ սիրիական բանակին կազմակերպվել իր տարածքում:

Այդպիսով, Անկարայի՝հակամարտության բացահայտ կողմ դառնալը հանգեցրեց նրան, որ երկրի տարածքն անմիջապես դարձավ վարձկանների՝ դեպի Սիրիա փոխադրելու տարանցիկ ուղի, իսկ կարճ ժամանակ անց էլ՝ նրանց հավաքագրման խոշոր ավազաններից մեկը:  

Վերջին երկու տարիներին բազում վկայություններ են հրապարակվել այն մասին, թե ինչպես են ծայրահեղական կազմակերպությունները վարձկաններ հավաքագրել Ստամբուլից, Անկարայից մինչեւ Թուրքիայի հարավային-հարավարեւելյան շրջաններ:

Այդ հրապարակումներն ավելի հաճախակի եւ փաստավավերագրված դարձան 2013թ.աշնանից սկսած ու հատկապես՝ այս ամռան ընթացքում, երբ ի հակառակ ՄԱԿ-ի ընդունած մի քանի բանաձեւերի, Թուրքիան սկզբում շարունակում էր աջակցություն ցուցաբերել  ծայրահեղական խմբավորումներին, այժմ էլ հրաժարվում է նրանց դեմ պայքարի ճակատի ակտիվ մաս կազմելուց:

Իսրայելի հետ վատթարացած, ԱՄՆ-ի հետ թունավորված հարաբերությունները(խնդրի համատեքստում կարեւոր այդ զարգացումներին առավել հանգամանալից կանդրադառնանք քիչ հետո) պատճառ դարձան, որ նույնիսկ Թուրքիայի նախկին ու ներկա դաշնակիցները իրենց ԶԼՄ-ներով կամ ընդհուպ պաշտոնատար անձանց շուրթերով բացահայտեն Թուրքիայի կապերը ծայրահեղական խմբավորումների հետ ու մեղադրեն նրան:

Այսպես, 2014թ. հունվարի 29-ին Թել Ավիվի Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Ավիվ Քոչավին հայտարարեց, թե Սիրիա կռվելու մեկնող Ալ-Քաիդայի որոշ քանակությամբ գրոհայիններ հիմնավորվել են նաեւ հարեւան Թուրքիայում եւ կարող են հեշտությամբ Եվրոպա ներթափանցել ՆԱՏՕ-ի անդամ պետության տարածքից: Նրա կողմից ներկայացված Մերձավոր Արեւելքի քարտեզում Ալ-Քաիդայի հենակետերը պատկերող երեք տարածքները՝ թուրքական բազաները պատկերված էին Քարաման, Օսմանիե եւ Սանլիուրֆա նահանգներում:

Որքան էլ հրեա գեներալը հրաժարվել էր Թուրքիայում Ալ-Քաիդայի բջիջների՝ Ալ-Նուսրա ճակատի ու ԻՇԻՊ-ի անդամների վերաբերյալ որեւ է թիվ նշել, նրա խոսնակը ակնարկել էր, թե ահակաբեկչական կազմակերպության տնօրինած համեմատական ուժի ու տեղակայվածության մասին խոսում են քարտեզի վրա գծանշված «լաքաների» մեծությունները:

Թուրքիայի երեք նահանգներում դրանց հանրագումարը կազմել էր Եգիպտոսում/Սինայի թերակղզու վրա պատկերվածի կեսը:Եւ եթե Քոչավիի բարձրաձայմամբ Սինայի թերակղզում հիմնավորվել են շուրջ 200 ջիհադիստ գրոհայիններ, ապա ստացվում է, որ Թուրքիայի հարավային երեք նահանգների դեպքում խոսքը կարող էր գնալ առնվազն դրա կեսի մասին:

Հունիսի վերջին թուրքական Hurriyet Daily News-ը հաղորդեց, թե հավաքագրված մարտիկների ընտանիքների վկայությամբ 163 թուրք է միացել ԻՇԻՊ-ին:Մինչդեռ, թուրքական հետախուզության տվյալներին հղում կատարած այլ թերթեր, օրինակ՝ Today’s Zaman-ը պնդեցին, թե այդ թիվն ավելի մեծ է եւ մոտ է 600-700-ի:

Ռադիկալիզացիայի ուսումնասիրությունների միջազգային կենտրոնն էլ ավելի վաղ՝ 2013-ի դեկտեմբերի իր զեկույցում ցուցանել էր 63-500-ը իբրեւ շուրջ 11.000 դրսեկների շարքերում կռվող թուրք վարձկանների թվի միջակայք:

Շատ ավելի սահմռկեցուցիչ թիվ էր հաղորդել թունիսյան Ալ-Շուրուք թերթը, նշելով, թե մինչեւ փետրվարի 1-ը Թուրքիայից Սիրիա են մեկնել 5600 գրոհայիններ, որոնցից 1946-ը սպանվել են, իսկ 14-ը անհայտ կորած են:

Այս օգոստոսի 27-ին  Ապստամբություն Սիրայում. ընդվզման ականատեսը/Revolt in Syria: Eye-Witness to the Uprising մենագրության հեղինակ Ստեֆըն Սթարը իր մեկ այլ ուշագրավ զեկույցում ականատեսների տրամադրած նոր փաստեր ներկայացրեց թե՛ վարձկանների հավաքագրման մեխանիզմների, թե՛ Թուրքիայի տարածքում ռադիկալ  իսլամիստների անարգել գործունեության մասին:

Այսպես, զեկույցի հեղինակը նշում է, որ Ստամբուլը հանդիպման ու փոխադրումների կարեւորագույն հանգույցն է, եւ իսլամիստ ֆունդամենտալիստներն ու թուրք գրոհայիններն այնտեղ նկուղներից մինչեւ որոշակի հանրային վայրեր պարբերաբար կոնտակտի մեջ են մտնում դրսեկ վարձկանների հետ մինչեւ Սիրիա ու Իրաք մարտի մեկնելը:

Հեղինակի հետ զրուցած երկու թուրք երիտասարդ գործարարները, ովքեր այլ թուրք իսլամիստների հետ միասին սերտ կապերի մեջ են Ալ-Նուսրաճակատի եւ ԻՇԻՊ-ի հետ ու նրանց աջակցում են ֆինանսապես եւ քաղաքականապես (օրինակ, մարտերի տեսանյութերը մշակելով ու համացանցում տարածելով, իրենց պատկանող հանրային օբյեկտները, օրինակ, ինտերնետ-սրճարանը հանդիպումների համար տրամադրելով), բավական ուշագրավ վկայություններ են թողել:

Նրանք պատմել են, որ, օրինակ, Ստամբուլի նկուղներում իմամները «ճիշտ» տեղեկատվություն են փոխանցում իրենց զրուցակիցներին, թե ինչպես է Ասադի իշխանությունը հալածում ու սպանում սունի բնակչությանը, որ Ստամբուլյան սրճարաններում պարբերաբար հավաքվում ու հանդիպում ենոչ միայն թուրք, այլ նաեւ օտարազգի ծայրահեղականներ: Վերջիններիս ծավալած գործունեությանը քաջատեղյակ են նաեւ ոստիկանները, ինչպիսին, օրինակ, զրուցակիցներից մեկի՝ոստիկանությունում աշխատող ընկերն է, եւ ում պատմելով՝ իրենք վերադասից դրա դեմ քայլեր ձեռնարկելու քիչ/ձեւական պարտադրանքունեն:

Վկայությունների համաձայն իսլամիստ ծայրահեղականների անարգել գործունեության, հավաքագրվողների ու պարբերական հանդիպումների վայրեր են նշվել նաեւ Դիարբեքիրը, Ղազիանթեփը: Նրանց պատմածով՝ այդ եւ այլ քաղաքներից հավաքագրվածները Ալ-Նուսրայի կամ ԻՇԻՊ-ի կողմից տեղափոխում են դեպի հարավ՝ Սիրիայի սահմանակից նահանգներ: Աղբյուրներից մեկը մասնավորապես խոսել է Հաթայ նահանգում ու նրա մարզենտրոն Անթաքիային մոտ գտնվող բազայի մասին, որտեղ նորեկների հետ վեցամսյա վարժանքներ են անցկացնում մինչեւ անմիջական հրամանատարին հանդիպելը:

Թուրքիայից վարձկաններ հավաքագրելու ու նրանց ծայրահեղական խմբավորումներին մատակարարելու հաջորդ կարեւոր վայր է նշվել սիրիական սահմանից  85 մղոն, իսկ սահմանային տարանցիկ Կիլիս(այս քաղաքը նույնպես վարձկանների տարանցիկ փոխադրման կետերից է) քաղաքից՝135 մղոն հեռավարության վրա գտնվող Ադիյամանը, որտեղից, ըստ տեղի աղբյուրների, ավելի քան 200 տեղացի է հավաքագրվել:

Ադիյամանի փախստականների ճամբարում 2011թ. հունիսի սկզբից ապաստանել են շուրջ 10.000 սիրիացի(եւս հազարներ ապրում են այդ քաղաքի կամ Սիրիային հարակից մյուս նահանգների մասնավոր բնակարաններում): Նրանց մի հատվածը կարճ ժամանակ անց ինքը դարձավ հավաքագրումների հումք: Դրան էլ հավելած այն տեղացիներին, ովքեր, ըստ վկայությունների, համաձայնում են կռվելու մեկնել ամսեկան 100-200 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց:

Այս ամիսների ընթացքում թուրքական ԶԼՄ-ները այլ քաղաքներից հավաքագրումների կամ Սիրայում նրանց սպանվելու մասին բազում հաղորդումներ են ներկայացրել: Դրանք  փաստում են, որ այդպիսիք կան Անկարայից, Յալովայից (Ստամբուլից 105 մղոն հեռավորության վրա), Սիվերեկից, Բինգյոլից եւ այսպես շարունակ: Սա նշանակում է, որ հավաքագրումների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Սիրիային սահմանակից շրջաններով եւ համակել է ողջ երկրի տարածքը, որը տեւապես հնարավոր է, երբ իշխանությունները դրան չեն խոչընդոտում:

Ու մինչ Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հերքում է մեղադրանքները, թե իր երկիրը տանիք է տրամադրում Ալ- Քաիդային, փաստերը ճիշտ հակառակի մասին են խոսում: Թերեւս դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծում նախեւառաջ թուրքական իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության քարոզչական ու արտաքին քաղաքականությունները Մերձավոր արեւելքի զարգացումների ու ի մասնավորի Սիրայի խնդրով:

Սակայն, այդ հարցում ոչ պակաս կարեւոր են մնում նաեւ անցած տարիներին ու ամիսներին աշխարհաքաղաքական/տարածաշրջանային զարգացումներում արձանագրված մի քանի շրջադարձերը, դրանցում Թուրքիայի դաշնակիցների եւ հատկապես՝ ԱՄՆ-ի շահերի վերահասահմանումը:

Իսկ Թուրքիայի հետ այդ երկրների հարաբերություններում հայկական հարցը մշտապես զսպող նշանակություն ունի՝ դրանից բխող հետեւանքներով ու թուրքական հակազդեցությամբ…

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter