HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հաղթանակ Շահումյան. «Եթե արվեստը կեղտոտեցին, ուրեմն հասարակությունը կմահանա»

Սեպտմեբերի 30-ին նկարիչների միությունում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանի՝ Հաղթոյի անհատական ցուցահանդեսը: Այստեղ նկարիչը ներկայացրել է իր տարբեր տարիների տարբեր ժանրերի ու ոճերի ստեղծագործությունները: Նկարների շարքում ցուցադրված են նաև նրա ստեղծած քանդակները:

Ցուցահանդեսին ներկայացված է նաև նրա վերջին՝ «Եռանկար» շարքը (2014 թ): Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված գործում պատկերված է թե ցեղասպանության դրվագը՝ «Գենոցիդ», թե ժողովրդի պայքարը՝ «Միակ փրկությունը…», թե հաղթական հայ հերոսի ծնունդը՝ «Երկնեց երկինք և երկիր…»:

«Այս անգամ ես ուզում էի ամբողջովին ներկայանալ»,- ասում է Հաղթոն:

Նկարչի նախորդ անհատական ցուցահանդեսը Երևանում տեղի է ունեցել 2010 թ.-ին: Նա խոստովանում է, որ իր համար ավելի հեշտ կլիներ ցուցահանդեսի համար նմուշներ առանձնացնել, եթե դրանք հաճախակի լինեին: Բայց եթե կան մարդիկ, ովքեր հեշտությամբ են ներկայանում հանդիսատեսին, ապա նա այդ մարդկանց թվին չի պատկանում:

«Մեր իրականությունում այնքան են շատացել դատարկ շոուները, որ ես չեմ ուզում այդ շարքի մեջ լինել»,- ասում է Հաղթոն:

Վերջինս ստեղծագործական երկար տարիների ընթացքում բազմիցս է մասնակցել խմբակային ցուցահանդեսների: Իր անհատական ցուցահանդեսների մեծ մասը տեղի են ունեցել արտերկրում, որտեղից պարբերաբար տարբեր հրավերներ և առաջարկներ է ստանում: Հարցազրույցներից մեկում Հաղթոն խոստովանել էր, որ իր լավագույն ցուցահանդեսը տեղի է ունեցել Բարսելոնում:

«Հիմա այդպես չեմ համարում,- «Հետքի» հետ զրույցում ասում է Հաղթոն:- Հիմա կարող եմ ասել, որ լավագույն ցուցահանդեսս սա էր»:

«Մարդիկ դրսում այս արվեստն ունենային, գիտե՞ք՝ ի՞նչ բիզնես կանեին»

Հաղթանակ Շահումյանի ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնյաներ: «Տիկին Պողոսյանի գալը պարտավորություն է, որովհետև մշակույթի նախարարն է: Ուրախ եմ, որ եկել է, որովհետև լինում են դեպքեր, երբ չեն գնում,- ասում է Հաղթոն:- Վարչապետը շատ զբաղված մարդ է, և եթե ժամանակ է գտել, եկել է, հաճելի է, որ եկել է: Անպայման մի քանի հոգի ավելի ուշադիր կլինեն: Այսինքն, չինովնիկներ կան, որոնք գուցե արվեստին կապված չեն, բայց կիմանան, որ վարչապետն եկել է, իրենք էլ կասեն՝ գնանք տեսնենք նկարչության ասպարեզում ինչ է կատարվում: Եթե ուզում են, որ այս ասպարեզը զարգանա, պետք չէ փող տալ, արվեստը ինքը կարող է փող ստեղծել և օգտակար լինել երկրին, ուղղակի պետք է այդ միջավայրը ստեղծել»:

Նկարիչը համոզված է, որ արվեստին աջակցելու հարցում իրենց պարտավորությունն ունեն իշխանությունները, բայց այսօր արվեստի մարդիկ ևս իրենց հեղինակազրկել են: Եթե նախկինում արվեստագետի խոսքը ժողովրդի համար հեղինակություն էր, ապա այժմ բնավ այդպես չէ: Արվեստի միջավայրը պետք է մաքուր պահել` անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունենում հասարակական և քաղաքական տարբեր շերտերում: Արվեստագետին անհրաժեշտ է բարենպաստ միջավայր: Այդ գործառույթը որոշակիորեն իրենց վրա պետք է վերցնեն միությունները, որոնք, ըստ նկարչի, կորցրել են իրենց «օգտակար գործողության գործակիցը»: Լինելով նկարիչների միության անդամ` նկարիչը վճարում է միությանը, որպեսզի կարողանա այնտեղ ցուցահանդես անցկացնել:

«Իսկ միության անդամ լինելու իմաստը ո՞րն է»,- հարցնում եմ Հաղթոյին:

«Չեմ հասկանում,- ժպտալով պատասխանում է նա:- Միությունը կարող էր շատ օգտակար լինել: Հիմա, երբ պետականորեն դժվար է, միությունը կարող էր հրաշալի դերը վերցնել իր վրա: Մենք ունենք հրաշալի արվեստ, որ փող է: Մարդիկ դրսում այս արվեստն ունենային, գիտե՞ք՝ ի՞նչ բիզնես կանեին: Միությունը պետք է այդ գործընթացը ստանձներ, պետությանն էլ օգուտ կտար: Ոչ թե եղածը վաճառեին` իրենց տները պահելու համար»: 

«Բռնում, մանկապարտեզից կուսակցականացնում են»

Հաղթանակ Շահումյանի նկարների շարքում կան նաև քաղաքական թեմաներով որոշ նկարներ, որոնք նա նախընտրում է անվանել քաղաքացիական: Երբ 1960-ական թթ.-ի կեսերին Խորհրդային Հայաստանում ազգային շարժումը զարթոնք ապրեց, Հաղթանակ Շահումյանն ու նրա ընկերներն առաջիններից էին, որ միացան այդ շարժմանը: Այդ ընթացքում նա նաև երկու անգամ ձերբակալվել է, սակայն դրա մասին շատ խոսել չի սիրում:

«Հիմա մարդիկ են հայտնվում, որոնք այն ժամանակ 10 տարեկան են եղել, հիմա ասում են` մենք էինք այն ժամանակ,- ասում է Հաղթոն:- Ինձ դուր են գալիս այն երիտասարդները, որոնք հիմա ընդվզում են: Կարևոր չէ, թե երբեմն իրենք ճիշտ են, թե սխալ: Մանավանդ եթե դա ուղղորդված չէ որևէ քաղաքական ուժի կողմից, այլ քաղաքացու ներքին ձայնն է մղում իրեն, ես երկու ձեռքով իրենց կողմն եմ: Հրաշալի է, երբ մարդն իր իրավունքները պաշտպանում է»:

Հաղթոն նկատում է, որ կան մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդներ, որոնց դրսևորվելու համար պետք է բարենպաստ միջավայր ստեղծել: Այնինչ, երիտասարդների մի մասին կուսակցականացնում են: Դա էլ երիտասարդների մեջ լարվածություն է առաջացնում, քանի որ տարբեր կուսակցությունների խմբավորումներ միմյանց դեմ են դուրս գալիս:

«Ես դա չեմ ընդունում: Բռնում, մանկապարտեզից կուսակցականացնում են,- ասում է Հաղթոն:- Եթե այն ժամանակ կոմունիստական խնդիր էր, հիմա դա հակազգային է: Ազգի մեջ չի կարելի թշնամանք գցել»:

Նկարիչը նկատում է, որ շնորհալի կադրերի մեծ մասը հեռանում է Հայաստանից` այլ երկրներում աշխատելու համար: Նրան նույնպես ուսանողության տարիներից և հետագայում բազմիցս աշխատանք են առաջարկել տարբեր երկրներում, սակայն միշտ դրանք մերժել է:

«Ես շատ կտխրեի այնտեղ, եթե մնայի,- խոստովանում է նկարիչը:- Մի անգամ, երբ Ճապոնիայում էի, քայլում էի այնտեղի փողոցներով: Հրաշք, ապահով երկիր է: Հանկարծ մտածեցի՝ եթե ինձ ստիպեն այստեղ մնամ, կարո՞ղ եմ: Սիրտս քիչ էր մնում կանգներ այդ տագնապից»:

Միայն թե նկարիչը ափսոսում է, որ նման մշակույթ ունեցող ժողովուրդը վերջին շրջանում հաճախ է «կապկում ուրիշների արատավոր երևույթները»: Այնինչ, արվեստը պետք է հնարավորինս մաքուր պահել:

«Ես Եվրոպան շատ եմ սիրում, բայց Եվրոպայում այնքան անհեթեթություններ կան, որ չեմ ուզում մտնեն իմ երկիր: Իմ մշակույթը, իմ արմատները շատ ավելի խորն են, քան եվրոպացունը,- ասում է Հաղթոն:- Եթե արվեստը կեղտոտեցին, ուրեմն հասարակությունը կմահանա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter