HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մտածում է առաջիկա ամիսներին առևտրականներին չտուգանելու մասին

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական 6 ուժերը քննարկում են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ: Կառավարությունից ներկա էին գտնվում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու նրա տեղակալը: Իսկ քննարկման թեման առևտրականների բողոքի պատճառ դարձած «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառավարության անդամները հայտարարել են, որ առաջիկա ամիսներին իրենք որևէ ձևով չեն ճնշի փոքր սուբյեկտներին` փաստաթղթաշրջանառության շրջանակներում: Այսինքն` սա ենթադրում է, որ առաջիկա ամիսներին թղթարարություն չիրականացրած անձինք չեն տուգանվի: Չնայած դրան` իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են, որ փաստաթղթաշրջանառությունը պետք է հետևողականորեն փորձեն ներդնել ամբողջ երկրում:

Պատգամավորները ներկայացրել են իրենց առաջարկները: Ըստ Ա. Մինասյանի` հարցեր կան, որոնք դեռևս բաց են մնում, օրինակ, այն, որ կան դեպքեր, երբ վաճառողն ուղղակի չի կարող փաստաթուղթ ներկայացնել այդ ապրանքի ձեռքբերման համար:

Խորհրդարանական ուժերի կողմից շրջանառության հարկի շեմի բարձրացման առաջարկի վերաբերյալ դեռևս մերժում չի եղել կառավարությունից: Ինչ վերաբերում է փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմանը, ըստ պատգամավորի, իրենց կողմից առաջարկ եղավ ոչ թե պարտադրող նորմով, այլ խրախուսման համակարգով փորձ արվի ներդնել փաստաթղթաշրջանառությունը: «Մեր առաջարկի դեպքում փոքր ու միջին բիզնեսը դառնում է ոչ թե գործիք, ինչպես այսօր է, խոշոր տնտեսվարողներին ստվերից դուրս բերելու համար, այլ օժանդակող դեր է ստանձնում ` նպաստելով երկրում ստվերային տնտեսության նվազմանը` միաժամանակ առանց վտանգ կամ վախ ունենալու, որ կարող է որոշակի դեպքում պարզապես դուրս մղվել փոքրի համար նախատեսված արտոնությունների համակարգից»,- ասաց Ա. Մինասյանը:

Մյուս կողմից` կառավարությունն առաջիկայում մտադիր է ներկայացնել նոր փաթեթ, որով փոքր ու միջին բիզնեսին կտան մեծ արտոնությունների համակարգ: Այս մասին նշեց Ա. Մինասյանը: Պատգամավորն ասաց, որ քանի դեռ այդ համակարգը չկա, այսօրվա հանդիպմանն իրենք առաջարկել էին կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործադրումը: «Իրենք չեն ընդունում օրենքի կասեցման տարբերակը, բայց հայտարարել են, որ ստուգումներ չեն իրականացնի: Հիմա մեր կոնտր, այսպես կոչված, առաջարկը հետևյալն է` ոչ թե հայտարարությամբ, այլ համապատասխան իրավական ակտի ընդունման միջոցով երաշխավորեն տնտեսվարող սուբյեկտներին, որ նրանց մոտ չեն իրականացվի ստուգման և սանկցիաների կիրառման մեխանիզմներ գոնե առաջիկա ժամանակահատվածի համար մինչև խնդիրների վերջնական քննարկում և լուծում տալը»,- նշեց պատգամավորը:

Իսկ կառավարության և խորհրդարանական ուժերի միջև քննարկումը կշարունակվի վաղը առավոտյան:

Ա. Մինասյանի խոսքով` որոշակի փոխզիջումային տարբերակ հնարավոր է գտնել, սակայն ասել, որ իրենց առաջարկներն ամբողջությամբ կընդունվեն, չի կարծում: Պատգամավորը նաև բացառեց, որ օրենքի այդ կոշտ համակարգը կարող է մնալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter