HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական մաթեմատիկա. երկլեզու ուսուցումը Ջավախքում ձախողվել է

Ջավախքի հայկական դպրոցներում Վրաստանի կառավարության ներդրած երկլեզու՝ բիլինգվալ ուսուցման համակարգը ձախողվել է: Ջավախքի դպրոցներում դասավանդող հայ ուսուցիչները, ինչպես նաև աշակերտները մեզ հետ զրույցներում չէին թաքցնում սա:

Երկլեզու՝ հայերեն և վրացերեն դասավանդման ծրագիրը Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ներդրեց երկու տարի առաջ: Պաշտոնապես նպատակը հիմնավորվում էր նրանով, որ Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունները պետք է տիրապետեն պետական լեզվին, իսկ դրա համար անհրաժեշտ է դպրոցներում ուժեղացնել վրացերենի  ուսուցումը և բոլոր առարկաները հետզհետե դասավանդել վրացերենով: Այլ կերպ ասած՝ նպատակն էր Ջավախքի հայկական դպրոցները հետզհետե դարձնել վրացալեզու: Ուսումնական ծրագրի 70 տոկոսը պետք է դասավանդվեր մայրենիով, մնացյալ 30-ը՝ վրացերենով: Բացի հայագիտական առարկաներից՝ հայոց լեզվից ու հայ գրականությունից, բոլոր առարկաները պետք ի վերջո դասավանդվեին վրացերեն:

Տպագրվեցին երկլեզու դասագրքերը և աշխատանքային տետրեր: Օրինակ՝ մեր ձեռքի տակ է 6-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը: Վարժություններն ու խնդիրները հայերեն և մերթընդմերթ վրացերեն են: Գիրքը 2012 թվականի հրատարակչություն է: Կազմել են վրացի հեղինակներ՝ Գուրամ Գոգիշվիլին, Թեյմուրազ Վեփխվաձեն, Իա Մեբոնիան և Լամարա Քուրչիշվիլին:

Նույն դասարանի աշակերտներից մեկի տետրում վրացերեն խնդիրների միայն մոտավորապես 5 տոկոսն է տեղ գտել: Մնացյալներն ուղղակի բաց են թողել, քանի որ չեն հասկացել պահանջը:

8-րդ դասարանցի Արտաշեսը պատմում է, որ եթե մաթեմատիկայի պարագայում իրենք ինչ-որ չափով թվերի հետ գործ ունեն, և դասատուի՝ վարժության պահանջը բացատրելուց հետո կարողանում են լուծել այն, ապա մյուս առարկաների՝ «Աշխարհագրության», «Պատմության», «Կենսաբանության» դասընթացների ժամանակ պարզապես վրացերեն հատվածները բաց են թողնում և սովորում են միայն հայերենները: «Կենսաբանություն» դասավանդող ուսուցչուհին (ուսուցիչների անունները չենք հրապարակում իրենց իսկ խնդրանքով) հաստատում է, որ նախ ինքը բավարար վրացերենի գիտելիքներ չունի, որ առարկան բացատրի վրացերենով, երկրորդն էլ ՝ երեխաները նույնպես չեն տիրապետում լեզվին այնչափ, որ կարողանան յուրացնել մասնագիտական տերմիններն ու տեքստերը, ուստի վրացերենները բաց են թողնում և միանգամից անցնում են հայերեն մասերին: 

9-րդ դասարանցի Արփինեն ասում է, որ իրենց «Կենսաբանություն» առարկան ամբողջությամբ վրացերեն էր, իրենք դրանից չեն օգտվել, այլ գտել են հայերեն դասագրքեր և սովորել դրանցով: Բաժանված վրացալեզու «Կենսաբանությունը» մինչ տարեվերջ պահել ու նորից նույն՝ թարմ վիճակում հանձնել են դպրոցի գրադարանին:

Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում ասում է, որ չնայած ինքը և իր ուսուցիչները վերապատրաստվեցին այդ ծրագրի համար, սակայն այդպես էլ չկարողացան տիրապետել վրացերենին: Իսկ երկլեզու ծրագրով նախատեսած առարկաներն ամբողջությամբ դասավանդում են հայերեն:

Թե որքան է տևելու երկլեզու ուսուցման ծրագիրը Ջավախքում հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ Վրաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում այս ծրագիրը «գլուխ բերելու» և մեծ գումարներ է ծախսում Ջավախքի հայկական դպրոցներին համապատասխան՝ երկլեզու գրականությամբ ապահովելու համար:  

Մեկնաբանություններ (1)

Ared Misirliyan
Official Tbilisi's approach, as described above, is a definite improvement over the ethno-fanaticism of Zviad Gamsakhurdia, and the more recent, shifty politics of Mikheil Saakashvili.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter