HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարահունջում կաթի մթերման արտադրամաս է բացվել

Քարահունջ համայնքում օրերս բացվեց կաթի մթերման արտադրամաս, որը համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը կարևոր իրադարձություն է համարում գյուղի համար: «Վերջապես կլուծվի կաթի իրացման խնդիրը, ինչը կնպաստի նաեւ համայնքի տնտեսական զարգացմանը»,- այդ մասին արտադրամասի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց համայնքի ղեկավարը: Արտադրամասը հիմվել է «Orange» հիմնադրամի, Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակալության գործակալության ֆինանսավորմամբ գործող «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ-ի աջակցությամբ:

Արտադրամասի կառուցման համար նշված կազմակերպությունները և համայնքը ներդրել են 9.83 մլն դրամ, որով հնարավորություն է ստեղծվել տարեկան 200 տոննա կաթ մթերելու միջոցով 20 մլն դրամի եկամուտ ապահովել համայնքի բնակիչների համար:

Ողջունելով հանդիսության մասնակիցներին` «Orange» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ ամեն տարի հիմնադրամը տարբեր համայնքներում երեք ծրագիր է իրականացնում իր աշխատակիցների առաջարկով, բայց կաթի արտադրամասի կառուցման ֆինանսավորումը նոր ուղղություն է: «Ես առաջին անգամ եմ Սյունիքում եւ ուրախ եմ, որ այցելությանս առիթն այս գյուղի զարգացման նոր հնարավորությունների ստեղծումն է»,- ասաց Ֆրանսիս Ժելիբտերը:

Ի տարբերություն «Orange» հիմնադրամի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ-ն «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում նախորդ տարիներին ևս համագործակցել է Քարահունջի համայնքային իշխանության հետ, աջակցել է տարբեր հարցերում: Մասնավորապես, անասնապահության զարգացման համար իրականացրել է արոտավայրերի բարելավման, ջրխմոցների կառուցման աշխատանքներ: «Մեզ համար Քարահունջ համայնքը հուսալի գործընկեր է այն առումով, որ աշխատում են բաց, հրապարակային, թափանցիկ, ճիշտ են գնահատում իրենց խնդիրները»,- ասում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ նախագահ Մկրտիչ Այվազյանը:

Կաթի իրացման հարցը կարևորում են նաև համայնքի բնակիչները` ասելով, որ Գորիս քաղաքի շուկայում գյուղատնտեսական մթերքների՝ հիմնականում բանջարբոստանային կուլտուրաների վաճառքի զգալի բաժինը քարահունջցիներն են ապահովում: Նրանք, սակայն, դժվարություններ ունեին անասնապահական մթերքների՝ հիմնականում կաթի իրացման հարցում, և այդ առումով կաթի մթերման արտադրամասի կառուցումը կարևոր էր:

Ուսուցիչ Արմեն Մկրտչյանի խոսքով` այդ կառույցը լրացնում է վերջին տարիներին Քարահունջում տեղական իշխանությունների նախաձեռնությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերի շարքը, որոնք միտված են բարելավելու բնակիչների սոցիալական պայմանները, կրճատելու արտագաղթը, լուծելու զբաղվածության խնդիրը:

Նրա կարծիքով` պատահական չէ, որ ամռանը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակում ԵԱՀԿ-ն, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, ՄԱԿ-ի գրասենյակը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Եվրախորհրդի Հայաստանի ներկայացուցչությունը «Տեղական ինքնակառավարման բարեփոխիչ» մրցանակին է արժանացրել Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին: Վերջինս նաեւ ընդգրկվել է Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի Հայաստանի Հանրապետության չորս ներկայացուցիչների փոխարինող կազմում:

«Շատ հաճախ, երբ համայնքային ինչ-որ հարց լուծելու համար որեւէ կազմակերպության, դոնորի ենք դիմում` մերժում են, բայց երբ նույն խնդիրը, նույն կառույցին Լուսինեն է ներկայացնում` դրական լուծում է ստանում»,- ոչ պաշտոնական մի զրույցում ասաց մեկ այլ համայնքի ղեկավար: Լուսինեն՝ Քարահունջ համայնքի ղեկավարը, չի կիսում գործընկերոջ կարծիքը, թե իրեն ընդառաջում են այն պատճառով, որ կին է: Նրա խոսքով` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց համայնքում խնդիրների առաջնահերթությունը որոշվում և հիմնավորվում է բնակիչների մասնակցությամբ, ինչը ընգծում է տվյալ հարցի կարևորությունը:

«Տասը տարի է, ինչ Քարահունջ համայնքի ղեկավար եմ ընտրվել: Չէի ասի, որ հենց առաջին օրը, բայց տարիների ընթացքում համոզվեցի, որ համայնքային իշխանության գործունեության առանցքը պետք է քառամյա զարգացման ծրագիրը լինի և այդ սկզբունքով էլ մեր աշխատանքները կազմակերպում ենք»,- ասում է Լուսինեն և շեշտում, որ նախորդ երկու քառամյա ծրագրերում ընդգրկված գրեթե բոլոր հարցերը հաջողվել է լուծել:

Համայնքի ղեկավարը նշում է, որ 2004 թվականից սկսած Քարահունջում իրականացվել է 28 ծրագիր, որի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 1,4 մլն ԱՄՆ դոլար: Նշված ծրագրերի համար համայնքի ներդրումը կազմել է 73 հազար ԱՄՆ դոլար: Իրականացված ծրագրերի արդյունքում վերանորոգվել են գյուղի մանկապարտեզը, մշակույթի տունը, համայնքի վարչական շենքը, դպրոցը, բուժկետը, երիտասարդական կենտրոնը, կառուցվել է ոռոգման ջրի ինքնահոս համակարգ, կոյուղագիծ, փողոցների լուսավորության ցանց, արոտավայրերի ջրխմոցներ, ասֆալտապատվել է ներհամայնքային ճանապարհը, տարբեր ենթակառուցվածքների համար ձեռք են բերվել գույք ու սարքավորումներ:

«Այդուհանդերձ, մեզ շարունակում են մտահոգել սողանքները, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Հիմա, երբ մեզ հաջողվել է մարդկանց կյանքը բարելավելու բավարար պայմաններ ապահովել, պիտի ձեռնամուխ լինենք նաեւ սողքի գոտում ապրող բնակիչների խնդիրների լուծմանը,- նշում է Լ. Ավետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter