HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ալումյանը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հոկտեմբերի 2-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը:

Դատական նիստին ներկայացել էր նաև տուժող Նիկոլայ Աբրահամյանը, ով, նախորդ դատական նիստին ներկայացրած բացատրության համաձայն, բուժվում էր Գորիսի բժշկական կենտրոնում, իսկ տուժող Լորետա Բարսեղյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, բերման ենթարկելու մասին ոստիկանության գնդապետ Հովհաննիսյանի կողմից ստացվել է գրություն, որով հայտնել է, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչև այժմ հնարավոր չի եղել վկայի գտնվելու վայրը պարզել և նրան դատարան ներկայացնել:

Դատական նիստին սկզբում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ, որով բացարկ հայտնեց դատավոր Նապոլեոն Օհանյանին: Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստից մինչև այսօր առաջ են եկել նոր հիմքեր, որոնք բավարար են, որպեսզի դատավորը ինքնաբացարկ հայտարարի: «Դուք ապրում և աշխատում եք Սյունիքի մարզում, որտեղ մարզպետ է նշանակվել սույն գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսինը՝ Սուրիկ Խաչատրյանը: Լինելով Սյունիքի մարզի բնակիչ՝ Դուք որևէ կերպ չեք կարող խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ Ձեզ համար կարևորություն ներկայացնող որևէ հարցի լուծում կապված լինի մարզպետից կամ մարզպետարանից»,- նշեց Հ.Ալումյանը:

Սակայն դատավոր Ն. Օհանյանը Քրեական օրենսգրքի  90 և 313 հոդվածների համաձայն մերժեց Հ. Ալումյանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Ն. Օհանյանի բացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև տուժող Լ. Բարսեղյանին ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը:

«Էս դատավարությունը իրականում դատավարություն չի: Սա իմիտացիա է դատավորության. ուրիշ ոչ մի բան»,- ասաց Հ. Ալումյանը ու լքեց նիստերի դահլիճը: Իսկ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը հայտարարեց, որ դատական նիստը չի կարող շարունակել առանց պաշտպանի:

Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց:

Թե որոնք կլինեն Արտակ Բուդաղյանի և նրա պաշտպանի հետագա քայլերը, Հ. Ալումյանը պատասխանեց, որ մինչև մյուս դատական նիստը պարզ կլինի: «Մեզ համար անսպասելի էր, ճիշտն ասած, որ դատարանը մերժեց բացարկը: Մենք հասկանում ենք, որ ճգնաժամի մեջ ենք, բայց իմ պաշտպանյալի հետ դեռ չենք որոշել էս ճգնաժամից դուրս գալու լուծումները: Կարծում եմ, որ մինչև մյուս դատական նիստը մենք մեր լուծման տարբերակները գտած կլինենք»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Հ. Ալումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter