HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդանշական տորթ՝ արդարադատության նախարարին

Լուսանկարներում նույն մարդն է՝ 19 տարվա տարբերությամբ. 19 տարեկանից՝ 1996թ.-ից անազատության մեջ գտնվող (1997թ.-ին մահապատժի, 2003թ.-ից` ցմահ ազատազրկման դատապարտված) նախկին զինվոր Արթուր Մկրտչյանը: Նրա մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը, այսօր խորհրդանշական տորթ նվիրեց արդարադատության նախարարին: Տորթի վրայի երկու 19 թվերը խորհրդանշում են Արթուրի` ազատության եւ բանտարկության մեջ անցկացրած տարիները:

Նախարար Հովհաննես Մանուկյանը մարզային այցի էր: Այս մասին մեզ տեղեկացրեց մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Ցմահ բանտարկյալի ծնողները տորթը հանձնեցին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

«Իմ տղայի 38-ամյակը լրացավ բանտում, նա կյանքի ուղիղ կեսն ապրել է ազատության մեջ: 18 տարեկանում գնացել է հայոց բանակ` ծառայելու, բայց արդեն 21 տարի նրան չենք կարողանում տուն վերադարձնել: Այս տորթով ուզում եմ սթափության կոչ անել պետական համապատասխան մարմիններին, որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում: Լրիվ երեխա էր, որ խոշտանգումներով գործ սարքեցին գլխին, թե իբր 5 համածառայակիցների սպանության մեջ ինքն է մեղավոր: Հիմա արդեն միջին տարիքի տղամարդ է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ջավահիր Մկրտչյանը՝ շեշտելով, որ 19 տարի պայքարում են արդարության վերականգնման համար:

«Ցմահ է դատապարտված ոչ միայն Արթուրը, այլև մի ամբողջ ընտանիք»,- շեշտեց Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը:

Արթուրն ու իր հարազատները բազմիցս դիմել են Հայաստանի երեք նախագահներին՝ քրեական գործի վերաբացման խնդրանքով, սակայն ապարդյուն: Մի քանի անգամ գործի վերանայման պահանջով Արթուրը դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝ անժամկետ հացադուլի, սակայն ապարդյուն: Հանրապետության նախկին նախագահ Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին Արթուրի մայրը ինքնահրկիզման փորձ է կատարել նախագահական նստավայրի դիմաց: Այս գործի անկատարությանը դեռ տարիներ առաջ մամուլում անդրադարձել է լրագրող Ժաննա Ալեքսանյանը, «Ինտերնյուս» ՀԿ-ն նկարահանել է փաստագրական ֆիլմ՝ լրագրողական հետաքննության ժանրում:

Հիշեցնենք, որ «Հետքը» դատարանների կենտրոնական արխիվում ուսումնասիրել էր Արթուր Մկրտչյանի քրեական գործը: Արթուրը նախաքննության փուլում ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումներից ու բռնություններից հետո: Խոշտանգել են ոչ միայն իրեն, այլև հարևան զորամասերից մեկում ծառայող եղբորը, քրեական գործ են հարուցել նրանց հոր՝ Համբարձում Մկրտչյանի նկատմամբ: Դատարանում, սակայն, Արթուրը սկսել է խոսել, պատմել է, որ Կոթիի զորամասի դիրքեր դեպքի օրը՝ 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկել է ՊՆ համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենա, որ եղել է զենքի առևտուր, որ ինքը սպանության հետ կապ չունի: Բայց դատարանը արժանահավատ չի համարել Արթուրի ցուցմունքը՝ նշելով, որ նա պատասխանատվությունից է փորձում խուսափել:

Սակայն 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց Արթուրի ցուցմունքը՝ պնդելով, որ, այո, դիրքերում օտար մարդիկ են եղել սպանության գիշերը. «Չեմ ուզում Ձեզ օպերատիվ տեղեկատվություն հայտնել, բայց դիրք եկած մարդիկ, ըստ էության, եկել էին Արթուր Մկրտչյանից զենք գնելու համար: Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում»:

Փաստորեն, նախկին զինդատախազը 19 տարի անց հաստատել է այն, ինչ իր ցուցմունքում նշել է Արթուր Մկրտչյանը, սակայն մահապատժի դատավճիռը կայացվել է «միգուցե»-ով:

Թե՛ դատարանում, թե՛ տարիներ անց անգամ զոհված 5 տղաների հարազատները չեն հավատացել ու չեն հավատում նախաքննական մարմնի՝ զինդատախազության մեղադրանքին ու դատարանի դատավճռին: Չեն հավատում, որ Արթուրն է իրենց զավակներին զրկել կյանքից: Անգամ սպանված զինվորներից մեկի՝ Վարդան Մարտոյանի հայրը՝ Ռաֆիկ Մարտոյանը, ֆիլմում մեջբերել է քննիչ Սուրեն Թարվերդյանի խոսքերը, թե այս պատմության մեջ մի 40 մարդ կա խառնված. «Թարվերդյանն ինձ ասաց, որ հերթով բոլորին պիտի մեջտեղ բերենք, բայց դատապարտեցին միայն մեկին՝ Արթուրին»:

«Հետքը» եղել է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու հարցազրույց վարել 19-րդ տարին բանտում գտնվող Արթուր Մկրտչյանի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter