HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ բոնուսն է «Շահող կտրոնը». շահում եք դուք, անհետանում՝ 12 մլրդ դրամը

Մարինե Մադաթյան
Անի Հովհաննիսյան 

Սկիզբը

«Շահող կտրոն» վիճակախաղի պարգևավճարների համար հատկացվող գումարի մոտ 95%-ն առաջին երկու տարում հոսել է անհայտ ուղղությամբ: Այսպիսի հոսք Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրականացրել է շնորհիվ մեկ որոշման, այն է՝ 2009-2010թթ.-ին բոնուսներ վճարել նաև չշահած կտրոնների խմբաքանակ ներկայացնողներին:

Մոտ 6 միլիարդ դրամի բոնուսներ ստացողների անուն-ազգանուններն այդպես էլ չեն հրապարակվել: Հայտնի են միայն շահողների տվյալները, ում պարգևավճարների գումարը երկու տարվա ընթացքում չի գերազանցել 193 միլիոն դրամը, այսինքն՝ վիճակախաղի համար հատկացված ընդհանուր բյուջեի մոտ 5%-ը:

Ինչո՞ւ է ստեղծվել «Պարգևավճարների հիմնադրամը». ի՞նչ կուտակումներ եւ դրամական հոսքեր են իրականացվել դրա միջոցով

«Շահող կտրոն» վիճակախաղի կազմակերպման և շահումների տրամադրման համար կառավարության որոշմամբ 2008թ.-ին ՊԵԿ-ում ստեղծվել է «Պարգևավճարների հիմնադրամը»։ Հենց այստեղ էլ պետք է կուտակվեին պարգեւավճարների համար հատկացված գումարները, եթե որեւէ ամիս նախատեսվածից ավելի քիչ շահումներ լինեին:

2009 եւ 2010թթ.-ին, երբ «Շահող կտրոն» վիճակախաղը նոր էր կյանքի կոչվել, շահումները դրամական էին՝ 2000-ից առավելագույնը 5 միլիոն դրամ: Որևէ մեկը այս երկու տարվա ընթացքում առավելագույն գումար չի շահել, քանի որ 5 միլիոն դրամ շահում ունենալու պահանջը խիստ է եղել. կտրոնի բոլոր թվերը պետք է համընկնեին վիճակահանության թվին: Հերթական խոշոր շահումը՝ 500 հազար դրամը, ևս հազվադեպ է գրանցվել: Որոշ ամիսների մարդիկ շահել են միայն 5 և 20 հազար դրամ:

Երկու տարվա շահումների այս ցանկին ծանոթանալիս՝ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ, հետևյալն էր՝ ի՞նչ են եղել չշահած գումարները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը «Հետքի» այս հարցին պատասխանելիս՝ հերքեց, որ հիմնադրամում գումարային տեսքով կուտակումներ են եղել: Ավելացրեց նաև, որ կուտակում չէր կարող առաջանալ, քանի որ պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հայտ է ներկայացնում կառավարություն և ստանում այնքան գումար, որքան կազմում են այդ ամսվա շահումները:

Փոխնախարարի պարզաբանումը հակասում էր թե կառավարության որոշմանը, որը պարգևավճարների հիմնադրամը սահմանում էր որպես նախապես՝ վիճակահանությունից առաջ հայտարարված գումար, թե «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որով ամեն տարեսկզբին որոշվում է վիճակահանության բյուջեն:

Անճշտությունը պարզելու համար «Հետքը» հարցում ուղարկեց ՊԵԿ-ին՝ ստանալու «Շահող կտրոն» վիճակախաղի բյուջետային հաշվետվությունը: Այս փաստաթուղթը նույնպես փաստում է, որ Վախթանգ Միրումյանը մեզ ապատեղեկատվություն է տրամադրել: Պարգևավճարների ֆոնդը չի համալրվել ՊԵԿ-ի՝ կառավարությանն ուղարկված ամենամսյա հայտի համաձայն, այլ հաստատվել է տարեսկզբին:

ՊԵԿ-ի հաշվետվությունն էականորեն տարբերվում է մեր հաշվարկներից

Պետեկամուտների կոմիտեի՝ «Հետքին» տրամադրված հաշվետվությունում թվերը չափազանց ուռճացված էին։ Մենք ստիպված եղանք ինքներս հաշվարկել իրական շահումների գումարը՝ օգտագործելով ՊԵԿ-ի ամենամսյա շահումների մասին հրապարակումներում առկա թվերը:

Աղյուսակում ներառված տվյալները պետական եկամուտների կոմիտեի՝ խաղարկության մասնակիցների և նրանց պարգևավճարների չափի վերաբերյալ ամենամսյա պաշտոնական տեղեկատվության հանրագումարն է:

2009թ.-ին պարգևավճարների համար տրամադրված գումարը կազմում է մոտ 64 միլիոն դրամ, իսկ ՊԵԿ-ի տրամադրած հաշվետվության մեջ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը մոտ 1, 3 միլիարդ դրամ է:

 

«Շահող կտրոն» վիճակախաղի կազմակերպման համար պետեկամուտների կոմիտեն գումար է ստանում ոչ միայն պետական բյուջեից, այլ նաեւ կառավարության պահուստային ֆոնդից։ 2009 եւ 2010թթ.-ին պահուստային ֆոնդը ՊԵԿ-ին է հատկացրել մոտ 6 միլիարդ դրամ: Պետական եկամուտների կոմիտեն իր պատասխանում չի հստակեցրել, թե որտեղ են ծախսվել կառավարության պահուստային ֆոնդի հատկացումները և պետբյուջեից փոխանցված միջոցների ավելցուկը:

 

Ո՞ւմ «բոնուսն» են դարձել միլիարդները

Խաղարկության առաջին տարվա կեսից «Պարգևավճարների հիմնադրամը» վերանվանվել է «Պարգևավճարների և բոնուսների հիմնադրամի»: Բոնուսը չշահած կտրոնների որոշակի խմբաքանակի դիմաց տրամադրված գումարն է: Վերանվանելու այս որոշումը պարգևավճարների հիմնադրամի կուտակումները ծախսելու միջոց է հանդիսացել:

Ինչպես երեւում է վերեւի լուսանկարում՝ նվազագույն 2500 դրամի չափով բոնուս ստանալու համար անհրաժեշտ է եղել ներկայացնել 50 կտրոն՝ 100 հազար դրամին համարժեք գործարքով։ Իսկ առավելագույն 200 հազար դրամի չափով բոնուս ստանալու համար, պետք է ներկայացնել 1000 կտրոն՝ 6 մլն դրամի գործարքի չափով։

2 տարիների ընթացքում ՊԵԿ-ը «բոնուսային» քաղաքականությամբ դուրս է գրել մոտ 6 մլրդ դրամ: Եթե 6 մլրդ դրամը բաժանենք առավելագույն կտրոնների չափաքանակին, կստացվի, որ 30 հազար կտրոն է ներկայացվել՝ 180 մլրդ դրամ գործարքի արժողությամբ։ Հիշեցնենք, որ 6 մլրդ դրամ բոնուս ստացած անձանց տվյալները երբեւէ չեն հրապարակվել։

Արդյունքում՝ ոչ միայն ծախսվել է տարվա մնացորդը՝ բոնուսներ անվան տակ, ավելին՝ ՊԵԿ-ը դեռ մի բան էլ պարտք է մնացել բանկերին՝ նախատեսած բյուջեից ծախսելով 270 միլիոն դրամ ավելի գումար (2009-2010թթ. Շահումները տրամադրվել են բանկերի միջոցով):

Եւ հենց այս պարտքը մարելու համար էլ մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդը ՊԵԿ-ին տրամադրել է պարտքի մոտ 4 անգամ ավելի գումարը՝ 1 միլիարդ դրամ: Կրկին հարց է առաջանում, ո՞ւր է գնացել մնացորդը։ ՊԵԿ-ը մեկ պատասխան ունի՝ դարձյալ տրամադրվել են բոնուսներ:

Փաստորեն անհայտ անձանց բոնուսների համար հատկացված գումարը 30 անգամ գերազանցում է «Շահող կտրոն» վիճակախաղի պարգեւավճարների համար նախատեսված բյուջեին, թեև բոնուսները Շահող կտրոնի ածանցյալ ծրագիրն է եղել:

Ի՞նչ 12 միլիարդ դրամի բյուջետային մուտքի մասին է խոսում Գագիկ Խաչատրյանը

2009թ. դեկտեմբերին ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների արդյունքում շահել է 8682 քաղաքացի, որոնց վճարվել է շուրջ 63 մլն դրամ պարգևավճար, իսկ չշահած ավելի քան 160 հազար քաղաքացիներին վճարվել է 3,8 մլրդ դրամ բոնուս: Բյուջետային մուտքերը, նրա խոսքով, ավելացել են 12 մլրդ դրամով:

Ազգային վիճակագարկան ծառայությունը հրապարակել է 2009թ. պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների չափը: Այն ոչ միայն 12 միլիարդ դրամով չի գերազանցում նախորդ՝ 2008թ. ցուցանիշին, այլև նվազել է մոտ 9 միլիարդ դրամով:

Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը՝ հարկային եկամուտներից պետբյուջե արված մուտքերի աճի մասին, իրականությանը չի համապատասխանում: Հայտարարությունն արվել է՝ ձախողված խաղարկության վրա նույն բյուջեից ծախսված միջոցները պատճառաբանելու համար:

ՊԵԿ- ին մնում է հրապարկել բոնուսներ ստացած քաղաքացիների անունները, բոնուսի չափը և կոնտակտային տվյալները, ինչպես արվել է պարգևավճարներ ստացած 8682 քաղաքացիների դեպքում:

«Շահող կտրոն» 2011-2014-ի մասին՝ հաջորդ հրապարակման մեջ։

Լուս․՝ armlur.am-ից

Մեկնաբանություններ (5)

Ofelya
Այսպես գնալով՝ ուր ենք հասնելու?....ԱՍՏՎԱԾ...Փրկիր, եթե հնարավոր է...Հայի հույսը ԴՈՒ ես,ՔԵԶ հազար փառք...
Gagik
Դեռ վաղուց պարզ էր գոնե ինձ համար,որ «Շահող կտրոն»-ը գործիք է փող դուրս գրելու համար...
Vardan
Շնորհակալություն Հետքի թիմին հետևողական աշխատանքի համար (խոսքը վերաբերվում է բոլոր նմանատիպ հոդվածներին): Շարունակեք նույն պրոֆեսիոնալ ոճով: Ապրեք!
Գեւորգ
Ինչ խոսել կամ ինչը վերլուծել այլեւս, վարպետ Իշխանը պարզորեն հայտնեց որ բյուջեի 70% - ը մտնում է տղեքի փորը: Հարցը հիմա մեկը կարող է լինել միայն՝ կտրաքեն թե ոչ?
Gegham
Ամեն ղեկավար իր ոլորտում լափում է........այս դեպքում ետ չի մնում նաև Գագիկ Խաչատրյանը....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter