HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էբոլայի ուրվականը. Հայաստանն ուժեղացրել է հսկողությունը սահմաններին

Հայաստանի սահմանային կետերում ուժեղացված հսկողություն է սահմանվել էբոլայի ներթափանցումը կանխելու նպատակով: Հսկողություն է սահմանվել հատկապես ներմուծվող կենդանիների նկատմամբ:

«Մենք ամեն օր մեր ձեռքը զարկերակի վրա ենք պահում, և յուրաքանչյուր տեղեկատվություն մենք վերլուծում ենք մեր համար: Մենք առավոտից երեկո ուշադիր ենք, որ որևէ բան բաց չթողնենք՝ կապված էբոլայի հետ»,-«Հետքի» հետ զրույցում վստահեցնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ստուգման են ենթարկվում նաև մարդիկ. եթե տեղադրված տեխնիկական հատուկ սարքավորումները հիվանդության կամ ջերմության մասին ազդանշան են ցույց տալիս, տվյալ անձանց մեկուսացնում ու մանրամասն զննում են:

Էբոլա վիրուսի տարածումը լարված է պահում ողջ աշխարհը: Օրերս հաստատվեց, որ էբոլայով վարկված հիվանդ կա նաև ԱՄՆ-ում:

Որտեղի՞ց հայտնվեց էբոլան

Էբոլա վիրուսը հայտնի է որպես Էբոլա հեմորոգիկ (haemorrhagi) տենդ: Առաջին անգամ հայտաբերվել է 1976թ. ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ Էբոլա գետի շրջակայքում, որտեղից և առաջացել է անվանումը: Բռնկումներ եղել են Սուդանում  և աֆրիկյան այլ երկրներում: Այն ծանր, բռնկման վիճակից կախված՝ 25-90 % դեպքերում մահացու տենդ է: Հարուցիչը փոխանցվում է վայրի կենդանիներից և մարդկանցից: 

Էբոլայի նկարագիրը 

Էբոլայի վերջին բռնկումն արձանագրվեց այս տարվա մարտին Աֆրիկայում: Այս անգամ այն սկիզբ է առել Գվինեայում և փոխանցվել հարևան երկրներ՝ Սիերա Լեոնե, Լիբերիա, Նիգերիա և Սենեգալ: Մեկ այլ բռնկում գրանցվել է նաև Էկվադորի արվարձաններում՝ Բոնդում:

Առողջապահության համաշխարհային կազամերպությունը հաստատում է, որ նախորորդների համեմատ այս բռնկումն ամենամեծն է, և միայն այս բռնկման ժամանակ մահացել են ավելի շատ մարդիկ, քան բոլոր նախորդների ընթացքում՝ միասին վերցված: Մահվան դեպքերը հասել են 3500-ի:

Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել

Էբոլա հարուցիչի ներթափանցման և հայտնաբերման, այսինքն՝ ինկուբացիոն շրջանը 2-ից 21 օր է: Առաջին նախանշաններից են՝ հանկարծակի տենդը, մկանային ու կոկորդի ցավերը և գլխացավերը: Դրանց կարող են հաջորդել փսխումը, փորլուծությունը, ցանը, երիկամների և լյարդի ֆունկցիաների խանգարումները, երբեմն ներքին և արտաքին արյունահոսությունը:

Հարուցիչը չեզոքացնող լիցենզավորված որևէ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն մշակվում են արյան, իմունային և դեղորայքային տարաբնույթ թերապիաներ:

Համարվում է, որ հարուցիչի «տերերը» չղջիկներն են (մասնավորապես Pteropodidae ընտանիքի), որոնցից այն անցնում է վայրի կենդանիներին: Առավել խոցելի խումբը պրիմատներ են: Մարդկանց է փոխանցվում վարակված կենդանիների արյան, արտադրության և այլ տեսակի հեղուկների հետ շփման ճանապարհով: Աֆրիկյան երկրներում մարդիկ վարակվում են խոնավ անտառներում պրիմատների և այլ վայրի անկած կամ հիվանդ կենդանիների վնասված մաշկի հետ շփման ճանապարհով: Էբոլան փոխանցվում է  նույնիսկ մահացած մարդու դիակից:

Ինչպես է էբոլան փոխանցվում մարդկանց 
Լուսանկարը՝ www.kakprosto.ru-ից

Հայաստանը խոցելի է

Հայաստանը Էբոլայի ներթափանցման տեսակետից բավականին զգայում է, քանի որ աֆրիկյան տարբեր երկրներից, այդ թվում նաև Գվինեայից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, մեծ քանակությամբ պրիմատներ են ներկրվում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծված էկզոտիկ կենդանիների քանակը Հայաստան վերջին երկու տարիներին չնայած նվազել է, սակայն զգալի է: Օրինակ՝ Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստան 2011-ին ներկրվել է միայն 286 պրիմատ, 2012-ին՝ 133:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի տվյալներով, 2013-ին 3 գլուխ պրիմատ է ներկրվել կրկեսային հյուրախաղերի համար Ուկրաինայից, 2 գլուխ Վրաստանից՝ կենդանաբանական այգու համար , ևս 28 գլուխ «Զու ֆաունա արտ» ընկերությունն է ներկրել: Հովհաննես Մկրտչյանը հավաստիացնում է, որ 2014թ. պրիմատներ չեն ներկրվել:

Այս թվերն առնվազն կասկածելի են, քանզի անցյալ տարվա մեր հոդվածներից մեկում 2 CITES թույլտվություն էինք հրապարակել, համաձայն առաջինի՝ 2013-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից «Զու ֆաունա արտ» ընկերությունը Հայաստան է ներկրել 30 կապիկ, և ևս 36-ը ներկրել է երկրորդ թույլտվությամբ: Այս թվերը, սակայն, Անասնաբուժության տեսչությունում գրանցված չեն: Ստացվում է, որ 66 պրիմատ մուտք է գործել Հայաստան առանց համապատասխան վերահսկողության:

Ներմուծման սահմանափակումներ՝ աֆրիկյան որոշ երկրներից

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի գրությունը և Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի Հանրապետություններում արձանագրված էբոլա հեմորագիկ տենդ հիվանդության ներթափանցումը ՀՀ տարածք կանխելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հրաման է արձակել. արգելվել է Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի Հանրապետություններից Հայաստանի տարածք` պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի ներմուծումը՝ մինչև սահմանված կարգով ապահով ճանաչվելը: Հրամանի սահմանափակումը տարածվել է նաև Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի և Նիգերիայի Հանրապետությունների ծագում ունեցող, և այլ երկրներից արտահանվող` պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի վրա:

Հովհաննես Մկրտչյանը չի բացառում, որ այս երկրների ցանկը հետագայում ավելանա: Եթե որևէ երկրում Էբոլայի զարգացում լինի, այդ երկրից ևս ներկրումները կսահմանափակվեն:

Չնայած արտահանող երկրում կենդանին պետք է անցած լիներ կարանտինային բոլոր միջոցառումները, կենդանիների ներմուծումից հետո դրանք ևս 30 օր գտնվում են ծառայության հսկողության ներքո: «Կարող է նույնիսկ տեղափոխման ընթացքում կենդանին վարակվի օդակաթիլային, շփման ճանապարհով, դրա համար ներմուծումից հետո 30 օր նրանք մեր հսկողության տակ են, 30 օր հետո եթե որևիցե հիվանդության նշան չի հայտնաբերվում, նոր թույլատրվում է դրա հետագա շահագործումն ու բուծումը»,-ծառայության վերահսկողության ընթացակարի մասին մանրամասնում է Հովհաննես Մկրտչյանը:

Այս բոլոր ընթացակարգերն, անշուշտ, կարող են գործել, եթե կենդանիներն օրինական ճանապարհով են ներկրվել Հայաստան: Սակայն հիշեցնենք, որ աֆրիկյան պետություններից կենդանիների ներկրման և առք ու վաճառքով զբաղվող «Զու ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Արթուր Խաչատրյանը երկու բոնոբո տեսակի կապիկ էր ներկրել Գվինեայից, որոնց օրինական ներկրումը դեռևս կասկածի տակ է, և քրեական գործը ընթացքի մեջ է:  Միևնույն ժամանակ բոնոբո տեսակի կապիկների առք ու վաճառքի պատմությամբ զբաղվում է նաև Ինտերպոլը

Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կապիկներից մեկը ներմուծումից 7 օր անց սատկել էր: Իսկ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացնում է, որ իրենք 30-օրյա կարանտինային հսկողության ժամանակ կենդանիների անկման որևէ դեպք չեն արձանագրել: Այս ամենից հետևում է, որ երկու բոնոբոները և 2013-ին ներմուծած 66 կապիկները զարտուղի ճանապարհով են մտել Հայաստան, ինչը չի բացառում, որ Աֆրիկայից էկզոտիկ կենդանիներ կարող են ներմուծվել նաև հիմա, երբ աշխարհում պտտվում է Էբոլայի ուրվականը:

Առաջին լուսանկարը՝ www.ibtimes.co.uk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter