HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես սպանել փոքր ու միջին բիզնեսը և խժռել երկրի ապագան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման պահանջով պայքարի դուրս եկած վաճառականները, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտնվել են յուրօրինակ պինգպոնգի գնդակի կարգավիճակում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չցանկանալով իր վրա վերցնել նրանց պահանջների կատարման պատասխանատվությունը, զիջման չգնալու համառություն դրսևորելով` բողոքի ակցիայի մասնակիցներին մեկ ԱԺ-ի դուռն է ցույց տալիս, իբր` խորհրդարանն է ընդունել այդ օրենքը, նրանից էլ պահանջեք ձեր հարցի լուծումը, մեկ` ֆինանսների նախարարության` իբր հարկերի հավաքագրման պարտականությունը նրա վրա է, գնացեք նախարարի հետ լեզու գտեք:

Վարչապետին երևի թվում է, թե դռնեդուռ ընկնելով, վաճառականներն ի վերջո կհոգնեն և կհամակերպվեն օրենքի կիրառման անխուսափելության հետ ու կվերադառնան իրենց աշխատանքին: Սակայն սա այն խմորն է, որը դեռ շատ ջուր է տանելու, քանի որ հիմքում ոչ միայն զուտ ՓՄՁ-ների, նրանցով պայմանավորված` նաև հասարակության միջին խավի գոյության հարցն է դրված, այլև նրա, թե,ի վերջո, Հայաստանում կարո՞ղ է ստեղծվել առողջ և հավասար մրցակացային տնտեսական համակարգ` կառուցված արդարության և արդարադատության վրա, թե՞ դեպի ֆեոդալական հասարակարգ ներկայիս անշեղ ընթացքը կասեցնելն այլևս անհնար է:   

Սա այն դեպքն է, երբ տնտեսագիտական դասական կաննոները բախվում են հայաստանյան աբսուրդային իրականությանը` ցույց տալով վերջինիս նկատմամբ իրենց կատարյալ անկենսունակությունն ու անպետքությունը: Թվում է, թե առաջին հերթին հենց ՓՄՁ-ների ներկայացուցիչները պետք է շահագրգռված լինեին այս օրենքի` օր առաջ ուժի մեջ մտնելու հարցում` թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչև 58.3մլն դրամի շրջանառություն ունենալու դեպքում նրանք պետք է հարկ վճարեն 3,5 տոկոսի փոխարեն 1 տոկոս դրույքաչափով: Ձեռնարկատերերին դրա համար բավական էր ընդամենը պատշաճ հաշվապահություն իրականացնելով հիմնավորել, որ շրջանառությունն իսկապես չի գերազանցում օրենքով նախատեսված այդ վերին շեմը և վերջ: Սակայն հենց այստեղ էլ ի հայտ են գալիս իրական մետամորֆոզները, քանի որ պարզվում է` նման հիմնավորումներ ներկայացնել ՓՄՁ-ների մեծամասնությունը չի կարող:

Հայաստանում ընդունված` չգրված տնտեսական «օրենքներով» խոշոր ձեռնարկությունները որևէ փաստաթուղթ, հաշիվ-ապրանքագիր չեն տրամադրում իենց ապրանքը մանրածախ շուկայում իրացնող տնտեսվարող սուբյեկտիներին: Ըստ էության` խոշորների և ՓՄ ձեռնարկատիրությամբ զբաղվողների միջև հաստատվել են փոխադարձաբար շահավետ այնպիսի հարաբերություններ, որոնք միաժամանակ թե մեկին և թե մյուսին ազատում են իրական ապրանքաշրջանառությունը ներկայացնելու պարտավորությունից: Այսինքն հավասարապես թե խոշոր և թե մինջին ու փոքր ձեռնարկատիրությունը շահագրգռված էին ստվերի պահպանման հարցում. այստեղ գործում էր լուռ համաձայնության սկզբունքը:

Բայց ահա այս օրենքի կիրառման պարագայում ՓՄՁ-ները հայտնվում են երկընտրանքի առջև. կամ ցույց տալ 58.3մլն-ից ավելի շրջանառություն և մտնել հարկման այնպիսի բազա, ինչպիսին գործում է խոշոր տնտեսվարողների համար, ինչը ձեռնտու չէ տնտեսապես, կամ խոշորներից պահանջել ստացված ապրանքների համար հաշիվ-ապրանքագրերը, որպեսզի օգտվեն շրջանառության հարկի ռեժիմի ընձեռած անհամեմատ ավելի շահեկան հնարավորություններից: Պետությունն այսպիսով ՓՄՁ-ներին առաջարկում է կոնֆլիկտի մեջ մտնել խոշոր տնտեսվարողների, իրենց մատակարարների հետ, քանի որ ապրանքի ծագման և ձեռբերման մասին համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում նրանք պարտավոր են հարկային ծառայությանը տեղեկատվություն տրամադրել, թե որ ընկերություններից են դրանք ձեռք բերել և որոնք են, որ խուսափում են տրամադրել հաշիվ-ապրանքագրերը: Սակայն դա անել ՓՄՁ-ները չեն կարող`երեք հիմնական պատճառով:

Նախ`բիզնեսի տարրական կանոնները թելադրում են չվատացնել հարաբերությունները հիմնական, վստահելի գործընկերների հետ, որից կարող է տուժել սեփական բիզնեսը:

Երկրորդ` հանուն ավելի քիչ հարկեր վճարելու, իհարկե կարելի է նաև «զոհել» պարտնյորներին, սակայն միայն այն դեպքում, երբ կա մատակարարին կամ պարտնյորին փոխարինելու այլընտրանքային տարբերակ: Հայաստանում դա հնարավոր չէ` խոշոր բիզնեսի մոնոպոլիզացվածության պատճառով: Օրինակ, եթե որևէ փոքր խանութի տնօրեն հայտնում է, որ իր մոտ վաճառվող շաքարավազը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունից, որը չի տրամադրել համապատասխան փաստաթղթերը, նա կանգնում է այդ խանութում այլևս շաքարավազ չվաճառելու վտանգի առջև, քանի որ շաքարավազի ներկրման բացառիկ իրավունքը,  ընդ որում` լեգիտիմ, տրված է միայն Սամվել Ալեքսանյանին: Եթե հաշվի առնենք, որ այս վիճակը հատուկ է հիմնական սպառման ապրանքների մեծամասնության շուկաներում, ապա պարզ է դառնում, թե ինչ է ՓՄՁ-ների համար նշանակում «մատնել» փաստաթղթեր չտրամադրող մատակարար խոշոր ընկերությանը:

Երրորդ` ՓՄՁ-ների ներկայացուցիչները հրաշալի գիտեն, որ մոնոպոլիզացված, ավելի ճիշտ մեջ-մեջ արված խոշոր բիզնեսը ոչ միայն սերտաճած է պետության հետ, այլև ինքնին ներկայացնում է պետությունը: Եվ սա կրում է բացահայտ բնույթ: Երբ հանրապետության նախագահը հայտարարում է, թե այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարող մեկից ավելի շաքարավազ ներկրող լինել, սովորական խանութպանը կամ տոնավաճառի աշխատողը անմիջապես հասկանում է, որ անհրաժեշտության դեպքում պայքարելու է իրականում ոչ թե խոշոր բիզնեսի դեմ, այլ պետության և չինովնիկների, որոնք հավասարապես նաև խոշոր բիզնեսի հիմնական խաղացողներն են: Պարզ է` որ նման իրավիճակում նրանք որևէ շանս չունեն: Եվ դա բնական է, որովհետև որևէ մեկը չի կարող հավատալ, որ,  օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ոչ թե իր ընտանիքի բիզնեսի շահերից է գործելու, այլ  ՓՄՁ-ների շահերն է պաշտպանելու, այսինքն` պայքարելու է ինքն իր դեմ: Այնպես որ այն, ինչ սպասվում է ՓՄՁ-ներին, պարզ է, ինչպես արևի լուսը. մի կողմից չինովնիկներին պատկանող խոշոր ընկերությունները շարունակելու են չտրամադրել հաշիվ ապրանքագրերը, մյուս կողմից այդ նույն չինովնիկներն իրենցից պահանջելու են փաստաթղթերը, իբր` իրենց իսկ բիզնեսները ստվերից հանելու համար: Եվ չստանալով դրանք` դրսում ասեղ-մկրատ ճառողներից սկսած, փոքր ու միջին առևտրի կետեր ունեցողներով վեջացրած` ենթարկելու են շարունակական ստուգանքների` այդ կերպ փորձելով լրացնել բյուջեի մուտքերի ապահովման հետ կապված բացը, որը պետք է լրացնեին իրենց ձեռնարկություններից գանձված հարկերի միջոցով: 

Եվ չորրորդ` որևէ խնդիր ՓՄՁ-ները չէին ունենա, եթե գոնե իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորություն ունենային, այսինքն նրանց մոտ արդարադատությանն ապավինելու չնչին հույս լիներ: Սակայն արդարադատությունը` իր բոլոր մակարդակներով, այս օլիգարխահեն և մոնոպոլիզացված համակարգի անքակտելի մասն է, դրա գոյության երաշխավորը փաստաբանական գրասենյակը, սպասարկուն: Թեև եթե երկրում արդարադատություն լիներ, ի սկզբանե ոչ օլիգապոլիաներ ու մոնոպոլիաներ կլինեին, ոչ էլ` բողոքի այս առիթը:    

ՓՄՁ-ներն իրականում հայտնվել են փակուղային վիճակում, որտեղ բոլոր կողմերից գտնվում են հարվածի տակ: Նրանք ստիպված են կամ դադարեցնել գործունեությունը և վերածվել շարքային սպառողների ու պոտենցիալ արտագաղթողների, կամ ամեն ինչ թողնել մի կողմ ու վերջին հույսով պահանջելով վերադառնալ խաղի հին ավելի «արդար» կանոնների: Իսկ արդար կանոնները ոչ թե բոլորի` օրինական դաշտում գործունեություն ծավալելն է, այլ իր չափով ստվերից օգտվելու իրավունքը կրկին իրեն վերադարձնելը: Իսկ սա արդեն զուտ տնտեսական համակարգի խնդիր չէ, այլ համատարած խեղված մտածողության` բոլոր ոլորտներում անխտիր: 

Մեկնաբանություններ (1)

մհո
Նկատենք որ ՓՄՁ-ները ձեւականորեն կարող են կիսվել - տրոհվել (ասենք վստահելի ազգակիցների միջեւ), այնպես որ 58 մլն-ի շեմքը չանցնեն ու վճարեն միայն 1%: Հետաքրքիր է, այս դեպքում ինչ օյին պիտի հնարեն? Իսկ ընդհանրապես անհեթեթ վարչարարություն է - լավ, իսկ ինչ տրամաբանությամբ խոշոր ու հաջողակ, ազնիվ գործարարը պիտի 3.5 անգամ ավելի վճարի ձախորդի ու անտաղանդի համեմատ? Երեւի նրա համար, որ փոքրերը հանկարծ չմտածեն խոշորանալ! Պատասխանը պարզ է իհարկե - որովհետեւ խոշորն ազնվորեն աշխատելու դեպքում չէր կարող խոշորանալ! Այսինքն ստեղծվել է աղտոտ ու անհասկանալի ճահճային վիճակ, որեւե տրամաբանական քաղաքականության փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter