HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «ԵՏՄ-ի կյանքը շատ կարճ է լինելու»

Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

Թույլ տնտեսությունների հաղթարշավ մեծ քաղաքական ամբիցիաներով, որի հեղինակը Պուտինն է

-Հոկտեմբերի 10-ին Մինսկում սպասվում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների ղեկավարների հանդիպումը: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կստորագրի՞ անդամակցության պայմանագիր: Կա՞ն նախադրյալներ դրա համար:

-Գիտեք, մենք շատ մտահոգ և շահագրգռված ենք, որ Սերժ Սարգսյանը ստորագրելու է այդ պայմանագիրը՝ մոռանալով, որ Հայաստանը հաստատապես չունի ո՛չ վճռորոշ ձայն, ո՛չ վճռորոշ դերակատարում և ո՛չ վճռորոշ գլոբալ ազդեցություն այդ պայմանագրի մեջ: Այսինքն՝ Հայաստանի մասնակցությունն այդ պայմանագրին, իհարկե, կարևոր է մեր պետության համար ազգային ինքնորոշման, ինքնագիտակցության տեսանկյունից, բայց այն մասով, թե Հայաստանն ինչ դերակատարում ունի տնտեսական ասպեկտով, կարող ենք համարել, մեղմ ասած, զրոյական:

Իսկ Հայաստանի դերակատարումը պայմանավորված է ռազմական ասպեկտով, որովհետև Ռուսաստանի՝ դեպի Հարավային Կովկաս ընդարձակման ամենահզոր հիմքը համարվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղադրումը մինչև 2044 թ.: Նմանօրինակ ձևով դա գնահատում են թե՛ արևմտյան, թե՛ ռուսական փորձագետները: Մենք հասկանում ենք, թե գեոպոլիտիկայի տեսանկյունից ինչով է թելադրված այս որոշման արագացումը՝ անկախ այն փաստից, որ ոչ տնտեսապես, ոչ դիվանագիտորեն, ոչ քաղաքականորեն այդ պայմանագիրը երկուստեք ձեռնտու չէ և՛ Հայաստանին, և՛ Եվրասիական տնտեսական միությանը: Տեղից էլ ԵՏՄ-ն բնութագրվում է որպես երեք թույլ տնտեսությունների միավորում, որոնց միանում է չորրորդ՝ ավելի թույլ տնտեսությունը՝ ստեղծելով թույլ տնտեսությունների հաղթարշավ մեծ քաղաքական ամբիցիաներով, որի հեղինակը Պուտինն է:

Ընդհանրապես, Պուտինի շատ բառեր սպրդում են հասարակության ուշադրությունից, որոնք պետք է ֆիքսել: Օրինակ, 2011 թ. նրան հարցրել են, թե արդյոք Ռուսաստանը կարելի է համարել իբրև կապող շուկա Արևմուտքի և Արևելքի միջև: Պուտինը պատասխանել էր, թե սխալ բնորոշում եք տալիս՝ կա Ռուսաստան, և կա Ռուսաստանից աջ և ձախ կողմերում գտնվող ինչ-որ բան: Իհարկե, այդ աշխարհաքաղաքական ամբիցիաները բացարձակ ջարդվում են ուկրաինական միտումներով և Ուրկրաինայի հանձնմամբ, որովհետև Ուկրաինան Ռուսաստանն ուզած-չուզած հանձնում է, և ավտոմատ թուլանում են նաև Բելառուսի դիրքերը, որովհետև Բելառուսն ավելի շատ շահագրգռված է լավ հարաբերություններ պահել Ուկրաինայի, քան Ռուսաստանի հետ: Լուշակենկոյի վերջին ճառից էլ ակնհայտ երևաց դա: Նա արեց 2 կարևոր հայտարարություն, ըստ որոնց՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ջատագովն է, և որ ԵՏՄ-ն չի համապատասխանում իրենց անկնկալիքներին:

Այսինքն՝ միանում ենք մի միության, որը միայն ունի ռազմաբազաների ընթերցման համատեքստ մեզ համար: Երբ կարդում ենք տնտեսական համատեքստը, միանգամից այնքան հարցեր են առաջանում, որ, մասնագետ չլինելով, զարմանում եմ, թե Հայաստանում շատ մարդիկ, ովքեր հավակնում են տնտեսագետ լինելուն, ինչու չեն բացում այս տնտեսական ալյանսի չակերտները:

Այդ պայմանագիրը տառ-տառ նայել եմ, և նույնիսկ իմ ոչ մասնագիտական աչքով հանդիպել եմ բազմաթիվ հակասությունների:

-Ի՞նչ հակասություններ են:

-Այդ բոլոր տարիֆների մաքսային վալյուտան մինչև 2025 թ. հաշվարկված է դոլարային կուրսով: Դա նշանակում է, որ այդ միության երեք պետություններից որևիցե մեկը հույս չունի սեփական վալյուտայի կայունության վրա: Եթե հիշում եք, երբ Եվրամիությունը ստեղծվում էր, եվրոն՝ որպես միասնական վալյուտա, փորձեցին վիճարկել, իսկ հետո հասկացան, որ առանց միասնական վալյուտայի հնարավոր չէ ունենալ տնտեսական միություն:

Ռուսաստանը Հայաստանում խաղում է բավականին անազնիվ կերպով

-Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չմիանա այդ միությանը:

-Քանի որ կարդում ենք տնտեսական միտում, իսկ ուղեղում թարգմանում ենք ռազմական միտում, պետք է հասկանանք, որ ճնշումները լինելու են ոչ թե տնտեսական, այլ ռազմական և իրավիճակի ապակայունացման միջոցով: Մենք քիչ ենք կարդում օտարերկրյա փորձագետների գնահատականներն այդ հարցի մասին, որովհետև եթե նայեք նույնիսկ 2014 թ. հաշվետվությունները, առաջին հերթին ֆիքսում են Ռուսաստանի միջամտությունը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործում: Այսինքն՝ դա Արևմուտքի համար լուրջ գործոն է: Դա հենց այն խաղադրույքն է, որով Ռուսաստանը խաղում է Հայաստանում, և խաղում է բավականին անազնիվ կերպով, ամեն վայրկյան պատրաստ է իրադրությունն ապակայունացնելու:

Պուտինը, փորձելով վախեցնել աշխարհին, փորձելով ստեղծել այլընտրանքային միություն, մեծ սխալ արեց՝ արագացնելով Ռուսաստանի անխուսափելի տնտեսական վախճանը: Մի բան ակնհայտ է՝ այս պարագայում շատ ճկուն լինելու խնդիր ունենք: Մեր ճկունությունն առայժմ թափանցիկության բացակայության մեջ է:

-Իսկ ինչո՞վ է Ռուսաստանն ապակայունացնելու իրավիճակը մեր տարածաշրջանում:

-Մենք ունենք շատ պերճախոս օրինակ, երբ Ռուսաստանի կողմից հատուկ ապակայունացվում էր սահմանային վիճակը արդեն պլանավորված Սոչիի հանդիպումից առաջ, որովհետև Պուտինը պետք է հանդես գար որպես փրկիչ: Երբ մեր ողջ դիվանագիտական կորպուսը լռում էր և խաղում էր Մոսկվայի խաղը, ունեցանք հերոսական բանակ, որը սցենարին հակառակ քայլեր արեց:

-Կարծո՞ւմ եք՝ Ռուսաստանն ապագայում էլի նման փորձեր կձեռնարկի՞:

-Միանշանակ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում:

-Բայց այսքանից հետո Հայաստանի մասով դրա կարիքն ունի՞:

-Դա արվում է Ադրբեջանին ԵՏՄ քաշելու համար:

-Լավ, որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը ԵՏՄ մտնելու նախաշեմին:

-Կարծում եմ՝ քայլերի ձեռնարկումներից մեկը, այնուամենայնիվ, Հայաստանում քիչ թե շատ կայանում է: Թե մենք, թե Բելառուսը, թե Ղազախաստանը չեն փչացնում հարաբերություններն Արևմուտքի հետ՝ բացի Ռուսաստանից: Արդեն բավականաչափ պերճախոս հանգամանք է, երբ ԵՏՄ-ին ընդառաջ Նազարբաևը գնում է Բրյուսել, Լուկաշենկոն հսկայական հարցազրույց է տալիս, իհարկե, Արևմուտքին շոյելու համար: Այս լիդերներն, իրենց թերություններով հանդերձ, սիրում են իրենց երկրների սուվերենությունը և պայքարում են դրա համար, չեն անում քայլեր, որոնք կործանարար կլինեն երկրի ինքնիշխանության համար: Մենք անում ենք: Բայց դա նաև պայմանավորված է ներքին օբյեկտիվ գործոններով՝ տնտեսական անկումային վիճակով, կոռուպցիոն հսկայական, արդեն անտանելի ռիսկերով, ռեսուրսների բացակայությամբ:

Ինքնիշխանության համար պայքարը, ցավոք, միշտ համարել ենք շքեղություն, պայքարել ենք գոյապահպանաման և այլնի համար, բայց արդյունքում երկուսն էլ կորցնում ես, եթե չես պայքարում ազատության համար: Դա քաղաքականության ոսկե օրենքն է:

Մենք ամենահլու-հնազանդ սուբյեկտն ենք այդ չկայացած միությունում

-Հայաստանում Գերմանիայի դեսպանն օրերս հայտարարեց, որ Մինսկի հանդիպումից հետո կհստակեցվեն Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները: Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանի «և՛... և՛» քաղաքականությունը տապալվեց:

-Այդ քաղաքականության տապալումը գլոբալ միտում է, որովհետև Ռուսաստանն է սրել ակցենտները, այսինքն՝ Ռուսաստանն է դրել «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» պոստուլատը՝ թույլ չտալով և ստիպելով, որ Եվրոպան գնա խստացման նույն ճանապարհով: Դրա համար գլոբալ քաղաքականությունը տապալվել է, բայց գոնե պետք է նայենք, թե ինչպես են իրենց պահում այդ նույն միության երկրները՝ Ղազախստանն ու Բելառուսը:

-Նայո՞ւմ ենք:

-Ցավոք, չենք նայում: Մենք ամենահլու-հնազանդ սուբյեկտն ենք այդ չկայացած միությունում: Երբ դա որակվում է որպես 3 թույլ տնտեսությունների միություն, ոչ մեկը Հայաստանը հաշվի չի առնում՝ որպես գործոն, բայց ռուսական ռազմաբազան հաշվի են առնում:

Ձևական մաքսակետն ամեն վայրկյան կարող է դառնալ պատժիչ զենք

-Փաստորեն, ԼՂՀ-ի և Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու անհրաժեշտություն է առաջացել...

-Եթե գործող մաքսակետ դրվի, Ղարաբաղ-Հայաստան ապրանքափոխանակումն էլ կատարվի սահմանված մաքսադրույքներով, մեծ խնդիր է լինելու, քանի որ եթե Հայաստանը քիչ թե շատ ունի այս վիճակից դուրս գալու հնարավորություն, ապա Ղարաբաղի համար դա ընդհանրապես փակուղի է: Կարծում եմ՝ վիճակը բավական լուրջ է, բայց ոչ ողբերգական: 

-Ձեր կարծիքով՝ ձևական մաքսակետի տարբերա՞կն է գործելու:

-Այո, բայց այդ ձևական մաքսակետն ամեն վայրկյան կարող է դառնալ պատժիչ զենք, հենց Հայաստանը դրսևորի անհնազանդության նշաններ: Նախևառաջ պետք է այնպես անել, որ այդ մաքսակետը չլինի: 

-Այս միությանը չանդամակցելու այլընտրանք ունեի՞նք:

-Ուկրաինական այլընտրանքը պետք է լիներ, որին Հայաստանը չէր դիմանա, որովհետև, ի տարբերություն Ուկրաինայի, մենք շատ ենք բզկտված: Բայց մեր դեպքում այլընտրանքն այլ տիպի է. ներսում առավելագույնը նվազեցնել այն բոլոր ռիսկերը, որոնք բերում են արտագաղթի, մարդկային հիասթափության, եթե դրանց էլ գումարվում են արտաքին ռիսկերը, շատ դաժան պատմություն ենք ունենում:

Ո՞նց է լինելու մեր մենաշնորհային օլիգարխների վիճակը: Իրենք երբևէ մտածե՞լ են, որ ԵՏՄ-ի շրջանակներում երբ իրենք մտնում են Ռուսաստանի տնտեսական թաթի տակ, նույն այդ Ռուսաստանը, հիմա փող չունենալով, կուլակաթափ է անում սեփական օլիգարխներին: Բա որ պրոցեսը գա հասնի Հայաստա՞ն:

-ԵՏՄ-ի կյանքը կա՞րճ է լինելու:

-Այո, շատ կարճ է լինելու: ԵՏՄ-ն ակնհայտորեն իր տնտեսական բոլոր պարամետրերով չի կայանալու: Եթե Ռուսաստանն ի զորու լիներ որևէ մեկին տնտեսապես գնել, ասենք, նույն Ուկրաինային, ապա կգներ: Ռուսաստանը չի կարող տնտեսապես ոչ սանկցիա կիրառել, ոչ էլ ճնշում կիրառել: Չունի այդ լծակները: Այդ դեպքում նրա վարմունքը կբերի իր քաղաքական դիվիդենտները կորցնելուն, և ներկա կլինենք իմպերիայի վերջնական դեզինտեգրացիային:

Մեր խնդիրն է մաքսիմալ պահել մեր պետությունը մինչև այն բախտորոշ պահը, երբ կողմնորոշվելու խնդիր կլինի: Բայց չեմ կարծում, թե դա մոտակա երկու տարվա հարց է: Այս երկու տարին ուրիշ հարցեր ունենք՝ Ղարաբաղ, արտագաղթ...

Լուս.՝ womennet.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter