HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Որտեղ կորցրեցինք մեր ազատությունը

Sometimes I feel like a motherless child
A long way from my home

Ռիչի Հեվանսի «Ազատություն» երգը դարձավ հիմն մարդու այն տեսակի համար, ով դրա ստեղծման տարիներին փորձում էր հասկանալ, թե ինչ է ազատությունը:

Չէ Գևարա, Ջիմի Հենդրիքս, Յուրայա Հիփ, Լեդ Զեփելին: Այդպես էր դրսևորվում ազատամտությունը, ում քրքրված տաբատի ու մաշված վերարկուի վրա նկարված ու գրված էին այդ անունները: Այդպիսին էին խորհրդանիշները վաթսունականների վերջի խռովարար երիտասարդի համար ամենուր՝ Նյու Յորքից մինչ Ջեզկազգան, անկախ տեղից: Բունտը առկա արժեհամակարգերի դեմ էր: Վաթսունականների երիտասարդական շարժումները կուսակցականացված և առաջնորդվող չէին: Հոգևոր ինչ-որ առաջնորդներ կային անշուշտ, բայց ոչ դրոշակավորված: Ազատությունն ու դրա մասին պատկերացումը վաթսունականի շարժում ապրող մարդու համար ոչ դասակարգային էր, ոչ էլ սիստեմավորված:

Կորչեն համակարգերը:

Սա էր շարժում ապրող մարդու կարգախոսը: 

...

Հիմա այլ է: Մեզ մոտ այլ է, համենայնդեպս: Կուսակցականացված են արդի բոլոր շարժումները: Դժբախտություն է տեսնում այս նոր խորհրդարանական քառյակի կողմից ձեռնարկված շարժման մասնակիցն այն բանի մեջ, որ քառյակը դարձավ եռյակ: Այ քեզ տխրություն: Ընդհանրապես կուսակցություններ պետք չեն:

Կորչեն կուսակցությունները:

Սա պետք է լինի ազատ մարդու կարգախոսը: Եթե ռեժիմին դեմ գնացող կուսակցականացված ինչ-որ մեկին չի բավարարում այս կարգախոսը, ապա ազատ մտածող մարդուն էլ չի բավարարում բիոլոգիական զանգվածի վերածված համակարգային այդ ստրուկի կարգախոսը: Ուր նայում ես, կուսակցական գրասենյակներ ու կուսակցական դրոշներ են: Չեմ կարծում, թե շարժում ապրող որևէ մարդ կմիանա հոկտեմբերյան այս նոր թյուրիմացությանը, թեկուզ այն պարզ պատճառով, որ տասներկու պահանջներից ոչ մի կետում նույնիսկ հիշատակված չէ ազատություն բառը: Չեն հասկացել, թե ազատությունն ինչով են ուտում, երևի:

Ազատությունը երգի մեջ, ազատությունը ստեղծագործության մեջ կատարողի, արարողի ներքնակերպի էքստերիորիզացիան է: Մարդը հանդես է բերում կամք ազատության իր բագաժի չափով: Որևէ համատեղ քայլ կարող են անել միայն ներքին ազատությունը գտած մարդիկ: Կենսական կարևոր արժեքների բացահայտման ու նվաճման հույսով են մարդիկ ճանապարհ ընկնում միասին: Այս նոր շարժման առաջնորդները, դատելով առաջադրված անբովանդակ տասներկու պահանջներից, քաղաքացու ազատագրման, նրա վիճակի բարելավման առումով որակապես նոր բան չեն առաջարկում: Հոգնած ու կրկնվող բան կա այս նոր շարժման մեջ: Գաղջ ու տտիպ տրամադրվածություն է ի սկզբանե: Ըմբոստության, կրքի նշույլ չկա մեռած այս ձեռնարկում: Տտիպ ու գաղջ է ամեն ինչը: Այդպիսին չի եղել վաթսունականների շարժում ապրող երիտասարդ հայ մարդը: Հաղորդակից էր Վուդստոկին, վուդստոկանման երևույթներին աշխարհում, երկաթե վարագույրի հետևից անգամ: Հիմա ինտերնետ կա, կա ծով ինֆորմացիա, ինչ անուն ուզես կես րոպեից աչքիդ առաջ է էկրանից: Բայց արի ու տես՝ իզուր: Սոցցանցերը հեղեղված են քաղքենի զրույցով ու կիսաֆաբրիկատ դատողություններով: Ներքին դատարկություն, հոգեզուրկ միջավայր: Մարդը մղվել է անկյուն` ջահելի մեջ: Փողը սպանել է մարդուն մարդու մեջ: Եվ այսօր դեպի կուսակցություններ երիտասարդին տանում է փողի ու պաշտոնի մարմաջը: Գաղափարը չի տանում, գաղափար էլ չկա, որ տանի: Առաջնորդին նմանվելու, նրա ձևի, դատարկ ֆուտլյարի կապկման խնդիր է ընդամենը, զուրկ բովանդակությունից, սնամեջ, կենսազուրկ:

...

Վուդստոկ փառատոնում երգող Ռիչի Հեվանսի շարժ ու վարքից երևում է, որ նա ապրում է ճիշտ նույն կենսակերպով, ինչ որ նրա ունկնդիրը: Ուսուցիչը պիտի լինի ազատ ու համոզիչ առաջին հերթին իր կենսակերպով: Նրա ներքինն ի նկատի ունեմ ամենաառաջին հերթին: Ձևով բան դուրս չի գա: Փողկապավոր կարիերիստների ու հաստադրամապանակավորների այս նոր շարժումը համոզիչ չէ և չունի մարդու ներքինն ազատությամբ հագեցնելու խնդիր: Եռյակի առաջնորդակազմը որակապես չի տարբերվում իշխանավորից: Նույն կոմուֆլյաժն է, նույն չինովնիկական անազատ մտածողությունը: Չեմ ասում՝ վուդստոկյան հիպիների նման մերկանանք ու դուրս գանք փողոց: Հիպիականության կոչ չէ իմ արածը: Այդ ձիրքը մեռել է մեր մեջ վաղուց: Տասը հազար դրամ ընտրակաշառքից ազատագրվենք գոնե: Մի քիչ խելառություն, մի քիչ անկարգություն, ջահելությանը հատուկ գոնե չնչին մի շեղում է պետք, ընդամենը: Ասեմ նաև, որ ազատությունը համընդհանուր չի լինում, այն լինում է նախ անձնական, լինում է միանձնյա, նոր հետո ազատ անհատների ռեզոնանասի արդյունքում այն վեր է ածվում ժողովրդականի: Եվ այդ ազատություն ասվածը ըմբռնելու, բացահայտելու համար շատ բան պետք չէ, ընդամենը պետք է լինել մի քիչ Ռիչի Հեվանս, ու պետք է մտածել նաև երբեմն. թե երբ ու որտեղ կորցրեցինք մեր ազատությունը:

Sometimes I feel like I’m almost gone
A long, long, long, way, way from my home

Freedom

Freedom

Freedom

Լուս.՝ www.nytimes.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter