HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը. Սերժ Սարգսյանի ելույթը

Քիչ առաջ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու  մասին պայմանագիրը: Վերջինս հանդես է եկել նաեւ ելույթով, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին տասնամյակում արդեն բարի ավանդույթ է դարձել Բելառուսում մեր երկրների համար կարևոր որոշումների կայացում: Մինսկի ներկայիս գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, բացառություն չդարձավ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Լուկաշենկոյին՝ այսօրվա գագաթնաժողովների աշխատանքները հիանալի կազմակերպելու և հյուրընկալության համար:

Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին: Շնորհավորում եմ Եվրասիական միություն ձևավորած պետություններին՝ այդ սահմանագիծ դուրս գալու կապակցությամբ:

Հուսով եմ, այս օրը կնշանավորվի նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վրա մեր համատեղ աշխատանքի ավարտով: Համոզված եմ, որ այդ պատմական փաստաթղթի ստորագրումը եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը կլինի:

Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:

Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետության ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին և փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար:

Որոշումը, որը հիմք դրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիիրավ մասնակցությանը, մեր կողմից ընդունվեց՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում ենք որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձևաչափ:

Իհարկե, Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի՝ դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձևավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Մենք համոզված ենք, որ Միությունն ունի հսկայական չիրացված ներուժ աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման համար:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունը՝ հիմնվելով համընդհանուր և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա, բաց բնույթ է կրում և ենթադրում է լիարժեք ու իրավահավասար համագործակցություն այլ ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ:

Համաշխարհային փորձը վկայում է, որ միավորվելով տնտեսական ինտեգրացիոն կազմավորումների ձևաչափում ՝ զարգացող երկրները կարող են զարգացման և մրցունակության բարձրացման ավելի մեծ տեմպեր գրանցել, եթե, իհարկե, բոլոր մասնակիցների ներուժը և առավելությունները ճիշտ օգտագործվեն: Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանը՝ հիմնվելով սեփական փորձի և մրցունակության առավելությունների վրա, այդ թվում՝ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների շարունակման միջոցով, իր լուման ներդնի եվրասիական տարածքի ամրապնդման գործում:

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք դրանում և պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված նպատակների իրականցման ուղղությամբ սերտ փոխգործակցության:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կոպտագույն քաղաքական սխալ ու սև էջ Հայաստանի պատմության մեջ: Հայի «բարեկամ» ռուսի նպատակը Արցախը խլելն է: Այս աթոռապաշտ ու ռուսավասալ իշխանությունները մի օր կանգնելու է հայ ժողովրդի դատաստանի առաջ: Լավ լուրն այն է,որ պուտինյան/սովետահոտ Ռուսաստանի փլուզումը հեռու չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter