HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Metallica. ուրիշ ոչինչ էլ կարևոր չէ

Նաիրա Հայարպետյան

1992թ. ամերիկյան հայտնի «Metallica» խումբը թողարկեց իր երրորդ սինգլը համանուն՝ «Metallica» ալբոմից: «Nothing else matters». այսպես էր կոչվում երգը, որը մինչ օրս խմբի պատմության մեջ համարվում է աշխարհում ամենահայտնի և լավագույն երգերից մեկը: Այն ծնվեց պատահաբար, կարելի է ասել ինքն իրեն, երբ խմբի վոկալիստ և կիթառահար Ջեյմս Հեթֆիլդը հեռախոսով զրուցում էր ընկերուհու հետ: Ոչ մեղեդին և ոչ էլ բառերը երաժշտի մտքում միանգամից չհնչեցին, ինչպես երբեմն լինում է: Նա համերգային շրջագայության մեջ էր. տնից ու սիրելիից շատ հեռու և այդ պահին, երբ նրանք զրուցում էին, Հեթֆիլդը՝ մի ձեռքում հեռախոսի լսափողը, մյուսում կիթառը, զուգահեռ նոտաներ էր հնչեցնում: Զրույցի ընթացքն ու փոխանցած զգացողություններն աննկատ սահում էին կիթառի լարերի վրայով: Քիչ անց, թեկուզ մեկ ձեռքով, նրանք նվագեցին խմբի ապագա երգը՝ լավագույններից մեկը ոչ միայն նրանց երգացանկում, այլև ռոք բալլադային ստեղծագործություններում:

«Ինձ համար սա ինքնաբացահայտման և սեփական անձիդ հանդեպ անկեղծության իսկական վկայությունն է ,- ասում է Ջ. Հեթֆիլդը,- համարձակվել ամբողջությամբ բացել սիրտդ՝ հաշվի առնելով, որ այդ արկածախնդրությունը միաժամանակ վտանգավոր է. չէ՞ որ կամ ինչ-որ մեկը կարող է մեխեր խրելով քայլել սրտիդ վրայով, կամ էլ՝ իր սիրտը դնել քոնի կողքին: Իսկ դու երբեք նախապես չես իմանա դրա մասին, քանի դեռ չես փորձել: Իմ կարծիքով՝ սա ամրապնդեց այն համոզմունքը, որ մենք ճիշտ գործ ենք անում. ստեղծագործել սրտի խորքից, այնպես, ինչպես զգում ես և միայն այդ դեպքում դու երբեք չես սխալվի»:

Սկզբում նա երգը նույնիսկ մտադիր էլ չէր ցույց տալ ընկերներին, նվագել նրանց համար: Հարցազրույցներից մեկում Հեթֆիլդը մեկնաբանում է, որ այն ժամանակ նա «Metallica» -ի ողջ էությունը տեսնում էր այնտեղ, որտեղ խմբի չորս անդամներն էին. իսկ նրանք երաժշտության ռիթմին համընթաց թափահարվող գլուխների բազմության մեջ էին՝ ինչ-որ բաներ քանդելու, փշրելու և ոչնչացնելու մասին երգերով: Երգեր կյանքի ըմբոստ, գորշ և երբեմն ագրեսիվ անկյուններից, ոչ թե ծտերի և արագասլաց ավտոմեքենաների մասին, չնայած՝ հենց սրանցով էր հետաքրքրված նրանցից յուրաքանչյուրը: Եվ ահա այս մեկը՝ աղջկադ՝ սիրելիիդ մասին, ինչպե՞ս կարող էր այն տեղավորվել այս պատմության մեջ:

Պարզվեց՝ կարող է, և ի զարմանս երգչի՝ տեղավորվեց շատ հաջող առաքելությամբ: Այս լեգենդար հայտնության համար երաժշտասերները շնորհակալ պետք է լինեն նախ՝ խմբի թմբկահար Լարս Ուլրիխին, քանի որ հենց նա, երգը առաջին անգամ լսելուն պես, որոշեց, որ այն անպայման պետք է ներգրավվի ալբոմում: 1990թ. օգոստոսի 13-ին Ուլրիխի տանը՝ սեփական ստուդիայում, ձայնագրվեց «Nothing else matters»-ի նախնական՝ դեմո տարբերակը, իսկ մեկ տարի անց թողարկվեց «Metallica» (կոչվում է նաև «The Black Album») ալբոմի կազմում: Հենց այս ալբոմով սկիզբ դրվեց խմբի աստղային կյանքին, համաշխարհային փառքն ու հաջողությունը, ինչպես նաև նախկին «trash metal»-ի գոնե մեկ աստիճանով մեղմությունը պայմանավորելով "Enter Sandman", "The Unforgiven", "Nothing Else Matters", "Wherever I May Roam" և "Sad but True" երգերի հաջողությամբ:

«Nothing else matters» (Մնացյալը կամ ուրիշ ոչինչ կարևոր չէ) խոսքը, ըստ Հեթֆիլդի, երկարուձիգ մի ճանապարհի մասին է. այն մասին, թե ինչպես կարող ես կարոտել սիրածդ աղջկան, ով քեզնից շատ հեռու է: «Ինչպես ասում են՝ աղջիկները գալիս և գնում են, բայց երգը կարող է շատ բան նշանակել տարբեր մարդկանց համար,-ասել է Հեթֆիլդը, - ամեն մեկը յուրովի է պատկերացնում սիրո իմաստը. ոմանց համար դա ընդամենը անկողինն է, մյուսների՝ պարզապես ցանկություն իրենց կողքին մեկն ու մեկին ունենալու, իսկ ինձ համար սերը հնարավորություն է մշտապես ինչ-որ մեկին վստահելու, մանավանդ այն ժամանակ, երբ դու ճանապարհին ես: Այնտեղ դու իրականում կարող ես կորսվել»: Այս երգը այն քչերից մեկն է, որտեղ կիթառի սոլոն նվագում է ոչ թե Քըրք Հեմեթը, այլ հենց Ջեյմս Հեթֆիլդը:

Իր հրապարակման օրվանից այլ երգիչների և երաժիշտների կողմից «Nothing else matters»-ը կատարվել է ավելի քան 40 անգամ: Այդ քավըր տարբերակներից ամենահայտնին, թերևս, ֆիննական « Apocalyptica» խմբինն է՝ թավջութակների և մեթալ երաժշտության երկխոսությամբ: 


«Nothing else matters»-ը շրջագայել է խմբի հետագա բոլոր համերգների ժամանակ, իսկ 1999թ. ամերիկացի դիրիժոր և կոմպոզիտոր Մայքլ Կամենը, սինթեզելով դասական երաժշտության հետ, ներկայացրեց երգի նոր մեկնաբանությունը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ նախագծում, ապա՝ համանուն «S&M» ալբոմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter