HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը պահանջատեր հասարակության կարիք ունի

2014թ. օգոստոսին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր հոկտեմբերի մեկից Ստեփանակերտում ներքաղաքայի տրանսպորտի ուղևորավարձը 70 դրամից 100 դարձնելու որոշման մասին: Սեպտեմբերի 24-ին և 25-ին բողոքի ակցիաներ էին կայացել Ստեփանակերտի քաղաքապետարանի, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ԼՂՀ կառավարության շենքի դիմաց: Բողոքի ակցիաներին արձագանքել են Ստեփանակերտի քաղաքապետը և Արցախի վարչապետը, առաջինն իջել է բողոքավորների մոտ, իսկ վարչապետն ընդունել է ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին: Արդյունքում 2015թ. հունվարի մեկից ԼՂՀ կառավարությունն ամբողջ հանրապետությունում տրանսպորտից օգտվող որոշակի խմբերի համար (ուսանողներ, հաշմանդամներ և այլն) զեղչերի հնարավորություն կստեղծի: Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջիններից մեկն արձագանքեց Ստեփանակերտում ուղևորավարձի թանկացմանը: Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ հարցազրույցը վերոնշյալ իրադարձությունների մասին է: 

-Պարոն Խանումյան, Ձեր գլխավորած կուսակցությունը օգոստոսից սկսել էր ուսումնասիրություն կատարել Ստեփանակերտում տրանսպորտի գների թանկացման առնչությամբ, ապա դրանց արդյունքների հրապարակումից հետո հանդես եկել թանկացման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելու նախաձեռնությամբ:  Գո՞հ եք ակցիաների արդյունքներից:

-Երբ 2014թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է ուղևորավարձը դարձնել 70-ից 100 դրամ, մենք կատարեցինք ուսումնասիրություն՝ պարզելու համար ոլորտի վիճակը, լսելու շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև անցկացրինք սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու թանկացման նկատմամբ Ստեփանակերտի ուղևորների վերաբերմունքը: Ուղևորների 79 տոկոսը նշել էր, որ թանկացումն էական ազդեցություն կարող է ունենալ իրենց ընտանեկան բյուջեի վրա, իսկ 54 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել թանակցման դեմ բողոքի ակցիաների, եթե դրանք կազմակերպվեն: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարեց բողոքի ակցիաներ կազմակերպելու ցանկության մասին, սակայն, ի ուրախություն մեզ, կուսակցությունից անկախ առաջացավ  «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը, որն էլ կազմակերպեց բողոքի ակցիաները: Մեզ մնում էր ընդամենն աջակցել այս նախաձեռնությանը:

-Սեպտեմբերի վերջին Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիաները շատերը համարում են աննախադեպ երևույթ Արցախի համար: Արդյո՞ք այդքան արտասովոր է բողոքի ակցիաների կազմակերպումը:

-Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, քանզի Արցախում հասարակությունը հազվադեպ է ընտրում հրապարակային բողոքի տարբերակը: Չնայած դրան, նույնիսկ մի քանի տասնյակ հոգանոց ակցիաներն արդյունքներ ունենում են, ինչպես այս ակցիաների դեպքում: Պետք է նշել նաև, որ Արցախում իշխանություններն ավելի հակված են լսելու հասարակության կարծիքը, քան Երևանում: Ավելին, Արցախի իշխանությունները, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, լեգիտիմ են: Միակ խնդիրն այն է, որ հասարակությունն այստեղ քիչ է լսելի դարձնում իր ձայնը:

-Թանկացումը տեղի ունեցավ, իսկ կառավարությունը հայտնեց, որ հունվարի մեկից որոշ խմբերի, այդ թվում ուսանողությանը զեղչեր կտրամադրվեն տրանսպորտից օգտվելու համար: Արդյո՞ք սա էր բողոքի ակցիաների հիմնական արդյունքը:

-Ուղևորավարձի թանկացումն իշխանությունները պատճառաբանում են տրանսպորտի վնասով աշխատելու հանգամանքով: 100 դրամ դարձնելու դեպքում հնարավոր կլինի խնայել տարեկան 100 միլիոն դրամ սուբսիդավորման գումարը: Մյուս կողմից բնակիչները բողոքում են, որ հավելյալ 30 դրամ վճարելով, իրենց ընտանեկան բյուջեների վրա ծանրություն կլինի: Ես կարծում եմ, որ եթե երեք տարի առաջ բողոքի ակցիաներ լինեին, ապա այսօր թե՛ այդ հարյուր միլիոն դրամը կգտնվեր, թե՛ հավելյալ երեսուն դրամը: Ասածս այն է, որ եթե հասարակությունը պահանջատեր լինի, ապա պետական բյուջեն ավելի ճիշտ կծախսվի և միշտ էլ հնարավոր կլինի գումարներ գտնել սոցիալական ուղղությունների համար: Եթե հասարակությունը պահանջատեր լինի, ապա չենք ունենա այն ծանր տնտեսական վիճակը, որ այսօր կա Արցախում, և բնակիչներն էլ թանկ ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենան: Բողոքի ակցիաները չնայած չեն հասել իրենց հիմնական արդյունքին՝ ուղևորավարձը նույնը թողնելուն, սակայն որոշակի խմբերի համար զեղչերի հնարավորություն են ստեղծել: Սա ևս արդյունք է, որ պետք է գնահատել:

-Այսինքն համարում եք, որ Արցախում գոյություն չունի՞ պահանջատեր հասարակություն:

-Արցախում լուրջ խնդիր կա հասարակական ինքնակազմակերպման տեսնակյունից: Քաղաքացիական հասարակության, հասարակության կողմից իշխանությունների վերահսկողության և այլ կարևոր գաղափարների շուրջ կան թյուր կարծիքներ: Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում հասկանալ քաղաքացիական հասարակության դերը: Կրթության ցածր մակարդակը, դեռևս գերիշխող խորհրդային մտածելակերպը հասարակությանը թույլ չի տալիս ստեղծել այն մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն երկրի կառավարումը, կնպաստեն տնտեսության զարգացմանը, ավելի ուժեղ կդարձնեն արցախյան հասարակությունը և Արցախ պետությունը: Սրանք խնդիրներ են, որոնք նաև մեր կուսակցության ուշադրության կենտրոնում են և որոնց լուծման ուղղությամբ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում:

Հարցազրույցը վարեց Լ.Հակոբյանը

Մեկնաբանություններ (2)

Թամարա Աբրահամյան
Պարոնայք ես խորհրդային միության ժամանակներից սերված մարդ եմ և միշտ մնում եմ զարմացած, երբ այդ ժամանակներին են վերագրվում մարդկային մբոլոր արատավոր սովորությունները, մասնավորապես իներտությունն ու հարմարվողականությունը: Ես դրա հետ բնավ համամիտ չեմ, որովհետև իմ կյանքի վերջին 20 տարին ես վարում եմ ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն: Եվ պետք է ասեմ, որ դա խորհրդային միության դաստիարակության և փորձի արդյունք է, թևպետ ունեցել եմ կուլակաթափ եղածտատիկ, պապիկ, աքսորված ու գնդակահարված ազգականներ, ինքս ստցել եմ կարգապահական նկատողություններ: Այդուհանդերձ քաղաքացիական ակտիվության և կազմակերպական ողջ փորձառությունս հենց այդ տարիներից է: Ինձ համար հասարակական ակտիվության և հանրային համախմբման գերազանց օրինակ են տիկի Ջեմա Հասրաթյանը, Կարինե Դանիելյանը, որոնք խորհրդային ժամանակների կառկառուն ներկայացուցիչներ են: Պարզապես կրթեք առաջնորդներ` բանիմաց և կազմակերպական հմտություններով երիտասարդություն և կունենանք պահանջատեր քաղաքացի և քաղաքացիական հասարակություն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ճիշտ նույն իրավիճակն է Սյունիքում (Հայաստանի մյուս մարզերի անցուդարձին այդքան ծանոթ չեմ): Ես այնքան էի զարմացել. ուրեմն մի 2-3 ամիս առաջ էլ Կապանում էին ուզում 100 դրամ սարքել. ընդամե՛նը 10-15 դպրոցական աշակերտ դուրս եկավ փողոց ու արդե՛ն (որոշակի) արդյունքի հասան: Ճիշտ է՝ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը ջլատեց երեխաների պայքարը,բայց որոշ արդյունք, այնուամենայնիվ,ունեցան: Չբողոքելը/չպայքարելը սովետից մնացած բարք է: Սովետի ժամանակ ամե՛ ն ինչ «վերևից» էր կարգավորվում/հրահանգվում: Մարդիկ պիտի սովորեն պայքարել իրենց իրավունքների համար. սա՛ է հայրենասիրությունը: Արցախում չպիտի մտածեն,որ եթե դուրս գան պայքարի,ապա Արցախի ներքին իրավիճակը «կապակայունանա», որից «թշնամին կօգտվի ու կհարձակվի, և նման բաներ...»: Սրանք սուտ բաներ են. անտարբերությու՛նն է ամենամեծ թշնամին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter