HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԼՂՀ-ն պետք է փակի սահմանը ԵԽԽՎ զեկուցողի առջև»

«Հետքի» հարցերին պատասխանում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք) 

-ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունն այդպես էլ չկարողացավ կանխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի պատրաստման որոշման ընդունումը: Արդյունքում անգլիացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերին, ով հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցմամբ, հանձնարարվել է առաջիկա 1,5 տարիներին այցելել Ղարաբաղ՝ զեկույցը կազմելու նպատակով: Ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը ձախողվեց:

-Նախ` Ադրբեջանի լոբբիստական աշխատանքն ամբողջ աշխարհում հասել է աննախադեպ բարձունքների: Դա Հայաստանում գավառամտորեն անվանում են «խավիարային դիվանագիտություն»: Խավիարն այդ դիվանագիտության միայն ռեստորանային մասին է վերաբերում, մնացածը ռազմավարական քաղաքականություն է: Լոբբիստական հզոր գործունեություն են ծավալում նաև Քաթարը, Էմիրությունները, Նոր Զելանդիան, Բահամյան կղզիները և անգամ Նորվեգիան: Ադրբեջանն այդ ցանկում առաջնային տեղ զբաղեցնողներից է այսօր: Դա, ինչպես ասացի, նախ իմաստուն ռազմավարության դրսևորում է, որն աջակցվում է ֆինանսական հզոր միջամտությամբ: Լոբբիստները համաշխարհային մայրաքաղաքներում փաստացի կաշառքների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում և դրանք ավելորդ փողեր չեն, որ ուղղվում են անհասցե հասցեատերերի: Կոնկրետ կազմակերպություններ և անձինք ստանում են ադրբեջանական այդ «աջակցությունը» և արդյունք ապահովում այդ նույն մայրաքաղաքներում: Ստրասբուրգը Եվրոպայի խորհրդի «մայրաքաղաքն» է, և այնտեղ Ադրբեջանը հսկայական «ներդրումներ» է կատարում: Տեղյակ եմ, որ այս հարցում լոբբիստները հսկայական ջանքեր են գործադրել հակահայ զեկույց օրակարգ մտցնելու հարցում: Հայկական իրականության պարագայում դա կանխելը գրեթե անհնար էր:

Ինչ վերաբերում է հարցի այլ մանրամասներին, ապա որքան ինձ հայտնի է և հայտնի է եվրոպացի խորհրդարանականների հետ ունեցած իմ մասնավոր զրույցից, հայաստանյան պատվիրակության ձախողումը կարող էր և այդ չափերի չլինել, թեև հիմնականում Ադրբեջանի հուժկու լոբբինգի արդյունքում զեկույցի պատրաստումից դժվար թե հաջողվեր խուսափել: Տեղյակ եմ, որ հայաստանյան պատվիրակության որոշ առավել ակտիվ անդամներ դա ընկալել են որպես անձնական ողբերգություն, որը, կանխելը, ցավոք, իրենց ուժերից վեր է եղել: Ըստ եվրոպացի խորհրդարանականների` պատվիրակության ղեկավարի մարտավարությունը տապալվել է, և անձնական մի քանի սայթաքումներն են հանգեցրել այն արդյունքին, որը կա: Իմ խորին համոզմամբ` տիկին Նաղդալյանը, որ, անշուշտ, լավագույն մղումներով է իր երկիրը ներկայացնում ԵԽԽՎ-ում, պետք է ԵԽԽՎ-ում ռուսերեն խոսելու սովորությունից վաղուց հրաժարվեր, իր ճառերը կազմեր կարճ և լակոնիկ և այս ընթացքում սկսեր ընկալել արևմտյան քաղաքակրթության մենթալիտետի առանձնահատկությունները, հատկապես պառլամենտական միջավայրում ելույթ ունենալու մշակույթը: Այդ ամենի անհարմար համընկնումն էլ, ըստ եվրոպացի խորհրդարանականների, դահլիճում առաջացրել է մի աննախադեպ իրարանցում և հանգեցրել տխուր արդյունքի:  

-ԵԽԽՎ-ում  Հայաստանի պատվիրակության ձախողումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի միջազգային վարկի վրա: Համաձա՞յն եք ընդդիմության այն գնահատականի հետ, որ սրանով Հայաստանի վարկանիշն իջավ ռեկորդային ցածր մակարդակի:

-Գիտեք, ընդհանրապես, եթե անկեղծ խոսենք, Հայաստանի միջազգային վարկը չի որոշվում ոչ ԵԽԽՎ-ում և ոչ էլ անգամ ԵԽ-ում: Այդ վարկը ձևավորվում է առավել հիմնավոր և առավել երկարատև աշխատանքի արդյունքում: Իսկ ավելի ճիշտ` այն արդյունք է երկրի էության արտաքին ընկալման: Եվ հետո` երկրի վարկով հետաքրքվելն այնքան էլ առաջնային չպետք է լինի իրական քաղաքականության աշխարհում: Դժվար է առավել վատ համբավ վայելող պետություններ նշել, քան, ասենք, Սաուդյան Արաբիան է, Քաթարը, Անգոլան, կամ, ասենք, հենց նույն Թուրքիան և Ադրբեջանը: Սակայն դա չի խանգարում այդ երկրներին վայելել միջազգային ծանրակշիռ աջակցություն և նույն այդ վարկի անհերքելի անտեսում: Պետք է ուժեղ լինել և հետապնդել սեփական շահերը: Այդ պարագայում միայն երկիրը հարգանք կվայելի և միջազգային հրապարակում կունենա ազդեցիկ խաղահրապարակ:

-Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը չի համագործակցելու զեկուցողի հետ: Արդյո՞ք նման բոյկոտն արդարացված  է:

-Այո, այն արդյունքով, որն արձանագրվել է` թերևս, այո: Ըստ որոշ` ինձ հավաստի թվացող տեղեկությունների` ընտրված զեկուցողը կասկածելի շահեր ունի Ադրբեջանում և կասկածելի հարաբերություններ այդ երկրի հետ: Ծանրակշիռ խոսակցություններ կան, որ նա Ադրբեջանի ծպտյալ լոբբիստն է Ստրասբուրգում: Այլ խնդիր է, որ կարելի էր և հնարավոր էր հասնել նման թեկնածուի չհաստատմանը, սակայն առկա ոչ բարենպաստ արդյունքի պարագայում դա Հայաստանի ճիշտ հայտարարությունն է: Այդուհանդերձ, կարծում եմ, սակայն, որ Հայաստանն, այնուամենայնիվ, թերևս կընդունի զեկուցողին, թեև ընդունելությունը չի կարող ջերմ կամ համագործակցային լինել: Այլ խնդիր է ԼՂՀ-ն:

-ԼՂՀ  իշխանություններն արդյո՞ք պետք է համագործակցեն Վոլտերի հետ՝ իրական պատկերը ցույց տալու նպատակով, թե՞ պետք է բոյկոտեն:

-Ոչ, ամենևին ոչ: Համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: ԼՂՀ-ն չի կարող և չպետք է համագործակցի: ԼՂՀ-ն ազատ է այդ անձին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու հարցում, և սահմանը պետք է փակվի նրա առջև: Չի կարելի նման` ի սկզբանե հակաարցախյան վերնագրով զեկույցի հեղինակին մուտք ապահովվել ԼՂ տարածք: Բացի դրանից` «իրական պատկերը ցույց տալու» մասին պատկերացումները հայկական անմիտ ասպետության ոլորտից են: Քեզ ատող, քեզ վնասել ցանկացող հակառակորդի հետ բարությամբ և արդարության հավատքով շփվելը միշտ էլ հանգեցրել է դաժան պարտությունների, որ մենք սքողել ենք բարեհունչ «բարոյական հաղթանակ» արտահայտությամբ: Անբարոյականներին դարձի բերելը եկեղեցու խնդիրն է, ոչ թե պետության: Պետությունը պարտավոր է կանխել անբարոյականությունը և ապահովել ռեալ հաղթանակներ: Իրական պատմությունը կերտվում է իրական հաղթանակների արդյունքում, իսկ բարոյական հաղթանակների բերկրանքը հաճախ կարելի է և հակառակոդին զիջել: 

Լուս.` Հ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter